YouVersion Logo
Search Icon

Ա Կորնթացիներին 6

6
Դատաստան եղբայրների դեմ
1Եթե ձեզանից մեկն ընկերոջ հետ խնդիր ունենա, կհամարձակվի անիրավների՞ առաջ դատվել և ոչ թե սրբերի։ 2Կամ թե չգիտե՞ք, որ սրբերն են այս աշխարհը դատելու։ Եվ եթե աշխարհը ձեր միջոցով է դատվում, ապա աննշան բաների դատաստանն անելու արժանի չե՞ք։ 3Չգիտե՞ք, որ մենք հրեշտակներին ենք դատելու. որքա՜ն առավել՝ կենցաղային բաները։ 4Եթե կենցաղային բաների համար դատաստան եք անում, ինչո՞ւ եք եկեղեցու համար անարժեք մարդկանց ձեզ դատավոր նստեցրել։ 5Ձեզ ամաչեցնելու համար եմ ասում. ձեր մեջ այնքան իմաստուն մի մարդ չկա՞, որ կարողանա իր եղբայրների միջև դատ անել։ 6Բայց եղբայրը եղբոր դեմ դատ է սկսում, այն էլ անհավատների առաջ։ 7Ձեզ համար արդեն իսկ ամբողջովին պարտություն է, որ դատաստաններ ունեք միմյանց դեմ։ Ինչո՞ւ դուք ինքներդ չեք անիրավվում և ինչո՞ւ ինքներդ անիրավություն չեք կրում, 8այլ դուք եք զրկում և անիրավություն անում, այն էլ եղբայրներին։ 9Կամ չգիտե՞ք, որ անիրավներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ Մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկները, ո՛չ կռապաշտները, ո՛չ շնացողները, 10ո՛չ իգացողները, ո՛չ արվամոլները, ո՛չ գողերը, ո՛չ ագահները, ո՛չ հարբեցողները, ո՛չ զրպարտողները և ո՛չ էլ հափշտակողներն Աստծու արքայությունը չեն ժառանգելու։ 11Եվ ձեզնից ոմանք այսպիսին էին, բայց լվացվեցիք, բայց սրբագործվեցիք, բայց արդարացվեցիք Տեր Հիսուս Քրիստոսի անունով և մեր Աստծու Հոգով։
Ձեր մարմինները թող ծառայեն Աստծու փառքին
12Ինձ համար ամեն բան թույլատրելի է, բայց ամեն բան օգտակար չէ. ինձ համար ամեն բան թույլատրելի է, սակայն ես չպետք է որևէ բանի իշխանության տակ լինեմ։ 13Ուտելիքները որովայնի համար են, և որովայնը՝ ուտելիքների, բայց Աստված այդ էլ, դրանք էլ կխափանի։ Սակայն մարմինը պոռնկության համար չէ, այլ Տիրոջ, Տերն էլ՝ մարմնի համար։ 14Աստված, որ մեր Տիրոջը հարություն տվեց, իր զորությամբ ձեզ էլ հարություն կտա։ 15Չգիտե՞ք, որ ձեր մարմինները Քրիստոսի անդամներն են. ուրեմն Քրիստոսի անդամները վերցնեմ պոռնիկի՞ անդամ անեմ։ Քա՛վ լիցի։ 16Կամ չգիտե՞ք, որ ով պոռնիկին է միանում, նրա հետ մեկ մարմին է դառնում, որովհետև «Երկուսը,- ասում է,- մեկ մարմին կլինեն» (Ծնն. 2.24)։ 17Իսկ ով Տիրոջն է միանում, նրա հետ մեկ հոգի է դառնում։ 18Պոռնկությունից փախե՛ք. ամեն մեղք, որ մարդ գործում է, իր մարմնից դուրս է, սակայն պոռնկություն անողն իր մարմնի դեմ է մեղանչում։ 19Կամ չգիտե՞ք, որ ձեր մարմինները տաճար են Սուրբ Հոգու, որ ձեր մեջ է, և որն Աստծուց ունեք, և դուք ձերը չեք։ 20Քանզի մեծ գնով եք գնվել, ուստի փառավորե՛ք Աստծուն ձեր մարմնի մեջ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy