YouVersion Logo
Search Icon

Ա Պետրոս 2

2
Կենդանի Վեմը և սուրբ ազգը
1Արդ դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծավորություն, նախանձ և ամեն չարախոսություն՝ 2նորածին մանուկների պես փափագե՛ք բանական, անխարդախ կաթը, որպեսզի նրանով աճեք փրկության համար, 3քանի որ ճաշակել եք, որ քաղցր է Տերը, 4մոտ եք կենդանի Վեմին, որը թեև մարդկանցից մերժված է, բայց Աստծու առաջ ընտրյալ ու պատվական է։ 5Իսկ դուք կենդանի քարերի պես կառուցվում եք որպես հոգևոր տաճար սուրբ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով Աստծուն բարեհաճ հոգևոր զոհեր մատուցեք։ 6Որովհետև Գրքում էլ կա.
«Ահա Սիոնում դնում եմ
ընտիր, պատվական անկյունաքար,
և նրան հավատացողը չպիտի ամաչի» (Ես. 28.16)։
7Արդ ձեզ՝ հավատացյալներիդ համար պատվական է, իսկ անհավատների համար
այն քարը, որ կառուցողները մերժեցին,
անկյունաքար եղավ (Սաղ. 118.22),
8և
գլորման քար,
գայթակղության վեմ,
որով գայթակղվում են՝ խոսքին չհավատալով, որի համար սահմանված էին։
9Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորական քահանայություն, սուրբ ազգ, սեփական ժողովուրդ, որպեսզի նրա՛ առաքինությունները քարոզեք, ով ձեզ խավարից դեպի իր սքանչելի լույսը կանչեց։
10Որովհետև դուք ժամանակին ժողովուրդ չէիք, բայց հիմա Աստծու ժողովուրդ եք, որ ողորմություն չէիք գտել, բայց հիմա արժանացել եք ողորմության։
Ապրել որպես Աստծու ծառաներ
11Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ՝ իբրև պանդուխտների և օտարականների, հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք կռվում են հոգու դեմ։ 12Հեթանոսների մեջ լավ վա՛րք ունեցեք, որպեսզի այն բանում, ինչում ձեզ իբրև չարագործների բամբասում են, ձեր բարի գործերը տեսնելով՝ փառավորեն Աստծուն այցելության օրը։
Քրիստոնյաների պարտականությունը իշխանությունների հանդեպ
13Արդ հանուն Տիրոջ հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության՝ թե՛ թագավորին՝ որպես գերագույնի, 14թե՛ կառավարիչներին, ինչպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժելու, իսկ բարեգործներին գովելու համար։ 15Որովհետև Աստծու կամքն այն է, որ բարիք գործելով լռեցնեք անխելք մարդկանց տգիտությունը։ 16Որպես ազատնե՛ր եղեք և ոչ թե ազատությամբ իբրև չարության քողարկողներ, այլ ինչպես Աստծու ծառանե՛ր եղեք։ 17Բոլորին պատվե՛ք, եղբայրությունը սիրե՛ք, Աստծուց վախեցե՛ք, թագավորին պատվե՛ք։
Քրիստոսի չարչարանքների օրինակը
18Ծառաները թող ամենայն երկյուղով հնազանդ լինեն տերերին, ոչ միայն բարիներին ու հեզաբարոներին, այլ նաև ժանտաբարոներին։ 19Քանի որ շնորհ է, եթե որևէ մեկը համբերում է անարդարացիորեն վրա հասած նեղություններին՝ գիտակցելով Աստծու գոյությունը։ 20Քանի որ ի՞նչ երախտիք կա մեղանչելու և հարվածները հանդուրժելու մեջ։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, դա է շնորհ Աստծու առաջ։ 21Որովհետև դուք հենց այդ բանի համար կոչվեցիք, քանի որ Քրիստոսն էլ ձեզ համար չարչարվեց և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով ընթանանք։
22 «Նա մեղք չգործեց,
և նենգություն չգտնվեց նրա բերանում» (Ես. 53.9)։
23Նախատվելիս նա փոխարենը չէր նախատում, չարչարվելիս չէր սպառնում, այլ հանձնվեց արդար դատավորին։ 24Նա մեր մեղքերն իր մարմնով խաչափայտի վրա բարձրացրեց, որպեսզի մեղքերից հեռանալով՝ արդարության համար ապրենք. դուք նրա վերքերով բժշկվեցիք։ 25Որովհետև մոլորված ոչխարների պես էիք, բայց հիմա դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվն ու Տեսուչը։

Currently Selected:

Ա Պետրոս 2: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy