YouVersion Logo
Search Icon

Ա Կորնթացիներին 2

2
Պողոսի քարոզչությունը Կորնթոսում
1Ես էլ, եղբայրնե՛ր, երբ ձեզ մոտ եկա, խոսքի կամ իմաստության գերազանցությամբ չեկա Աստծու վկայությունը ձեզ պատմելու։ 2Որովհետև մտադիր չէի ձեր մեջ մի ուրիշ բան իմանալ, բացի Հիսուս Քրիստոսից՝ խաչվածից։ 3Ես տկարությամբ, վախով ու մեծ դողով եղա ձեզ մոտ։ 4Եվ իմ խոսքն ու քարոզչությունը ոչ թե իմաստության համոզիչ խոսքերով եղան, այլ Հոգու և զորության ապացույցով, 5որպեսզի ձեր հավատը մարդկային իմաստությամբ չլինի, այլ Աստծու զորությամբ։
Աստծու իմաստությունը
6Իմաստության մասին խոսում ենք կատարյալների հետ. իմաստություն, որը ո՛չ այս աշխարհինն է, ո՛չ էլ այս աշխարհի իշխաններինը, որոնք անհետանալու են։ 7Այլ խոսում ենք Աստծու խորհրդավոր և ծածուկ իմաստության մասին, որն Աստված հավիտենությունից առաջ մեր փառքի համար սահմանել էր, 8և որն այս աշխարհի իշխաններից ոչ ոք չճանաչեց, քանի որ եթե ճանաչած լինեին, փառքի Տիրոջը խաչը չէին հանի, 9այլ ինչպես գրված է.
«Ինչ որ աչքը չտեսավ, ու ականջը չլսեց,
և մարդու սիրտը չընկավ,
այն Աստված պատրաստեց իրեն սիրողների համար» (Ես. 64.4)։
10Բայց Աստված մեզ իր Հոգու միջոցով հայտնեց, որովհետև Հոգին քննում է ամեն ինչ, Աստծու խորքը ևս։ 11Քանզի մարդկանցից ո՞վ գիտի մարդկային ներքնաշխարհը, եթե ոչ մարդու մեջ գտնվող հոգին։ Այդպես էլ Աստծու ներսը ոչ ոք չգիտի, եթե ոչ Աստծու Հոգին։ 12Եվ մենք ոչ թե այս աշխարհի հոգին ստացանք, այլ այն Հոգին, որ Աստծուց է, որպեսզի ճանաչենք Աստծու կողմից մեզ շնորհվածները։ 13Ինչ որ խոսում ենք, ոչ թե մարդկային իմաստությամբ ուսանած խոսքեր են, այլ Հոգու վարդապետությամբ. հոգևոր բաները հոգևոր մարդկանց ենք մեկնում։ 14Բայց ոչ հոգևոր մարդը չի ընդունում այն, ինչ Աստծու Հոգուց է, որովհետև սրանք նրա համար հիմարություն են. և չի էլ կարող ճանաչել, որովհետև դրանք հոգևոր կերպով են քննվում։ 15Իսկ հոգևոր մարդն ամեն բան քննում է, և ինքը ոչ ոքի կողմից չի քննվում։ 16Քանզի
«Տիրոջ միտքն ո՞վ է իմացել, որ նրան խրատի» (Ես. 40.13)։
Բայց մենք Քրիստոսի միտքը ունենք։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy