ՍԱՂՄՈՍՆԵՐ 33

33
Փառաբանության երգ
1Ցնծացե՛ք Տիրոջով, ո՛վ արդարներ. ուղիղներին վայելում է օրհներգությունը։
2Փառաբանե՛ք Տիրոջը քնարով, տասը լար ունեցող քնարով սաղմո՛ս երգեցեք նրան։
3Նոր ե՛րգ երգեցեք նրան. լա՛վ նվագեցեք լարավոր գործիքը՝ ցնծության բարձր աղաղակով։
4Որովհետև արդար է Տիրոջ խոսքը, և նրա բոլոր գործերը հավատարմությամբ են։
5Նա արդարություն և իրավունք է սիրում. երկիրը լիքն է Տիրոջ ողորմությամբ։
6Տիրոջ խոսքով ստեղծվեց երկինքը, և նրա բերանի շնչով՝ երկնային բոլոր մարմինները։
7Նա դեզի պես ժողովում է ծովի ջրերը և անդունդները դնում ամբարներում։
8Թող Տիրոջից վախենա ողջ երկիրը, թող նրանից սարսափեն աշխարհի բոլոր բնակիչները։
9Որովհետև նա ասաց, և եղավ. նա հրամայեց, և հաստատվեց։
10Տերը ոչնչացնում է հեթանոսների խորհուրդները և խափանում է ժողովուրդների դիտավորությունները։
11Բայց Տիրոջ խորհուրդը հաստատ է հավիտյան, նրա սրտի մտադրությունները՝ սերնդից սերունդ։
12Երանի՜ այն ազգին, որի Աստվածը Տերն է, և այն ժողովրդին, որին նա իր համար ժառանգություն ընտրեց։
13Տերը նայում է երկնքից. տեսնում է մարդկանց բոլոր որդիներին։
14Իր բնակության վայրից դիտում է երկրի բոլոր բնակիչներին։
15Նրանց բոլորի սիրտը ինքն ստեղծեց. նա հասկանում է նրանց բոլորի գործերը։
16Թագավորը զորքի շատությամբ չի փրկվում, և ոչ էլ հսկան է ազատվում իր մեծ ուժով։
17Ձին էլ սուտ է փրկության համար և իր մեծ զորությամբ չի ազատում։
18Ահա Տիրոջ աչքն իրենից երկյուղածների վրա է և նրանց վրա է, որոնք սպասում են նրա ողորմությանը,
19Որ նրանց անձերն ազատի մահից և կերակրի նրանց սովի ժամանակ։
20Մեր անձը հույսով սպասում է Տիրոջը. նա է մեր օգնությունն ու վահանը։
21Նրանով է ուրախանում մեր սիրտը, քանի որ մենք հույս ենք դրել նրա սուրբ անվան վրա։
22Տե՛ր, թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ինչպես որ սպասում ենք քեզ։

Արդեն Ընտրված.

ՍԱՂՄՈՍՆԵՐ 33: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում