YouVersion Logo
Search Icon

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 20

20
Պատերազմ ասորիների հետ
1Ասորիների թագավոր Բենադադը հավաքեց իր բոլոր զորքերը և երեսուներկու թագավորներ իր հետ, ձիերով ու կառքերով ելավ գնաց ու պաշարեց Սամարիան և պատերազմեց նրա դեմ։ 2Եվ պատգամավորներ ուղարկեց քաղաք՝ Իսրայելի թագավոր Աքաաբի մոտ։ 3Եվ ասաց նրան. «Այսպես է ասում Բենադադը. “Քո արծաթն ու քո ոսկին իմն են, և քո կանայք ու քո գեղեցիկ որդիներն իմն են”»։ 4Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Թող քո ասածի պես լինի, տե՛ր իմ թագավոր, ես և իմ ամբողջ ունեցածը քոնն ենք»։
5Պատգամավորները վերադարձան և ասացին. «Այսպես է ասում Բենադադը, թե՝ “Ես քեզ մոտ էի ուղարկել և ասել. "Քո արծաթը և ոսկին, քո կանանց և քո որդիներին ի՛նձ տուր"։ 6Ուրեմն վաղն իմ ծառաներին կուղարկեմ քեզ մոտ, որ աչքի անցկացնեն քո տունը և քո ծառաների տները, և այն ամենը, ինչ հաճելի լինի քո աչքին, նրանք պիտի վերցնեն”»։ 7Եվ Իսրայելի թագավորը կանչեց երկրի բոլոր ծերերին ու ասաց. «Խնդրում եմ, իմացե՛ք և տեսե՛ք, որ նա ահա չարիք է ուզում, որովհետև նա մարդ է ուղարկել ինձ մոտ՝ իմ կանանց և որդիներին և իմ արծաթն ու իմ ոսկին տալու համար, և ես չմերժեցի նրան»։ 8Եվ բոլոր ծերերն ու ամբողջ ժողովուրդն ասացին նրան. «Մի՛ լսիր և հանձդ մի՛ առ»։ 9Եվ նա ասաց Բենադադի պատգամավորներին. «Ասացե՛ք իմ տեր թագավորին. “Ինչի համար որ առաջին անգամ մարդ էիր ուղարկել քո ծառայի մոտ, կանեմ այն, բայց այս մեկը չեմ կարող անել”». և պատգամավորները գնացին ու պատասխանը ետ տարան։
10Եվ Բենադադը մարդ ուղարկեց նրա մոտ և ասաց. «Աստվածներն ինձ թող այսպես անեն և սրանից ավելին անեն, եթե Սամարիայի հողը իմ ետևից եկող բոլոր զորքերի ափերը լցնելուն բավականացնի»։ 11Իսրայելի թագավորը պատասխանեց և ասաց. «Ասացե՛ք. թող սուրը մեջքին կապողը չպարծենա սուրն արձակողի նման»։ 12Եվ հենց որ նա լսեց այդ խոսքը, երբ ինքը և թագավորները խմում էին վրաններում, իսկույն ասաց իր ծառաներին. «Շարվեցե՛ք». և նրանք շարվեցին քաղաքի դեմ։
13Եվ ահա մի մարգարե մոտեցավ Իսրայելի Աքաաբ թագավորին և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Այս ամբողջ մեծ ամբոխը տեսա՞ր. ահա նրան ես քո ձեռքն եմ մատնելու այսօր, որ իմանաս, թե ես եմ Տերը”»։ 14Եվ Աքաաբն ասաց. «Ո՞ւմ ձեռքով»։ Եվ նա ասաց. «Գավառների իշխանների ծառաների ձեռքով»։ Եվ Աքաաբն ասաց. «Ո՞վ պիտի սկսի պատերազմը». նա էլ ասաց՝ դու։ 15Եվ նա հաշվեց գավառների իշխանների ծառաներին, և նրանք երկու հարյուր երեսուներկու հոգի էին. նրանցից հետո հաշվեց ժողովրդին՝ Իսրայելի բոլոր որդիներին. յոթ հազար էին։ 16Եվ նրանք հարձակման անցան կեսօրին. սակայն Բենադադն ինքը և իր օգնական երեսուներկու թագավորները խմած, հարբած էին վրաններում։ 17Նախ գավառների իշխանների ծառաներն առաջ անցան հարձակման. Բենադադը հետախույզներ ուղարկեց, և նրան հայտնեցին՝ ասելով. «Սամարիայից մարդիկ են դուրս գալիս»։ 18Նա էլ ասաց. «Եթե խաղաղության համար են դուրս եկել, կենդանի՛ բռնեք նրանց. և եթե պատերազմի համար են դուրս եկել, դարձյալ կենդանի՛ բռնեք նրանց»։ 19Եվ քաղաքից դուրս եկան նախ գավառների իշխանների ծառաները, և ապա զորքը՝ նրանց ետևից։ 20Եվ ամեն մարդ զարկեց իր դիմացինին, և ասորիները փախան. Իսրայելը հալածեց նրանց, և ասորիների թագավոր Բենադադը, ձի հեծած, փրկվեց ձիավորների հետ։ 21Եվ Իսրայելի թագավորը դուրս եկավ, ոչնչացրեց ձիերն էլ, կառքերն էլ և մեծ ջարդ տվեց ասորիներին։
22Եվ մարգարեն մոտեցավ Իսրայելի թագավորին ու ասաց նրան. «Գնա զորքերդ հավաքի՛ր և իմացի՛ր ու տե՛ս, թե ինչ պիտի անես, որովհետև եկող տարի ասորիների թագավորը հարձակվելու է քեզ վրա»։
Ասորիների երկրորդ հարձակումը
23Եվ ասորիների թագավորի ծառաներն ասացին նրան. «Նրանց աստվածները սարերի աստվածներ են, դրա համար էլ հաղթեցին մեզ. բայց եթե նրանց դեմ պատերազմենք դաշտի մեջ, մենք, անշուշտ, կհաղթենք նրանց։ 24Եվ ա՛յս էլ արա. թագավորներին հեռացրո՛ւ ամեն մեկին իր տեղից և հրամանատարնե՛ր դիր նրանց փոխարեն։ 25Եվ քեզ համար այնքան զո՛րք հավաքիր, որքան որ կորցրել ես, և ձիեր, որքան ձիեր ես ունեցել, և կառքեր, որքան կառքեր ես ունեցել, և մենք կպատերազմենք նրանց դեմ դաշտում և մենք, անշուշտ, կհաղթենք նրանց». նա լսեց նրանց խոսքը և այդպես էլ արեց։ 26Եվ հաջորդ տարին Բենադադը ասորիների զորահավաք արեց և ելավ Ափեկ, որ պատերազմի Իսրայելի դեմ։ 27Իսրայելի որդիներն էլ զորահավաք արեցին, պաշար վերցրին ու գնացին նրանց դեմ. և Իսրայելի որդիները բանակ կազմեցին նրանց դիմաց՝ այծերի երկու հոտերի նման, իսկ ասորիները լցրել էին երկիրը։
28Եվ Աստծու մարդը մոտեցավ և ասաց Իսրայելի թագավորին. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև ասորիներն ասում են, թե Տերը սարերի Աստված է և ոչ թե հովիտների Աստված է նա, դրա համար էլ այս մեծ բանակը քո ձեռքն եմ մատնելու, որ դուք գիտենաք, թե Տերը ես եմ”»։ 29Եվ յոթ օր, բանակ կազմած, մնացին իրար դեմ դիմաց, և յոթերորդ օրը սկսվեց պատերազմը. և Իսրայելի որդիները մեկ օրում ասորիներից հարյուր հազար հետևակ ջարդեցին։ 30Մնացածները փախան Ափեկ քաղաքը, և պարիսպը փուլ եկավ մնացած քսանյոթ հազար մարդկանց վրա. և Բենադադը փախավ ու քաղաքում մի տան ներքին սենյակը մտավ։
31Եվ նրա ծառաներն ասացին նրան. «Ահա մենք լսել ենք, որ Իսրայելի տան թագավորները ողորմած թագավորներ են. թող մեր մեջքերին քուրձեր և մեր գլուխներին չվաններ դնենք և գնանք դուրս՝ Իսրայելի թագավորի մոտ. գուցե նա ողջ թողնի քո անձը»։ 32Եվ նրանք մեջքերին քուրձեր և իրենց գլուխներին չվաններ կապեցին ու գնացին Իսրայելի թագավորի մոտ և ասացին. «Քո ծառա Բենադադն ասում է. “Թող իմ անձն ապրի”»։ Եվ նա ասաց. «Մի՞թե նա դեռ ողջ է. նա իմ եղբայրն է»։ 33Եվ այդ մարդիկ նշան համարեցին դա և շտապեցին տեղեկանալ, թե արդյոք այդ նրա՞ խոսքն է, և ասացին. «Այստեղ է քո եղբայր Բենադադը»։ Եվ նա ասաց. «Գնացե՛ք, նրան բերե՛ք»։ Բենադադը եկավ նրա մոտ, և նա վեր բարձրացրեց նրան, նստեցրեց կառքի մեջ։ 34Եվ Բենադադն ասաց նրան. «Այն քաղաքները, որոնք իմ հայրը վերցրել է քո հորից, ես վերադարձնում եմ, և դու շուկաներ ունեցիր քեզ համար Դամասկոսում, ինչպես իմ հայրն ուներ Սամարիայում»։ «Իսկ ես,- ասաց Աքաաբը,- դաշինքով կարձակեմ քեզ»։ Եվ Բենադադը դաշինք կնքեց նրա հետ, և Աքաաբն էլ արձակեց նրան։
Մարգարեն դատապարտում է Աքաաբին
35Եվ մարգարեների խմբից մի մարդ, Տիրոջ խոսքով, ասաց իր ընկերոջը. «Խնդրում եմ, զարկի՛ր ինձ». բայց այդ մարդը չուզեց զարկել նրան։ 36Նա էլ ասաց այդ մարդուն. «Որովհետև դու չլսեցիր Տիրոջ խոսքը, ահա իմ մոտից գնալիս առյուծը քեզ պիտի սպանի»։ Նա գնաց նրա մոտից, և մի առյուծ գտավ նրան ու նրան սպանեց։ 37Եվ մի ուրիշ մարդու հանդիպեց և ասաց նրան. «Խնդրում եմ, զարկի՛ր ինձ». և այդ մարդը նրան ուժեղ զարկեց ու վիրավորեց։ 38Եվ մարգարեն գնաց ու կանգնեց թագավորի ճանապարհին և աչքերին մի ծածկոց դրեց ու ծպտվեց։ 39Եվ երբ թագավորն անց էր կենում, նա կանչեց թագավորին և ասաց. «Քո ծառան գնացել էր պատերազմ, և ահա մի մարդ, որ ետ էր քաշվում, ինձ մոտ մի մարդ բերեց և ասաց. “Պահպանի՛ր այս մարդուն. եթե նա կորչելու լինի, քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն կամ պիտի մի տաղանդ արծաթ վճարես”։ 40Եվ երբ ես՝ քո ծառան, այսինչ կամ այնինչ բանն էի անում, մեկ էլ՝ նա չկար»։ Եվ Իսրայելի թագավորն ասաց նրան. «Այդպես էլ քո դատաստանն է. դու ինքդ վճռեցիր»։ 41Եվ նա ծածկոցն իսկույն հեռացրեց աչքերի վրայից, և Իսրայելի թագավորը ճանաչեց նրան, որ նա մարգարեներից էր։ 42Եվ նա ասաց նրան. «Այսպես է ասում Տերը. “Որովհետև դու քո ձեռքից արձակեցիր այն մարդուն, որին ես կորստյան մատնեցի, ուրեմն քո անձով պիտի հատուցես նրա անձի փոխարեն, և քո ժողովուրդը՝ նրա ժողովրդի փոխարեն”»։ 43Եվ Իսրայելի թագավորը տխուր ու բարկացած գնաց իր տուն և եկավ Սամարիա։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy