ԱՌԱԿՆԵՐ 16

16
1Մարդունն են մտքի ծրագրերը, բայց Տիրոջից է լեզվի պատասխանը։
2Մարդու բոլոր ճանապարհները մաքուր են թվում իր աչքին, բայց Տերն է հոգիները կշռողը։
3Քո գործերը Տիրո՛ջը հանձնիր, և քո մտադրությունները կհաստատվեն։
4Տերն ամեն բան արել է իր նպատակի համար, նույնիսկ անիրավներին էլ՝ չար օրվա համար։
5Տիրոջ համար զզվելի են բոլոր գոռոզամիտները. նրանք անշուշտ#16.5 Կամ թե ձեռք ձեռքի տալով միաբանվեն։ անպատիժ չեն լինելու։
6Անօրենությունը ողորմածությամբ և հավատարմությամբ կքավվի, և Տիրոջ երկյուղով մարդը կհեռանա չարից։
7Երբ Տիրոջը հաճելի են մարդու ճանապարհները, մինչև իսկ նրա թշնամիներին կհաշտեցնի նրա հետ։
8Լավ է քիչն արդարությամբ, քան թե մեծ եկամուտները՝ անիրավությամբ։
9Մարդու միտքն է խորհում նրա ճանապարհը, բայց նրա քայլերը Տերն է ուղղորդում։
10Թագավորի շրթունքների վրա ներշնչում կա. նրա բերանը դատաստանի ժամանակ չի սխալվի։
11Տիրոջն են ուղիղ նժարն ու կշեռքը, մախաղի բոլոր կշռաքարերը նրա գործն են։
12Թագավորներին զզվելի է անիրավությունը, որովհետև գահն արդարությամբ է հաստատվում։
13Թագավորներին հաճելի են արդար շրթունքները, և նրանք սիրում են ուղղախոս մարդուն։
14Թագավորի բարկությունը մահվան պատգամաբեր է, բայց իմաստուն մարդը մեղմացնում է այն։
15Թագավորի դեմքի զվարթությունը կյանք է, իսկ նրա բարեհաճությունը՝ գարնանային անձրևի ամպի նման։
16Իմաստություն ստանալը ոսկուց որչա՜փ լավ է, և ըմբռնում շահելն արծաթից ընտիր է։
17Ուղղամիտների պողոտան չարությունից հեռանալն է, իր ճանապարհը պահպանողն իր հոգին է պահում։
18Կործանման առաջից գոռոզությունն է գնում, իսկ սայթաքման առաջից՝ ամբարտավան հոգին։
19Ավելի լավ է հեզ հոգի ունեցողների հետ խոնարհ լինել, քան թե ավար բաժանել հպարտների հետ։
20Ով որ խոսքին ուշադիր#16.20 Բռց. ուշիմ։ է, բարիք կգտնի, և երանի՜ նրան, որ Տիրոջն է ապավինում։
21Իմաստուն սիրտ ունեցողը ողջամիտ է կոչվում, իսկ շրթունքների քաղցրությունն ավելացնում է հմտությունը։
22Ուշիմությունը կյանքի աղբյուր է իրեն ունեցողի համար, բայց հիմարների խրատը հիմարությունն է։
23Իմաստունի միտքն ուշիմ է դարձնում նրա բերանը և նրա շրթունքներին հմտություն ավելացնում։
24Վայելուչ խոսքը մեղրախորիսխ է, քաղցր է հոգուն և բժշկություն՝ ոսկորներին։
25Կա ճանապարհ, որ ուղիղ է թվում մարդուն, բայց նրա վախճանը մահվան ճանապարհ է։
26Աշխատող անձն իր համար է աշխատում, որովհետև իր բերանը նրան դրդում է։
27Անպիտան մարդը չարություն է նյութում#16.27 Փորում։, և նրա շրթունքների վրա կարծես խանձող կրակ կա։
28Նենգ մարդը կռիվ է հրահրում, իսկ քսուն բաժանում է մտերիմներին։
29Բռնավոր մարդը հրապուրում է իր հարևանին և նրան տանում վատ#16.29 Լավ չեղող։ ճանապարհով։
30Թարթում է աչքերը, որպեսզի նենգ բաներ մտածի, կծոտելով իր շրթունքները՝ չարություն է կատարում։
31Սպիտակ մազերը շքեղության պսակ են. արդարության ճանապարհի մեջ են նրանք գտնվում։
32Համբերատարը զորավորից լավ է, և իր հոգին կառավարողը՝ քաղաք գրավողից։
33Վիճակը ծոցն է գցվում, բայց ամեն մի վճիռ Տիրոջից է գալիս։

Արդեն Ընտրված.

ԱՌԱԿՆԵՐ 16: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում