YouVersion Logo
Search Icon

ԺՈՂՈՎՈՂ 2

2
1Սրտումս ասացի. «Արի քեզ ուրախության միջոցով փորձեմ, բարի՛ք վայելիր»։ Բայց ահա սա էլ էր ունայն։
2Ծիծաղի մասին ասացի. «Խենթ է», իսկ ուրախության մասին՝ «Ի՞նչ է արածը»։
3Մտքումս մտածեցի, որ մարմինս գինով զվարթացնեմ#2.3 Բռց. գինու մեջ քաշեմ։ և սիրտս իմաստությամբ առաջնորդելով՝ հիմարությունն ըմբռնեմ, մինչև որ տեսնեմ, թե մարդկանց որդիների համար ի՛նչն է բարին, որ անեն երկնքի տակ իրենց կյանքի սակավաթիվ օրերին։
4Ես մեծ գործեր կատարեցի. ինձ համար տներ կառուցեցի, ինձ համար այգիներ տնկեցի։
5Պարտեզներ և մրգաստաններ պատրաստեցի և նրանց մեջ ամեն տեսակ պտղաբեր ծառեր տնկեցի։
6Ինձ համար ջրավազաններ սարքեցի, որպեսզի նրանցից ոռոգվի աճող անտառը։
7Ստրուկներ և աղախիններ գնեցի, նաև իմ տանը ծնված ծառաներ ունեցա, շատ արջառներ և հոտեր ունեցա, ինձանից առաջ Երուսաղեմում եղածների մեջ ամենից ավելի։
8Ինձ համար արծաթ և ոսկի, թագավորների և գավառների գանձեր կուտակեցի, ինձ համար երգիչներ ու երգչուհիներ ձեռք բերեցի և մարդկանց որդիների զվարճությունները՝ բազմաթիվ հարճեր։#2.8 Կամ ամեն տեսակ շքեղություն։
9Մեծ եղա և գերազանցեցի ինձանից առաջ Երուսաղեմում եղած բոլորին. ահա իմաստությունս ինձ մոտ էր մնում։
10Եվ ամեն բան, աչքերիս բոլոր ցանկությունները, չարգելեցի նրանց, սիրտս չզրկեցի ոչ մի ուրախությունից, և սիրտս ուրախացավ իմ բոլոր աշխատանքներով։ Սա էր իմ վարձատրությունն իմ ամբողջ աշխատանքից։
11Եվ ես նայեցի իմ ձեռքերի արած բոլոր գործերին և դրանք կատարելիս՝ իմ տքնությանը։ Եվ ահա ամբողջն ունայն էր և քամու աշխատանք, և արեգակի տակ ոչ մի օգուտ չկար։
12Ապա դարձա իմաստությունը տեսնելու, նաև խենթությունն ու անխելքությունը։ Որովհետև ի՞նչ է անելու այն մարդը, որ թագավորից հետո է գալու. ինչ որ արդեն արվել է։
13Եվ ես տեսա, որ իմաստությունն ավելի օգտակար է անխելքությունից. ինչպես որ լույսն է ավելի օգտակար խավարից։
14Իմաստունի աչքերն իր գլխին են, իսկ անմիտը խավարի մեջ է քայլում։ Բայց ես հասկացա, որ նրանց բոլորի վախճանը մեկն է։
15Եվ ես իմ սրտում ասացի. «Ինչպես որ անմիտին է պատահում, ինձ էլ է պատահելու. ուրեմն ես ինչո՞ւ հույժ իմաստուն եղա»։ Եվ իմ սրտում ասացի. «Սա էլ է ունայն»։
16Որովհետև իմաստունի հիշատակը մշտակա չէ, ոչ էլ անմիտինը. գալիք օրերում բոլորն արդեն կմոռացվեն, և օ՜, ինչպե՞ս է մեռնում իմաստունը. անմիտի նման։
17Ու ես ատեցի կյանքը, որովհետև ինձ համար չար էին արևի տակ եղած գործերը, որովհետև ամեն ինչ ունայն է և քամուն հետապնդում։
18Եվ ես ատեցի արեգակի տակ արած ամբողջ աշխատանքս, որ թողնելու եմ ինձանից հետո եկող մարդու համար։
19Եվ ո՞վ գիտի՝ ինքն իմաստո՞ւն կլինի, թե՞ անխելք, սակայն նա տիրելու է ամբողջ աշխատանքին, որ կատարեցի և որի մեջ իմաստություն ցույց տվեցի արեգակի տակ. սա էլ է ունայնություն։
20Եվ ես ետ դարձա, որպեսզի սրտիս հույսը կտրեմ արեգակի տակ արած ամբողջ աշխատանքիցս։
21Որովհետև մարդ կա, որի աշխատանքն իմաստությամբ, գիտությամբ և հաջողությամբ է եղել, բայց այն իբրև բաժին տալու է դրա մեջ չաշխատած մարդուն։ Սա էլ է ունայնություն և մի մեծ չարիք։
22Որովհետև ի՞նչ է մնում մարդուն իր ամբողջ տաժանքից և իր մտատանջությունից, որ նա կատարեց արեգակի տակ։
23Որովհետև նրա բոլոր օրերը ցավալի են, և նրա գործերը՝ տաղտկալի, նրա միտքը գիշերն իսկ հանգիստ չէ. սա էլ է ունայնություն։
24Սրանից ավելի լավ բան չկա մարդու համար. որ ուտի և խմի ու իր աշխատանքով զվարթացնի իր սիրտը, բայց ես սա էլ տեսա, որ այդ բանն էլ Աստծու ձեռքով է լինում։
25Որովհետև առանց նրա ո՞վ կարող է ուտել և ո՞վ կարող է զվարճանալ։
26Որովհետև այն մարդուն, որ հաճելի է Աստծու առաջ, նա իմաստություն, գիտություն և ուրախություն է տալիս, իսկ մեղավորին զբաղմունք է տալիս, որ նա հավաքի և կուտակի ու տա Աստծու առաջ հաճելի եղողին։ Սա էլ է ունայն և քամուն հետապնդում։

Currently Selected:

ԺՈՂՈՎՈՂ 2: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy