YouVersion Logo
Search Icon

Բ Տիմոթեոսին 4

4
Ողջամիտ վարդապետության վկայումը
1Պարտավորեցնում եմ քեզ Աստծու և Հիսուս Քրիստոսի առաջ, որ դատելու է ողջերին ու մեռածներին իր հայտնության և թագավորության ժամանակ. 2քարոզի՛ր Աստծու խոսքը՝ պատեհ թե անպատեհ առիթով, հանդիմանի՛ր, սաստի՛ր, հորդորի՛ր ամենայն համբերատարությամբ և վարդապետությամբ։ 3Որովհետև ժամանակ կգա, որ ողջամիտ վարդապետությունը չեն հանդուրժի, այլ իրենց ցանկություններին համապատասխանող և իրենց ականջներին հաճոյախոսող ուսուցիչներով կշրջապատվեն։ 4Նրանք իրենց ականջները ճշմարտությունից կդարձնեն ու առասպելներին հետևելով՝ կմոլորվեն։ 5Բայց դու ամեն ինչում արթո՛ւն եղիր, նեղություննե՛ր կրիր, ավետարանչի գո՛րծն արա, քո պաշտո՛նը կատարիր։
Բարի պատերազմի վախճանը
6Քանի որ ես արդեն հեղում եմ իմ արյունը, և իմ մեկնելու ժամանակը հասել է։ 7Բարի պատերազմ մղեցի, ընթացքը ավարտեցի, հավատը պահեցի։ 8Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար դատավորը, կտա ինձ այն օրը. և ոչ միայն ինձ, այլև բոլորին, ովքեր սիրեցին նրա հայտնությունը։
Վերջին հանձնարարություններ
9Շտապի՛ր շուտով ինձ մոտ գալ, 10որովհետև Դեմասը լքեց ինձ՝ այս աշխարհը սիրելով, և գնաց Թեսաղոնիկե, Կրեսկեսը՝ Գաղատիա, Տիտոսը՝ Դաղմատիա. 11Միայն Ղուկասն է ինձ հետ։ Մարկոսին վերցրո՛ւ և բե՛ր քեզ հետ, որովհետև նա ինձ ծառայելու համար պետք է։ 12Տյուքիկոսին Եփեսոս ուղարկեցի։ 13Երբ գաս, հետդ բե՛ր այն վերարկուն, որ Տրովադայում Կարպոսի մոտ թողեցի, բե՛ր նաև գրքերը, մանավանդ մագաղաթները։
14Ալեքսանդրոս դարբինն ինձ շատ չարիք պատճառեց. թող Տերը նրան ըստ իր գործերի հատուցի։ 15Դո՛ւ էլ նրանից զգուշացիր, որովհետև նա չափազանց հակառակվեց մեր խոսքերին։ 16Ատյանում առաջին լսման ժամանակ ոչ ոք իմ կողմը չկանգնեց, այլ բոլորն ինձ թողեցին. թող դա մեղք չհամարվի նրանց։ 17Բայց Տերն ինձ նեցուկ եղավ ու զորացրեց, որպեսզի իմ միջոցով քարոզչությունը հաստատվի, ու բոլոր հեթանոսները լսեն. և ես առյուծի բերանից ազատվեցի։ 18Եվ Տերն ինձ ամեն չարից կփրկի, կազատի և կհասցնի իր երկնային արքայությանը։ Նրան փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Վերջին ողջույններ
19Ողջույններ Պրիսկային, Ակյուղասին և Օնեսիփորոսի ընտանիքին։ 20Երաստոսը Կորնթոսում մնաց, և Տրոփիմոսին հիվանդ վիճակում թողեցի Մելիտոսում։ 21Շտապի՛ր գալ՝ ձմեռը չեկած։ Քեզ բարևում են Եվբուղոսը, Պուդեսը, Լինոսը, Կլավդիան ու բոլոր եղբայրները։ 22Տեր Հիսուս Քրիստոսը քո հոգու հետ լինի։ Շնորհը ձեզ հետ։ Ամեն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy