YouVersion Logo
Search Icon

Ա Կորնթացիներին 14

14
Լեզուներով խոսելու և մարգարեություններ անելու շնորհները
1Սիրո՛ւն հետևեք ու հոգևոր պարգևների՛ն նախանձախնդիր եղեք, իսկ առավել ևս մարգարեանալուն։ 2Որովհետև լեզուներով խոսողը մարդկանց հետ չի խոսում, այլ Աստծու, քանի որ ոչ ոք չի հասկանում. նա Հոգով ներշնչված է խորհուրդներ հայտնում։ 3Իսկ մարգարեացողը մարդկանց հետ հավատն ամրացնելու, մխիթարության և սփոփանքի մասին է խոսում։ 4Լեզվով խոսողն ինքն իրեն է ամրացնում, իսկ մարգարեացողը՝ եկեղեցին։ 5Ես ցանկանում եմ, որ դուք ամենքդ լեզուներով խոսեք, իսկ առավել ևս՝ որ մարգարեանաք, որովհետև մարգարեացողն ավելի մեծ է, քան լեզուներով խոսողը, միայն եթե թարգմանի, որպեսզի եկեղեցին ամրանա։
6Այժմ, եղբայրնե՛ր, եթե ձեզ մոտ գամ ու լեզուներով խոսեմ, ձեզ ի՞նչ օգուտ կտամ, եթե ձեզ հետ չխոսեմ կա՛մ հայտնությամբ, կա՛մ գիտությամբ, կա՛մ մարգարեությամբ, կա՛մ ուսուցմամբ։ 7Անշունչ գործիքները՝ սրինգը կամ քնարը, եթե զանազան հնչյուններ չարձակեն, ինչպե՞ս կիմացվի՝ սրինգի՞ ձայնն է, թե՞ քնարի։ 8Կամ եթե շեփորն անհասկանալի ձայն արձակի, ո՞վ պատերազմի կպատրաստվի։ 9Նույն կերպ էլ դուք. եթե լեզուների միջոցով հստակ խոսք չասեք, ինչպե՞ս այդ ասվածը կհասկացվի։ Դուք օդի մեջ խոսողների պես կլինեք։ 10Աշխարհում այնքա՜ն բազմատեսակ լեզուներ կան, և դրանցից ոչ մեկն էլ առանց նշանակության չէ։ 11Արդ եթե ես խոսքի իմաստը չհասկանամ, խոսողի համար օտար կլինեմ, իսկ խոսողն էլ՝ ինձ համար։ 12Նույնպես էլ դուք. քանի որ հոգևոր պարգևներին նախանձախնդիր եք, եկեղեցու ամրացման համա՛ր ջանք թափեք։ 13Դրա համար լեզվով խոսողը թող աղոթի, որպեսզի կարողանա նաև թարգմանել։ 14Քանի որ եթե ես օտար լեզվով եմ աղոթում, իմ հոգին է աղոթում, բայց միտքս անպտուղ է մնում։ 15Ուրեմն ի՞նչ անել. կաղոթեմ հոգով, կաղոթեմ նաև մտքով, սաղմոս կասեմ և՛ հոգով, և՛ մտքով։ 16Եթե դու հոգով օրհնես, ապա ներկա գտնվող հասարակ մարդը քո օրհնությանն ինչպե՞ս «Ամե՛ն» ասի, երբ չգիտի, թե ի՛նչ ես ասում։ 17Դու լավ ես գոհություն մատուցում, բայց ընկերդ դրանից չի ամրանում։ 18Շնորհակալ եմ Աստծուն, որ ձեր բոլորից ավելի շատ լեզուներով եմ խոսում։ 19Բայց ավելի լավ է՝ եկեղեցում հինգ խոսք ասեմ, որ և՛ իմ միտքը հասկանա, և՛ուրիշներին էլ սովորեցնեմ, քան բյուրավոր խոսքեր ասեմ լեզուներով։
20Եղբայրնե՛ր, երեխա մի՛ եղեք դատողություն անելիս, այլ չարություն անելի՛ս երեխա եղեք, իսկ մտքով կատարյա՛լ եղեք։ 21Օրենքում գրված է.
«Օտար լեզուներով ու օտար շրթունքներով
պիտի խոսեմ այս ժողովրդի հետ,
բայց և այնպես ինձ ականջ չեն դնի» (Ես. 28.11-12),- ասում է Տերը։
22Ուրեմն լեզուները նշան են ոչ թե հավատացյալների, այլ անհավատների համար, իսկ մարգարեությունը ոչ թե անհավատների համար է, այլ հավատացյալների։ 23Արդ եթե ամբողջ եկեղեցին մեկտեղ հավաքվի, ու բոլորը լեզուներով խոսեն, և անգետներ կամ անհավատներ այնտեղ մտնեն, մի՞թե չեն ասի, թե դուք խելագարվել եք։ 24Բայց եթե բոլորը մարգարեանան, ու մի անհավատ կամ անգետ գա մտնի, նա բոլորի կողմից կհանդիմանվի, բոլորի կողմից կդատվի։ 25Եվ այսպես նրա սրտի գաղտնիքները հայտնի կդառնան, ապա երեսնիվայր ընկած՝ Աստծուն կերկրպագի՝ խոստովանելով, որ Աստված արդարև ձեր մեջ է։
Կարգ ու կանոն եկեղեցու մեջ
26Ուրեմն ի՞նչ անել, եղբայրնե՛ր։ Երբ մեկտեղ եք հավաքվում, և ձեզանից յուրաքանչյուրը սաղմոս ունենա, կամ ուսուցում, կամ հայտնություն, կամ լեզու, կամ թարգմանություն, թող ամենը եկեղեցու ամրության համար լինի։ 27Եթե որևէ մեկը լեզվով խոսի, և երկուսը կամ ավելի շատ՝ երեքը լինեն, թող մեկը մյուսից հետո խոսի, իսկ մեկն էլ թարգմանի։ 28Բայց եթե թարգմանող չկա, թող եկեղեցում լռի, ինքն իր մտքում Աստծու հետ խոսի։ 29Բայց մարգարեները թող երկու կամ երեք հոգով խոսեն, և մյուսները քննեն։ 30Իսկ եթե մեկ ուրիշին, որ այնտեղ նստած է, հայտնություն տրվի, առաջին խոսողը թող լռի։ 31Բոլորդ էլ կարող եք իրար հետևից մարգարեանալ, որպեսզի բոլորը սովորեն ու բոլորը մխիթարվեն։ 32Մարգարեական հոգիները մարգարեներին հնազանդվում են, 33որովհետև Աստված խռովության Աստված չէ, այլ խաղաղության, ինչպես լինում է սրբերի բոլոր եկեղեցիներում։
34Կանայք եկեղեցիներում թող լուռ մնան, որովհետև նրանց թույլատրված չէ խոսել, այլ հնազանդ լինել, ինչպես և օրենքն է ասում։ 35Իսկ եթե մի բան ուզենան սովորել, թող տանն իրենց ամուսիններին հարցնեն, որովհետև եկեղեցում խոսելը կնոջը վայել չէ։ 36Աստծու խոսքը ձեզանի՞ց է դուրս ելել կամ միայն ձե՞զ է հասել։
37Եթե մեկը կարծի, թե ինքը մարգարե է կամ հոգևոր անձ, թող իմանա, որ այն, ինչ գրեցի ձեզ, Տիրոջ պատվիրանն է։ 38Իսկ եթե մեկը տգետ է, թող տգետ լինի։ 39Ուրեմն, եղբայրնե՛ր, նախանձախնդի՛ր եղեք մարգարեանալուն և լեզուներով խոսելը մի՛ արգելեք։ 40Ամեն բան վայելուչ կերպով և կարգով թող լինի։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy