YouVersion Logo
Search Icon

Գործք Առաքելոց 13

13
1Անտիոքի եկեղեցում կային մի քանի մարգարեներ և ուսուցիչներ՝ Բառնաբասն ու Շմավոնը, որ Նիգեր էր կոչվում, Ղուկիոս Կյուրենացին, Մանայենը՝ Հերովդես չորրորդապետի ընկերը, և Սողոսը։ 2Երբ նրանք Տիրոջը պաշտամունք էին մատուցում և ծոմ էին պահում, Սուրբ Հոգին ասաց. «Առանձնացրե՛ք ինձ համար Բառնաբասին ու Սողոսին այն գործի համար, որին ես կանչել եմ նրանց»։ 3Այդ ժամանակ ծոմ պահելով ու աղոթելով՝ նրանց վրա ձեռք դրեցին և ուղարկեցին։
Առաքյալների քարոզչությունը Կիպրոսում
4Նրանք, Սուրբ Հոգուց ուղարկված, Սելևկիա իջան և այնտեղից նավարկեցին դեպի Կիպրոս։ 5Սաղամինա հասնելով՝ հրեաների ժողովարաններում Աստծու խոսքն էին քարոզում. Հովհաննեսը նրանց օգնականն էր։ 6Շրջելով ամբողջ կղզին մինչև Պափոս՝ գտան մի մոգի՝ Բարիհեսու անունով հրեա սուտ մարգարեին։ 7Նա ընկերն էր հյուպատոս Սերգիոս Պողոսի, որն իմաստուն մարդ էր։ Սերգիոսը, Բառնաբասին ու Սողոսին իր մոտ կանչելով, ուզում էր լսել Աստծու խոսքը։ 8Բայց Եղիմաս մոգը (որովհետև նրա անունն այսպես է թարգմանվում) նրանց դեմ կանգնեց՝ ցանկանալով հավատից շեղել հյուպատոսին։ 9Սակայն Սողոսը, որ Պողոսն է, Սուրբ Հոգով լցված, նայեց նրան 10և ասաց. «Ո՛վ դու, ամեն նենգությամբ ու խորամանկությամբ լցված սատանայի՛ որդի, թշնամի՛ ամեն արդարության, չե՞ս դադարելու Տիրոջ ուղիղ ճանապարհները շեղելուց։ 11Այժմ ահա Տիրոջ ձեռքը քեզ վրա է, և կույր կլինես ու միառժամանակ արև չես տեսնի»։ Եվ իսկույն նրա վրա մեգ ու խավար իջավ, և խարխափելով առաջնորդողներ էր փնտրում։ 12Այդ ժամանակ, երբ հյուպատոսը պատահածը տեսավ, հավատաց՝ Տիրոջ վարդապետության վրա զարմանալով։
Պողոսը և Բառնաբասը Պիսիդյան Անտիոքում
13Եվ Պողոսն ու ուղեկիցները Պափոսից դուրս ելան, եկան Պամփյուլիայի Պերգե քաղաքը։ Իսկ Հովհաննեսը, նրանցից բաժանվելով, վերադարձավ Երուսաղեմ։ 14Նրանք Պերգեից անցան, եկան Պիսիդիայի Անտիոք քաղաքը և շաբաթ օրը ժողովարան մտնելով՝ նստեցին։ 15Օրենքի ու մարգարեների ընթերցումից հետո ժողովրդապետները նրանց մոտ մարդ ուղարկեցին ու ասացին. «Եղբայրնե՛ր, եթե դուք ժողովրդի համար մխիթարանքի խոսքեր ունեք, խոսե՛ք»։
Պողոսի քարոզը հրեաներին
16Պողոսը վեր կացավ, ձեռքով նշան արեց ու ասաց. «Ո՛վ իսրայելացիներ և դո՛ւք, որ երկնչում եք Աստծուց, լսե՛ք. 17այս ժողովրդի՝ Իսրայելի Աստվածն ընտրեց մեր հայրերին և Եգիպտոսի երկրում պանդխտության ժամանակ բարձրացրեց ժողովրդին ու հզոր բազկով նրանց այնտեղից դուրս բերեց։ 18Շուրջ քառասուն տարի անապատում կերակրեց նրանց։ 19Քանանի երկրում յոթ ազգերի ոչնչացնելով՝ նրանց երկիրը որպես ժառանգություն տվեց նրանց 20շուրջ չորս հարյուր հիսուն տարի։ Հետո նրանց դատավորներ տվեց՝ մինչև Սամուել մարգարեն։ 21Այնուհետև թագավոր խնդրեցին, և Աստված նրանց տվեց Կիսի որդի Սավուղին՝ Բենիամինի ցեղից, որ թագավորեց քառասուն տարի։ 22Ապա նրան փոխելով՝ թագավոր կարգեց Դավթին և նրա մասին վկայելով՝ ասաց. "Գտա Հեսսեի որդի Դավթին՝ իմ սրտով մարդու, որը պիտի կատարի իմ ամբողջ կամքը" (Սաղ. 89.20)։ 23Աստված իր խոստման համաձայն սրա սերնդից իսրայելացիների համար տվեց Հիսուս Փրկչին։ 24Նրա գալուստից առաջ Հովհաննեսն Իսրայելի ողջ ժողովրդին կանխավ քարոզել էր ապաշխարության մկրտությունը։ 25Երբ Հովհաննեսն ավարտեց իր գործը, ասաց. "Իմ մասին ի՞նչ եք կարծում. ո՞վ եմ։ Ես նա չեմ, բայց ահա ինձանից հետո գալիս է նա, որի ոտքերի կոշիկն արձակելու արժանի չեմ"։
26Եղբայրնե՛ր, Աբրահամի տոհմի զավակնե՛ր և ձեր մեջ նրանք, ովքեր աստվածավախ են, ձե՛զ ուղարկվեց փրկության այս խոսքը։ 27Որովհետև Երուսաղեմում ապրողները և նրանց իշխանավորները չճանաչեցին Հիսուսին, և նրան դատապարտելով՝ իրականացան մարգարեների խոսքերը, որոնք ընթերցվում են ամեն շաբաթ օրերին։ 28Նրան մահապատժի ենթարկելու ոչ մի պատճառ չգտնելով՝ Պիղատոսից խնդրեցին նրան սպանել։ 29Երբ նրա մասին գրված ամեն բան կատարեցին, փայտից իջեցրին ու գերեզման դրեցին։ 30Բայց Աստված մեռելներից հարություն տվեց նրան, 31և նա բազում օրեր հայտնվեց նրանց, ովքեր նրա հետ Գալիլեայից Երուսաղեմ էին բարձրացել և ովքեր այժմ ժողովրդի առաջ նրա վկաներն են։ 32Եվ մենք ձեզ ավետարանում ենք հայրերին տրված խոստումը, 33քանի որ Աստված այն իրագործեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով, ինչպես գրված է երկրորդ սաղմոսում.
"Դու իմ Որդին ես,
ես այսօր ծնեցի քեզ" (Սաղ. 2.7)։
34Եվ որ մեռելներից նրան հարություն տվեց ու այլևս ապականության չի դառնալու, այսպես ասաց.
"Ձեզ պիտի տամ այն սրբությունները, որ խոստացա Դավթին" (Ես. 55.3)։
35Ուստի և մի ուրիշ տեղում ասում է.
"Քո Սրբին ապականություն տեսնել չես տա" (Սաղ. 16.10)։
36Բայց Դավիթն իր սերնդի ժամանակ ծառայեց և Աստծու կամքով վախճանվեց և իր հայրերին միացավ, ապականություն տեսավ։ 37Բայց նա, որին Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ։ 38Արդ, եղբայրնե՛ր, թող ձեզ հայտնի լինի, որ նրանով է ձեզ մեղքերի թողություն ավետարանվում։ Եվ այն ամենից, որ Մովսեսի օրենքով չկարողացաք արդարանալ, 39նրանով ամեն հավատացող կարդարանա։ 40Արդ, զգո՛ւյշ եղեք, որ ձեզ վրա չգա մարգարեների կողմից ասվածը.
41 "Տեսե՛ք, արհամարհողնե՛ր, և զարմացե՛ք ու չքվե՛ք,
որովհետև ես ձեր օրերում մի գործ եմ անելու,
մի գործ, որին չպիտի հավատաք, եթե մեկը պատմի ձեզ" (Ամբ. 1.5)»։
42Երբ այնտեղից դուրս ելան, խնդրում էին, որ հաջորդ շաբաթ ևս այդ մասին խոսեն։ 43Երբ ժողովուրդը ցրվեց, հրեաներից ու բարեպաշտ նորադարձներից շատերը գնում էին Պողոսի ու Բառնաբասի հետևից, որոնք, նրանց հետ խոսելով, համոզում էին նրանց, որ շարունակեն Աստծու շնորհի մեջ մնալ։
44Հաջորդ շաբաթ օրը գրեթե ամբողջ քաղաքը հավաքվեց Աստծու խոսքը լսելու։ 45Երբ հրեաները ժողովրդի բազմությունը տեսան, նախանձով լցվեցին և Պողոսի ասածներին հակաճառելով՝ հայհոյում էին։ 46Իսկ Պողոսն ու Բառնաբասը համարձակորեն ասում էին. «Նախ ձե՛զ պետք է Աստծու խոսքը խոսվեր, բայց քանի որ դուք այն մերժում եք ու ձեզ արժանի չեք համարում հավիտենական կյանքին, ահա մենք դառնում ենք դեպի հեթանոսները։ 47Որովհետև այսպես է մեզ պատվիրել Տերը.
"Քե՛զ դրեցի որպես լույս հեթանոսների,
որպեսզի դու փրկություն բերես մինչև երկրի ծայրերը" (Ես. 49.6, հմմտ. 42.6)»։
48Հեթանոսները, այս լսելով, ուրախանում էին և Տիրոջ խոսքը փառաբանում։ Եվ հավատացին նրանք, ովքեր սահմանված էին հավիտենական կյանքի համար։ 49Տիրոջ խոսքը տարածվում էր ամբողջ գավառով։ 50Բայց հրեաները գրգռեցին պատվավոր, երևելի կանանց ու քաղաքի գլխավորներին և Պողոսի ու Բառնաբասի դեմ հալածանք հարուցեցին և նրանց դուրս հանեցին իրենց սահմաններից։ 51Իսկ նրանք, իրենց ոտքերի փոշին նրանց վրա թափ տալով, գնացին Իկոնիոն։ 52Իսկ աշակերտները լցված էին ուրախությամբ և Սուրբ Հոգով։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy