YouVersion Logo
Search Icon

ԴԱՆԻԵԼ 4

4
Նաբուգոդոնոսորի երկրորդ երազը
1Նաբուգոդոնոսոր թագավորը՝ բոլոր ժողովուրդներին, ազգերին և լեզուներին, որոնք բնակվում են երկրի վրա. «Թող շատանա ձեր խաղաղությունը։ 2Այն նշանները և հրաշքները, որ կատարեց ինձ համար Բարձրյալ Աստված, հաճելի է ինձ ասել ձեզ։ 3Նրա նշանները որքա՜ն մեծ են, և նրա հրաշքները որքա՜ն զորավոր են. նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է, և նրա իշխանությունը՝ սերնդից սերունդ։
4Ես՝ Նաբուգոդոնոսորս, իմ տանը հանգիստ էի և բարգավաճում էի իմ պալատում։ 5Երազ տեսա, որն ինձ վախեցրեց։ Խորհուրդներս անկողնում ու մտքիս տեսիլքներն ինձ խռովեցրին։ 6Եվ ես հրամայեցի, որ իմ առաջ բերեն Բաբելոնի բոլոր իմաստուններին, որպեսզի ինձ իմացնեն երազի մեկնությունը։ 7Այն ժամանակ եկան մոգերը, հմայողները, քաղդեաները և բախտագուշակները, և ես նրանց պատմեցի երազը, բայց նրանք ինձ չկարողացան իմացնել դրա մեկնությունը։ 8Եվ վերջապես իմ առաջ եկավ Դանիելը, որի անունն է Բաղդասասար՝ իմ աստծու անունով, և որի մեջ կա սուրբ աստվածների հոգին։ Ես նրան պատմեցի երազը. 9“Ո՛վ Բաղդասասար, մոգերի պե՛տ, որովհետև գիտեմ, որ սուրբ աստվածների հոգին կա քեզանում, և ոչ մի գաղտնիք քեզ դժվար չէ լուծել,#4.9 Բռց. չի շփոթեցնում։ ահա իմ տեսած երազի տեսիլքները. ասա՛ ինձ նրանց մեկնությունը”։
10Անկողնուս մեջ իմ գլխի տեսիլքներում տեսնում էի ահա մի ծառ երկրի մեջտեղում. նա շատ բարձր էր։ 11Այն ծառը մեծացավ ու զորացավ։ Նրա բարձրությունը հասավ մինչև երկինք, և նա տեսնվում էր երկրի բոլոր ծայրերից։ 12Նրա տերևները գեղեցիկ էին, պտուղները՝ առատ, ու նրա վրա ուտելիք կար բոլորի համար. նրա տակ դաշտի գազանները հովանի էին գտնում, նրա ճյուղերի վրա էին բնակվում երկնքի թռչունները, և նրանից էր կերակրվում ամեն մարմին։ 13Անկողնու մեջ իմ մտքի տեսիլքներում տեսա, որ ահա մի պահապան, մի սուրբ իջավ երկնքից։ 14Նա ուժգին գոչեց և այսպես ասաց. “Ծառը տապալե՛ք, ճյուղերը կտրատե՛ք, տերևները թոթափե՛ք և պտուղները ցիրուցա՛ն արեք. գազանները թող փախչեն նրա տակից, և թռչունները՝ նրա ճյուղերից։ 15Բայց նրա արմատների բունը հողի մե՛ջ թողեք, երկաթե ու պղնձե կապանքով՝ դաշտի խոտերի մեջ, և թող թրջվի երկնքի ցողով, և նրա բաժինը անասունների հետ լինի երկրի խոտերի մեջ։ 16Նրա մարդկային միտքը թող փոխվի, ու նրան անասունի միտք տրվի, և նրա վրայով յոթ ժամանակ թող անցնի։ 17Վճիռը հրամայվել է պահապաններից, և դատավճիռը հրահանգվել է սրբերի կողմից. որպեսզի ապրողներն իմանան, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է, ում որ ուզում է, և մարդկանցից ամենանվաստին է կարգում նրա վրա”։ 18Այս երազը տեսա ես՝ Նաբուգոդոնոսոր թագավորս, իսկ դու, Բաղդասասա՛ր, ասա՛ մեկնությունը, որովհետև իմ թագավորության բոլոր իմաստունները չկարողացան ինձ իմացնել մեկնությունը, իսկ դու կարող ես, որովհետև քեզանում սուրբ աստվածների հոգին կա»։
Դանիելը մեկնաբանում է երազը
19Այն ժամանակ Դանիելը, որի անունը Բաղդասասար էր, որոշ ժամանակ ահաբեկված մնաց, և նրա խորհուրդները նրան խռովեցին։ Թագավորն ասաց. «Ո՛վ Բաղդասասար, երազն ու մեկնությունը թող չխռովեն քեզ»։ Բաղդասասարը պատասխանեց և ասաց. «Ո՛վ տեր իմ, երազը քեզ ատողներին և նրա մեկնությունը քո թշնամիներին թող լինեն։ 20Այն ծառը, որ տեսել ես, թե մեծացավ ու զորացավ, և նրա բարձրությունը հասավ երկնքին, և այն տեսնվում էր ամբողջ երկրում, 21և որի տերևները գեղեցիկ էին, իսկ պտուղը՝ առատ, և ամենքի համար նրա վրա կերակուր կար. որի տակ բնակվում էին դաշտի գազանները, և որի ճյուղերի վրա էին մնում երկնքի թռչունները, 22այդ ծառը դու ես, ո՛վ թագավոր, որ մեծացար ու հզորացար, և քո մեծությունը բարձրացավ ու հասավ երկնքին, իսկ քո իշխանությունը՝ երկրի ծայրը։ 23Եվ թագավորը մի սուրբ պահապանի տեսավ երկնքից իջնելիս, որն ասաց. “Կտրե՛ք ծառը և կործանե՛ք այն, բայց նրա արմատի բունը թողե՛ք հողի մեջ, և երկաթե ու պղնձե կապերով, դաշտի խոտերի մեջ թող մնա և երկնքի ցողով թրջվի. նրա բաժինը դաշտի գազանների հետ թող լինի, մինչև որ յոթ ժամանակ անցնի նրա վրայով”։ 24Սա է մեկնությունը, ո՛վ թագավոր, և ահա Ամենաբարձրյալի վճիռը, որ հասել է իմ տեր թագավորին։ 25Եվ քեզ արտաքսելու են մարդկանց միջից, և դաշտի գազանների հետ պիտի լինի քո բնակությունը, և արջառների պես քեզ խոտ են ուտեցնելու, թրջվելու ես երկնքի ցողով, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև որ իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է։ 26Բայց երբ հրամայեց, թե ծառի արմատների բունը թող մնա, քո թագավորությունը քեզ համար պետք է հաստատվի, երբ գիտենաս, որ իշխողը Երկինքն է։ 27Ուստի, ո՛վ թագավոր, թող իմ խորհուրդը քեզ հաճելի երևա, և քո մեղքերն արդարությամբ քավի՛ր և քո անօրենությունները՝ աղքատներին ողորմելով. թերևս քո խաղաղությունը երկարացվի»։
28Այս ամենը պատահեց Նաբուգոդոնոսոր թագավորին։ 29Տասներկու ամսից հետո, երբ նա ճեմում էր թագավորական պալատով, որ Բաբելոնում է, 30թագավորն ասաց. «Սա չէ՞ այն մեծ Բաբելոնը, որ ես կառուցել եմ իմ ուժի կարողությամբ՝ որպես թագավորական տուն իմ մեծության փառահեղության համար»։ 31Խոսքը դեռ թագավորի բերանում էր, երբ երկնքից մի ձայն ընկավ. «Քեզ է ասվում, ո՛վ Նաբուգոդոնոսոր արքա, թագավորությունդ գնաց քեզնից։ 32Եվ քեզ պիտի արտաքսեն մարդկանց միջից, և դաշտի անասունների հետ պիտի լինի քո բնակությունը, և քեզ արջառների պես խոտ են ուտեցնելու, և յոթ ժամանակ է անցնելու քո վրայով, մինչև իմանաս, որ Ամենաբարձրյալն է տիրում մարդկանց թագավորության վրա և այն տալիս է նրան, ում որ ուզում է»։ 33Նույն ժամին այս խոսքը կատարվեց Նաբուգոդոնոսորի նկատմամբ. նա արտաքսվեց մարդկանց միջից, խոտ էր ուտում արջառների պես, և նրա մարմինը թրջվում էր երկնքի ցողով, մինչև նրա մազերը երկարեցին արծիվների փետուրների պես, իսկ եղունգները՝ թռչունների մագիլների նման։
Նաբուգոդոնոսորը փառաբանում է Տիրոջը
34«Եվ այն օրից հետո ես՝ Նաբուգոդոնոսորս, աչքերս դեպի երկինք բարձրացրի, իմ խելքն ինձ դարձավ, և Ամենաբարձրյալին օրհնաբանեցի, գովաբանեցի ու փառաբանեցի՝ հավիտյանս կենդանի եղողին, որի իշխանությունը հավիտենական իշխանություն է, և նրա թագավորությունը սերնդեսերունդ կմնա։ 35Եվ երկրի բոլոր բնակիչները ոչնչի պես են համարվում, և նա ըստ իր կամքի է անում երկնքի զորքի ու երկրի բնակիչների մեջ, և մեկը չկա, որ խփի նրա ձեռքին ու ասի նրան. “Ի՞նչ ես անում”։ 36Այդ ժամանակ խելքս ինձ դարձավ, և ինձ վերադարձան իմ թագավորության ու փառքի հետ իմ մեծավայելչությունն ու փառահեղությունը։ Իմ խորհրդականներն ու իմ մեծամեծները փնտրեցին ինձ, և ես վերահաստատվեցի իմ թագավորության վրա, ու առավել վեհություն տրվեց ինձ։
37Արդ ես՝ Նաբուգոդոնոսորս, գովաբանում, մեծարում և փառաբանում եմ երկնքի Թագավորին, որովհետև նրա բոլոր արարքները ճշմարիտ են, և նրա ճանապարհներն արդար են, և որը կարողանում է նսեմացնել հոխորտանքով ընթացողներին»։

Currently Selected:

ԴԱՆԻԵԼ 4: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy