YouVersion Logo
Search Icon

Բ ՕՐԵՆՔ 8

8
Լավ երկիր
1«Զգո՛ւյշ եղեք, որ գործադրեք այն բոլոր պատվիրանները, որ ես պատվիրում եմ ձեզ այսօր, որպեսզի ապրեք, բազմանաք և մտնեք ու ժառանգեք այն երկիրը, որ Տերը երդումով խոստացավ ձեր հայրերին։ 2Հիշի՛ր այն ամբողջ ճանապարհը, որով քո Տեր Աստվածը քառասուն տարի ման ածեց քեզ անապատում, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և իմանալու, թե ի՛նչ կա քո սրտում, և թե կպահե՞ս արդյոք նրա պատվիրանները, թե՞ ոչ։ 3Նա քեզ խոնարհեցրեց և քաղցած պահեց ու կերակրեց մանանայով, որին ո՛չ դու էիր ծանոթ և ո՛չ էլ քո հայրերը, որպեսզի քեզ հասկացնի, թե մարդը ոչ միայն հացով է ապրում, այլ մարդն ապրում է նաև այն ամեն խոսքով, որ դուրս է ելնում Տիրոջ բերանից։ 4Քո հագուստը չհնացավ քեզ վրա, և քո ոտքերը չուռեցին այս քառասուն տարում։
5Իմացի՛ր քո սրտում, որ ինչպես մարդը խրատում է իր որդուն, այնպես էլ քո Տեր Աստվածը խրատում է քեզ։ 6Ուրեմն կպահես քո Տեր Աստծու պատվիրանները, որպեսզի նրա ճանապարհներով գնաս և վախենաս նրանից, 7որովհետև քո Տեր Աստվածը քեզ տանում է մի լավ երկիր, մի առատ երկիր՝ դաշտերից և լեռներից բխող գետերով, աղբյուրներով և խոր ջրերով, 8մի երկիր՝ առատ ցորենով, գարիով, այգիներով, թզենիներով և նռնենիներով, յուղատու ձիթենիների ու մեղրի երկիր, 9մի երկիր, որտեղ չքավորության մեջ չես ուտի քո հացը և որտեղ ոչ մի բանի պակասություն չես ունենա, մի երկիր, որի քարերը երկաթ են, և որի լեռներից պղինձ կհանես։
10Երբ ուտես ու կշտանաս, կօրհնես քո Տեր Աստծուն այն լավ երկրում, որ նա կտա քեզ։
Զգուշացում Աստծուն մոռանալու դեմ
11Զգո՛ւյշ եղիր. չլինի թե մոռանաս քո Տեր Աստծուն ու չպահես նրա պատվիրանները, հրամաններն ու կանոնները, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ։ 12Չլինի թե ուտես ու կշտանաս, գեղեցիկ տներ կառուցես ու դրանց մեջ բնակվես, 13քո արջառներն ու հոտերը շատանան, քո արծաթն ու ոսկին շատանա, քո ունեցած ամեն ինչը շատանա, 14և հետո սիրտդ գոռոզանա, ու մոռանաս քո Տեր Աստծուն, որը քեզ դուրս բերեց եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից, 15քեզ առաջնորդեց այդ մեծ և ահարկու, խայթող օձերով ու կարիճներով լեցուն, չոր ու անջուր անապատի միջով և քեզ համար ապառաժ քարից ջուր բխեցրեց, 16որ անապատում քեզ կերակրեց քո հայրերին անծանոթ մանանայով, որպեսզի քեզ խոնարհեցնի քեզ փորձելու համար և վերջում բարիք անի քեզ։ 17Քո սրտում չասես. “Այս հարստությունը ես իմ կարողությամբ և իմ ձեռքի ուժով եմ վաստակել”, 18այլ հիշի՛ր քո Տեր Աստծուն, որովհետև նա է այդ հարստությունը ձեռք բերելու համար քեզ ուժ տվողը, որպեսզի հաստատի քո հայրերի հետ երդումով արած իր ուխտը, ինչպես այսօր։
19Եթե քո Տեր Աստծուն մոռանալով՝ գնաս ուրիշ աստվածների հետևից, դրանց պաշտես և դրանց երկրպագություն անես, ես այսօր վկայում եմ ձեզ, որ անպատճառ կկորչեք. 20այն ազգերի նման, որոնց Տերը կորստյան է մատնում ձեր առջևից, որովհետև ձեր Տեր Աստծու խոսքը չլսեցիք»։

Currently Selected:

Բ ՕՐԵՆՔ 8: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy