YouVersion Logo
Search Icon

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 18

18
1Երբ Սավուղի հետ խոսելը վերջացրեց, Հովնաթանը սրտով կապվեց Դավթի սրտին. և Հովնաթանը իր անձի պես սիրեց նրան։ 2Եվ նույն օրը Սավուղը նրան պահեց իր մոտ և չթողեց, որ նա վերադառնար իր հոր տուն։ 3Եվ Հովնաթանն ու Դավիթը ուխտ արին, որովհետև նա իր անձի պես սիրում էր նրան։ 4Եվ Հովնաթանն իր վերարկուն հանեց և այն ու իր հանդերձները, մինչև անգամ իր սուրը, իր աղեղն ու գոտին տվեց Դավթին։ 5Եվ Դավիթը գնում էր ամեն տեղ, ուր Սավուղն ուղարկում էր նրան, և նա խելամտությամբ էր վարվում. Սավուղը նրան ռազմի մարդկանց վրա նշանակեց, և դա հաճելի եղավ ամբողջ ժողովրդի և Սավուղի ծառաների համար էլ։
Սավուղը նախանձում է Դավթին
6Երբ զորքը վերադառնում էր, Դավիթն էլ վերադառնում էր փղշտացուն սպանելուց, Իսրայելի բոլոր քաղաքներից դուրս էին գալիս կանայք՝ երգելով ու պարելով Սավուղ թագավորին դիմավորելու թմբուկներով, ցնծությամբ ու ծնծղաներով։ 7Եվ պարող կանայք բացականչելով երգում էին և ասում.
«Սավուղը զարկեց իր հազարավորներին,
Դավիթը՝ իր բյուրավորներին»։
8Սավուղը շատ բարկացավ և դժգոհեց այս խոսքի համար ու ասաց. «Բյուրավորները Դավթին տվին, իսկ ինձ տվին հազարավորները. և հիմա միայն թագավորությունն է մնում նրան տալու»։ 9Եվ այդ օրից ի վեր Սավուղը ծուռ աչքով էր նայում Դավթին։
10Հետևյալ օրը Աստծուց չար ոգի իջավ Սավուղի վրա, և նա զառանցեց տան մեջ. իսկ Դավիթն ամեն օրվա պես իր ձեռքով քնար էր նվագում, Սավուղի ձեռքին էլ նիզակ կար։ 11Եվ Սավուղը նետեց նիզակը՝ մտքում ասելով. «Դավթին զարկեմ, մեխեմ պատին». բայց Դավիթը երկու անգամ խույս տվեց նրանից։ 12Եվ Սավուղը սկսեց վախենալ Դավթից, որովհետև Տերը նրա հետ էր, բայց Սավուղից հեռացել էր։ 13Եվ Սավուղը նրան հեռացրեց իր մոտից, նրան դարձրեց հազարապետ, և նա ելումուտ էր անում ժողովրդի առաջ։ 14Դավիթն իր բոլոր գործերում խելամտությամբ էր վարվում, և Տերը նրա հետ էր։ 15Եվ երբ Սավուղը տեսավ, որ նա խելամտությամբ է վարվում, վախենում էր նրանից։ 16Եվ ամբողջ Իսրայելն ու Հուդան սիրում էին Դավթին, որովհետև նա էր ելումուտ անում նրանց առաջ։
17Եվ Սավուղը Դավթին ասաց. «Ահա իմ մեծ աղջիկ Մերոբին քեզ կնության կտամ, միայն թե դու ինձ համար քա՛ջ եղիր և վարի՛ր Տիրոջ պատերազմները»։ Քանզի Սավուղն ինքն իրեն ասաց. «Թող իմ ձեռքը չլինի նրա վրա, այլ փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»։ 18Եվ Դավիթը Սավուղին ասաց. «Ո՞վ եմ ես, և ի՞նչ է իմ կյանքը, և իմ հոր ազգատոհմը Իսրայելի մեջ, որ թագավորի փեսա դառնամ»։ 19Իսկ երբ Սավուղի աղջիկ Մերոբը պիտի կնության տրվեր Դավթին, նրան կնության տվին մաուլացի Եդրիելին։
Դավիթն ամուսնանում է Սավուղի աղջկա հետ
20Սավուղի Մեղքող աղջիկը սիրում էր Դավթին. և երբ հայտնեցին Սավուղին, դա հաճելի եղավ նրան։ 21Եվ Սավուղը մտածեց. «Ես աղջկաս նրան տամ, որ նրա համար որոգայթ դառնա, և փղշտացիների ձեռքը նրա վրա լինի»։ Եվ Սավուղը Դավթին ասաց. «Այսօր դու ինձ փեսա՛ եղիր իմ երկրորդ աղջկա համար»։ 22Եվ Սավուղն իր ծառաներին հրամայեց, որ Դավթի հետ ծածուկ խոսեն և ասեն. «Ահա թագավորը հավանել է քեզ, և նրա բոլոր ծառաները սիրում են քեզ. եկ հիմա թագավորին փեսա՛ դարձիր»։ 23Սավուղի ծառաներն այս խոսքերը Դավթի ականջին հասցրին, և Դավիթն ասաց. «Ի՞նչ է, ձեզ փո՞քր բան է թվում թագավորի փեսա դառնալը. չէ՞ որ ես մի աղքատ ու աննշան մարդ եմ»։ 24Սավուղի ծառաները նրան հաղորդեցին և ասացին, թե Դավիթն այսպես ասաց։ 25Եվ Սավուղն ասաց. «Այսպե՛ս ասացեք Դավթին. “Թագավորը քեզնից գլխագին չի ուզում, այլ միայն փղշտացիների հարյուր անթլփատություն, որպեսզի վրեժ առնվի թագավորի թշնամիներից”»։ (Սակայն Սավուղը խորհում էր, որ Դավթին սպանել տա փղշտացիների ձեռքով)։ 26Եվ երբ այս խոսքերը նրա ծառաները հայտնեցին Դավթին, Դավթին էլ հաճելի թվաց, որ թագավորին փեսա դառնար։ 27Նշանակված օրերը դեռ չէին լրացել, երբ Դավիթը վեր կացավ և իր մարդկանց հետ գնաց և փղշտացիներից երկու հարյուր մարդ սպանեց. և Դավիթը նրանց անթլփատությունները բերեց ու լրիվ տվեց թագավորին, որ թագավորին փեսա դառնար։ Եվ Սավուղն իր Մեղքող աղջկան կնության տվեց նրան։ 28Եվ երբ Սավուղը տեսավ ու հասկացավ, որ Տերը Դավթի հետ է, և իր Մեղքող աղջիկն էլ սիրում է նրան, 29Սավուղն առավել ևս վախեցավ Դավթից. և Սավուղը միշտ թշնամություն էր անում Դավթին։ 30Փղշտացիների իշխանները դուրս էին գալիս պատերազմելու. երբ նրանք դուրս էին գալիս, Դավիթը Սավուղի բոլոր ծառաներից ավելի խելամիտ էր գործում, և նրա անունը շատ հռչակվեց։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy