YouVersion Logo
Search Icon

Գործք Առաքելոց 14

14
Քարոզչություն Իկոնիոնում
1Իկոնիոնում նրանք նույնպես միասին էին մտնում հրեաների ժողովարան և խոսում այնպես, որ հրեաների և հույների մի մեծ բազմություն հավատաց։ 2Բայց չհավատացող հրեաները հեթանոսների մտքերը գրգռեցին ու նրանց հոգիները եղբայրների դեմ չարացրին։ 3Նրանք բավական ժամանակ մնացին այնտեղ՝ համարձակ խոսելով Տիրոջ մասին, որ հաստատում էր իր փրկարար շնորհը՝ նրանց ձեռքով նշաններ ու հրաշքներ կատարելով։ 4Եվ քաղաքի բնակիչների մեջ երկպառակություն առաջացավ. ոմանք հրեաների կողմն էին, ոմանք՝ առաքյալների։ 5Երբ հեթանոսներն ու հրեաներն իրենց իշխանավորների հետ նրանց չարչարելու և քարկոծելու դիմեցին, 6նրանք, տեղեկացվելով, փախան լիկայոնացիների Լյուստրա և Դերբե քաղաքներն ու շրջակա գավառը։ 7Եվ այնտեղ ավետարանում էին։
Ի ծնե կաղի բժշկումը Լյուստրայում
8Լյուստրայում ոտքերից տկար մի մարդ կար նստած, որ ի ծնե կաղ էր ու երբեք չէր քայլել։ 9Նա լսեց Պողոսի խոսքերը։ Պողոսը, նայելով նրան ու տեսնելով, որ փրկվելու հավատ ունի, 10բարձրաձայն ասաց. «Ոտքերիդ վրա ուղի՛ղ կանգնիր»։ Նա վեր ցատկեց և քայլում էր։ 11Ժողովուրդը, տեսնելով այն, ինչ արեց Պողոսը, իր ձայնը բարձրացրեց ու լիկայոներեն ասաց. «Աստվածները մարդկանց կերպարանքով մեզ մոտ իջան»։ 12Եվ Բառնաբասին Դիոս էին կոչում, իսկ Պողոսին՝ Հերմես, որովհետև նա էր խոսքի առաջնորդը։ 13Իսկ Դիոսի քուրմը, որի տաճարը քաղաքից դուրս էր, ցուլեր և պսակներ բերելով քաղաքի դռների մոտ, ցանկանում էր բազմության հետ զոհ մատուցել։ 14Երբ Բառնաբաս ու Պողոս առաքյալները լսեցին, իրենց զգեստները պատառոտելով՝ ամբոխի մեջ նետվեցին՝ աղաղակելով 15և ասելով. «Մարդի՛կ, այդ ի՞նչ եք անում. մենք էլ ձեզ նման մահկանացուներ ենք, որ ձեզ ավետարանում ենք, որպեսզի այդպիսի ունայնություններից դառնաք դեպի կենդանի Աստվածը, որը ստեղծեց երկինքն ու երկիրը, ծովն ու այն ամենը, ինչ կա նրանց մեջ. 16նա անցյալում բոլոր հեթանոս ազգերին թույլ տվեց, որ իրենց ճանապարհներով գնան։ 17Թեև ինքն իրեն առանց վկայության չթողեց, այլ բարիք գործելով՝ երկնքից ձեզ անձրևներ ու պտղաբեր եղանակներ տվեց՝ լիացնելով կերակուրներով, և ձեր սրտերը՝ ուրախությամբ»։ 18Եվ այս ասելով՝ ժողովրդին հազիվ հանդարտեցրին, որ իրենց զոհ չմատուցեն։
19Ապա Անտիոքից ու Իկոնիոնից հրեաներ եկան, ժողովրդին համոզեցին և Պողոսին քարկոծելով քաղաքից դուրս քաշեցին ու կարծում էին, թե մեռել է։ 20Երբ աշակերտները շրջապատեցին նրան, վեր կացավ ու քաղաք մտավ։ Հաջորդ օրը նա Բառնաբասի հետ ելավ գնաց Դերբե։
Առաքելության վախճանը
21Այդ քաղաքում ևս ավետարանելուց և շատերին աշակերտ դարձնելուց հետո վերադարձան Լյուստրա, Իկոնիոն ու Անտիոք։ 22Նրանք, աշակերտների սրտերն ամրացնելով, խնդրում էին, որ շարունակեն հավատի մեջ հաստատուն մնալ. «Մենք բազում նեղությունների միջով պետք է մտնենք Աստծու արքայություն»։ 23Նրանց յուրաքանչյուր եկեղեցում երեցներ ձեռնադրեցին, աղոթեցին պահեցողությամբ ու նրանց հանձնեցին Տիրոջը, որին հավատացել էին։ 24Այնուհետև շրջելով Պիսիդիայով՝ եկան Պամփյուլիա։ 25Պերգեում Տիրոջ խոսքը քարոզելուց հետո իջան Ատալիա։ 26Այնտեղից նավարկեցին դեպի Անտիոք, որտեղից տրվել էին Աստծու շնորհին իրենց կատարած գործի համար։ 27Երբ նրանք եկան և հավաքեցին եկեղեցին, պատմեցին, թե Աստված իրենց հետ ինչե՛ր արեց և որ հեթանոսների համար հավատի դուռը բացեց։ 28Եվ երկար ժամանակ աշակերտների հետ այնտեղ մնացին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy