YouVersion Logo
Search Icon

Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

15
Հուդայի Աբիամ թագավորը
(Բ Մն. 13.1–14.1)
1Նաբատի որդի Հերոբովամի թագավորության տասնութերորդ տարում Աբիամը թագավորեց Հուդայի վրա։ 2Երեք տարի նա թագավորություն արեց Երուսաղեմում. նրա մայրն Աբիսողոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։ 3Եվ նա շարունակեց գործել այն բոլոր մեղքերը, որ գործել էր իր հայրը իրենից առաջ, և նրա սիրտը ուղիղ չէր իր Տեր Աստծու հանդեպ, ինչպես իր հայր Դավթի սիրտը։ 4Որովհետև Դավթի սիրուց նրա Տեր Աստվածը նրան մեկ ճրագ էր տվել, որ իրենից հետո նրա որդուն հաստատի Երուսաղեմում և հաստատուն պահի Երուսաղեմը, 5որովհետև Դավիթն ուղիղն արեց Տիրոջ առաջ և իր կյանքի բոլոր օրերին չխոտորվեց այն ամենից, որ պատվիրված էր իրեն, բացի քետացի Ուրիայի դեմ արածից։ 6Եվ պատերազմ կար Ռոբովամի և Հերոբովամի միջև նրա կյանքի բոլոր օրերին։
7Աբիամի մնացած գործերի և այն ամենի մասին, որ նա արել է, ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում. և պատերազմ կար Աբիամի և Հերոբովամի միջև։ 8Աբիամը ննջեց իր հայրերի հետ, և նրան թաղեցին Դավթի քաղաքում. և նրա որդի Ասան թագավորեց նրա փոխարեն։
Հուդայի Ասա թագավորը
(Բ Մն. 15.16–16.6)
9Իսրայելի Հերոբովամ թագավորի քսաներորդ տարում Ասան թագավոր դարձավ Հուդայի վրա։ 10Եվ քառասունմեկ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մայրն Աբիսողոմի դուստրն էր, անունը՝ Մաաքա։ 11Ասան ուղիղ ընթացավ Տիրոջ առաջ, ինչպես իր հայր Դավիթը։ 12Երկրից դուրս արեց իգացողներին և վերացրեց իր հայրերի շինած բոլոր կուռքերը։ 13Եվ իր մայր Մաաքային էլ հեռացրեց տիկնությունից, որովհետև նա Աստարովթի կուռք էր շինել. և Ասան բնաջնջեց նրա շինած գարշությունը և այրեց Կեդրոնի հեղեղատում։ 14Սակայն չվերացրեց Բարձր տեղերը. բայց Ասայի սիրտն ուղիղ էր Տիրոջ հանդեպ իր կյանքի բոլոր օրերին։ 15Եվ նա իր հոր նվիրած և իր նվիրած ամեն բան՝ արծաթը, ոսկին և անոթները, բերեց Տիրոջ տուն։
16Եվ պատերազմ կար Ասայի և Իսրայելի Բաասա թագավորի միջև նրանց կյանքի բոլոր օրերին։ 17Եվ Իսրայելի Բաասա թագավորը ելավ Հուդայի դեմ և շինեց Ռաման, որպեսզի ոչ ոք ելք ու մուտք չունենա Հուդայի Ասա թագավորի հետ։ 18Եվ Ասան վերցրեց Տիրոջ տան գանձի մեջ և թագավորի տան գանձի մեջ մնացած ամբողջ արծաթն ու ոսկին և տվեց իր ծառաների ձեռքը, և Ասա թագավորը դրանք ուղարկեց Դամասկոսում բնակվող ասորիների թագավորին՝ Էզիոնի որդի Տաբրեմոնի որդի Բենադադին՝ ասելով. 19«Դաշինք կա իմ և քո միջև, իմ հոր և քո հոր միջև։ Ահա քեզ համար արծաթ ու ոսկի եմ ընծա ուղարկել. քանդի՛ր քո դաշինքը, որ կնքել ես Իսրայելի Բաասա թագավորի հետ, որպեսզի նա գնա ինձնից»։ 20Եվ Բենադադը լսեց Ասա թագավորին և իր զորքերի հրամանատարներին ուղարկեց Իսրայելի քաղաքների դեմ և հարվածեց Իյոնը, Դանը, Աբել-Բեթ-Մաաքան և ամբողջ Քեներեթն ու Նեփթաղիմի ամբողջ երկիրը։ 21Եվ երբ Բաասան լսեց այդ մասին, դադարեց Ռաման շինելուց և բնակվեց Թերսայում։ 22Ապա Ասա թագավորը հավաքեց Հուդայի բոլոր որդիներին առանց բացառության, և նրանք վերցրին Ռամայի քարերն ու փայտերը, որոնք Բաասան օգտագործել էր շինարարության համար։ Եվ Ասա թագավորը դրանցով շինեց Բենիամինի Գաբան և Մասփան։
23Եվ Ասայի մնացած բոլոր գործերի՝ և՛ նրա ամբողջ զորության, և՛ նրա բոլոր արածների, և՛ նրա շինած քաղաքների մասին ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում, բացի նրանից, որ իր ծերության ժամանակ ոտքերը ցավում էին։ 24Եվ Ասան ննջեց իր հայրերի հետ և թաղվեց իր հայրերի հետ իր հայր Դավթի քաղաքում. և նրա փոխարեն թագավորեց իր Հոսափատ որդին։
Իսրայելի Նադաբ թագավորը
25Հերոբովամի որդի Նադաբը թագավոր դարձավ Իսրայելի վրա Հուդայի թագավոր Ասայի երկրորդ տարում և երկու տարի թագավորեց Իսրայելի վրա։ 26Նա չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց իր հոր ճանապարհով ու նրա մեղքերով և դրանցով էլ մեղանչել տվեց Իսրայելին։ 27Եվ նրա նկատմամբ դավադրություն արեց իսաքարցի Աքիայի որդի Բաասան. և Բաասան նրան ջարդեց փղշտացիների Գաբաթոնում, երբ Նադաբը և ամբողջ Իսրայելը պաշարել էին Գաբաթոնը։ 28Բաասան սպանեց նրան Հուդայի Ասա թագավորի երրորդ տարում և ինքը թագավորեց նրա փոխարեն։ 29Եվ հենց որ թագավոր դարձավ, կոտորեց Հերոբովամի ամբողջ տունը. ոչ մի կենդանի շունչ չթողեց Հերոբովամի համար, բնաջինջ արեց բոլորին՝ Տիրոջ այն խոսքի համաձայն, որ ասել էր իր ծառա սիլոնացի Աքիա մարգարեի միջոցով 30Հերոբովամի գործած և Իսրայելին մեղանչել տված նրա այն մեղքերի համար, որոնցով բարկացրել էր Իսրայելի Տեր Աստծուն։
31Նադաբի մնացած գործերի և նրա բոլոր արածների մասին ահա գրված է Իսրայելի թագավորների Ժամանակագրության գրքում։ 32Եվ պատերազմ կար Ասայի և Իսրայելի Բաասա թագավորի միջև նրանց կյանքի բոլոր օրերին։
Իսրայելի Բաասա թագավորը
33Հուդայի Ասա թագավորի երրորդ տարում Աքիայի որդի Բաասան թագավոր դարձավ ամբողջ Իսրայելի վրա՝ Թերսայում, և թագավորեց քսանչորս տարի։ 34Եվ չարիք գործեց Տիրոջ առաջ և գնաց Հերոբովամի ճանապարհով ու նրա մեղքերով, որոնցով մեղանչել տվեց Իսրայելին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy