YouVersion Logo
Search Icon

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 16

16
1Տերն Անանիի որդի Հեուի միջոցով խոսեց Բաասայի դեմ՝ ասելով. 2«Որովհետև ես քեզ բարձրացրի փոշուց և քեզ Իսրայելի իմ ժողովրդի վրա իշխան դրեցի, բայց դու գնացիր Հերոբովամի ճանապարհով և մեղանչել տվեցիր Իսրայելի իմ ժողովրդին՝ նրանց մեղքերով ինձ բարկացնելու համար, 3ահա ես պիտի կործանեմ Բաասային ու նրա տունը և քո տունը պիտի դարձնեմ Նաբատի որդի Հերոբովամի տան պես։ 4Բաասայի տնից քաղաքում մեռնողին շները պիտի ուտեն, և դաշտում նրա մեռնողին պիտի ուտեն երկնքի թռչունները»։
5Եվ Բաասայի մնացած գործերի՝ և՛ նրա արածի, և՛ նրա քաջագործությունների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 6Եվ Բաասան ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Թերսայում, և իր որդի Էլան թագավոր դարձավ նրա փոխարեն։ 7Անանիի որդի Հեու մարգարեի միջոցով նաև Տերը խոսքն ուղղեց Բաասայի և նրա տան դեմ այն բոլոր չարիքների պատճառով, որ Տիրոջը բարկացնելու համար նրա առաջ արել էր իր ձեռքով, որ դառնա Հերոբովամի տան նման, որի համար էլ սպանել էր նրան։
Իսրայելի Էլա թագավորը
8Հուդայի Ասա թագավորի քսանվեցերորդ տարում Իսրայելի վրա՝ Թերսայում, թագավորեց Բաասայի որդի Էլան. երկու տարի թագավորեց։ 9Նրա դեմ դավադրություն արեց իր ծառա Զամրին՝ կառքերի կեսի հրամանատարը, երբ թագավորը խմել ու հարբել էր Թերսայում՝ Արսայի տանը, որը Թերսայի տան վերակացուն էր։ 10Այդ ժամանակ եկավ Զամրին, հարվածեց ու սպանեց նրան Հուդայի Ասա թագավորի քսանյոթերորդ տարում, և ինքը թագավոր դարձավ նրա փոխարեն։ 11Եվ երբ նրա փոխարեն թագավոր դարձավ ու նստեց գահին, իսկույն կոտորեց Բաասայի ամբողջ տունը և նրա համար ոչ մի արու մարդ չթողեց թե՛ ազգականներից և թե՛ բարեկամներից։ 12Այսպես Զամրին բնաջնջեց Բաասայի ամբողջ տունը Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Բաասայի մասին Հեու մարգարեի միջոցով, 13Բաասայի բոլոր մեղքերի և նրա որդի Էլայի մեղքերի համար, որ մեղանչեցին և մեղանչել տվեցին Իսրայելին՝ իրենց սնոտիապաշտությամբ բարկացնելով Իսրայելի Աստծուն։
14Էլայի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
Իսրայելի Զամրի թագավորը
15Հուդայի Ասա թագավորի քսանյոթերորդ տարում Զամրին Թերսայում թագավորեց յոթ օր. այդ ժամանակ բանակը պաշարել էր փղշտացիների Գաբաթոնը։ 16Եվ պաշարող բանակը լսեց, որ Զամրին դավադրություն է արել և սպանել է թագավորին. այդ օրը ամբողջ Իսրայելը բանակատեղիում Ամրի զորավարին թագավոր հռչակեց Իսրայելի վրա։ 17Ամրին ելավ Գաբաթոնից, և ամբողջ Իսրայելը նրա հետ գնաց ու պաշարեց Թերսան։ 18Երբ Զամրին տեսավ, որ քաղաքն արդեն վերցրել են, մտավ թագավորի պալատի միջնաբերդը, կրակի մատնեց թագավորի տունն իր վրա և մեռավ 19իր գործած մեղքերի համար, այն չարիքների համար, որ գործել էր Տիրոջ առաջ՝ հետևելով Հերոբովամի ճանապարհին, և Իսրայելին մեղանչել տված նրա մեղքերով։
20Զամրիի մնացած գործերի և նրա դավաճանության մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։
Իսրայելի Ամրի թագավորը
21Այդ ժամանակ Իսրայելի ժողովուրդը բաժանվեց երկու մասի. ժողովրդի մի կեսը գնաց Գինաթի որդի Թաբնիի ետևից, որպեսզի նրան դարձնի թագավոր, իսկ մյուս կեսը գնաց Ամրիի ետևից։ 22Եվ Ամրիի ետևից գնացած ժողովուրդն ավելի զորացավ Գենաթի որդի Թաբնիի ետևից գնացած ժողովրդից. Թաբնին մեռավ, և թագավորեց Ամրին։ 23Հուդայի Ասա թագավորի երեսունմեկերորդ տարում Ամրին թագավոր դարձավ Իսրայելի վրա և թագավորեց տասներկու տարի։ Նա վեց տարի թագավորեց Թերսայում։ 24Եվ նա Սամերից երկու տաղանդ արծաթով գնեց Սամարիա լեռը, քաղաք շինեց լեռան վրա և իր շինած քաղաքի անունը կոչեց Սամարիա՝ լեռան տիրոջ՝ Սամերի անունով։
25Եվ Ամրին չարիք գործեց Տիրոջ առաջ և ավելի չար եղավ բոլոր իրենից առաջ եղածներից։ 26Եվ հետևեց Նաբատի որդի Հերոբովամի բոլոր ճանապարհներին ու նրա մեղքերով մեղանչել տվեց Իսրայելին, որ Իսրայելի Տեր Աստծուն բարկացնեն իրենց սնոտիապաշտությամբ։
27Ամրիի մնացած գործերի և նրա արած քաջագործությունների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 28Ամրին ննջեց իր հայրերի հետ և թաղվեց Սամարիայում, և իր որդի Աքաաբը թագավորեց նրա փոխարեն։
Իսրայելի Աքաաբ թագավորը
29Եվ Ամրիի որդի Աքաաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի Ասա թագավորի երեսունութերորդ տարում, և Ամրիի որդի Աքաաբը Սամարիայում քսաներկու տարի թագավորեց Իսրայելի վրա։ 30Եվ Ամրիի որդի Աքաաբը չարիք գործեց Տիրոջ առաջ և ավելի չար եղավ իրենից առաջ բոլոր եղածներից։ 31Նա դեռ քիչ համարեց, որ գործել էր Նաբատի որդի Հերոբովամի մեղքերը, սիդոնացիների թագավոր Եթբաադի աղջիկ Հեզաբելին էլ կին առավ իր համար և գնաց ու պաշտեց Բահաղին և երկրպագեց նրան։ 32Եվ Սամարիայում Բահաղի համար իր կառուցած Բահաղի տանը մի զոհասեղան շինեց։ 33Եվ Աքաաբն Աստարովթի մի կուռք շինեց և Աքաաբը շարունակեց այնպես անել, որ Իսրայելի՝ իրենից առաջ եղած բոլոր թագավորներից ավելի շատ բարկացրեց Իսրայելի Տեր Աստծուն։
34Նրա օրոք բեթելացի Հիելը շինեց Երիքովը. իր անդրանիկ որդի Աբիրոնի հետ դրեց նրա հիմքը և իր կրտսեր որդի Սեգուրի հետ կանգնեցրեց նրա դռները Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր Նավեի որդի Հեսուի միջոցով։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy