Մարկոս 1

1
Հովհաննես Մկրտչի քարոզչությունը
(Մտթ. 3.1-12, Ղուկ. 3.1-18, Հովհ. 1.19-28)
1Աստծու Որդու՝ Հիսուս Քրիստոսի Ավետարանի սկիզբը։
2Ինչպես գրել են մարգարեները.
«Ահա ես իմ հրեշտակին ուղարկում եմ քո առաջից,
որ քո ճանապարհը պատրաստի քո առաջ» (Մղք. 3.1)։
3 «Անապատում կանչողի ձայնն է.
"Տիրոջ ճանապա՛րհը պատրաստեք
ու նրա շավիղներն ուղի՛ղ արեք"» (Ես. 40.3)։
4Հովհաննեսն անապատում մկրտում էր ու մեղքերի թողության համար ապաշխարության մկրտություն քարոզում։ 5Նրա մոտ էին գնում Հրեաստանի բոլոր բնակիչները և երուսաղեմցիները։ Նրանք Հորդանան գետում Հովհաննեսից մկրտվում էին՝ իրենց մեղքերը խոստովանելով։ 6Հովհաննեսն ուղտի մազից հագուստ էր հագել, կաշվե գոտի ուներ իր մեջքին, մորեխ ու վայրի մեղր էր ուտում։ 7Եվ քարոզելով ասում էր. «Իմ հետևից գալիս է ինձանից ավելի զորավորը, որին ես արժանի չեմ խոնարհվելու և կոշիկների կապերն արձակելու։ 8Ես ձեզ ջրով մկրտեցի, բայց նա Սուրբ Հոգով կմկրտի ձեզ»։
Հիսուսի մկրտությունը
(Մտթ. 3.13–4.11, Ղուկ. 3.21-22)
9Այն օրերին Հիսուսը Գալիլեայի Նազարեթից եկավ և Հորդանանում Հովհաննեսի ձեռքով մկրտվեց։ 10Եվ անմիջապես, երբ ջրից դուրս էր գալիս, տեսավ երկինքը ճեղքված ու Աստծու Հոգին, որ աղավնակերպ իր վրա էր իջնում։ 11Եվ երկնքից ձայն լսվեց. «Դու ես իմ սիրելի Որդին, որ ունի իմ բարեհաճությունը»։
Հիսուսի փորձությունն անապատում
(Մտթ. 4.1-11, Ղուկ. 4.1-13)
12Եվ իսկույն Հոգին նրան անապատ տարավ։ 13Նա այնտեղ մնաց քառասուն օր և սատանայից փորձության ենթարկվեց. ապրում էր գազանների հետ, ու հրեշտակները ծառայում էին նրան։
Քարոզչություն Գալիլեայում
(Մտթ. 4.12-18, 23-25, Ղուկ. 4.14-15, 42-44)
14Հովհաննեսի մատնվելուց հետո Հիսուսը եկավ Գալիլեա. քարոզում էր Աստծու թագավորության Ավետարանն 15ու ասում. «Լրացել է ժամանակը, և մոտեցել է Աստծու թագավորությունը. ապաշխարե՛ք ու հավատացե՛ք Ավետարանին»։
Հիսուսը կանչում է չորս ձկնորսներին
(Մտթ. 4.18-22, Ղուկ. 5.1-11)
16Գալիլեայի լճափով անցնելիս տեսավ Սիմոնին ու նրա եղբայր Անդրեասին, որոնք լճի մեջ ուռկան էին գցում, որովհետև ձկնորս էին։ 17Հիսուսը նրանց ասաց. «Իմ հետևի՛ց եկեք, ու ես ձեզ մարդկա՛նց որսորդներ կդարձնեմ»։ 18Նրանք անմիջապես իրենց ուռկանները թողեցին ու նրան հետևեցին։ 19Փոքր-ինչ առաջանալով՝ տեսավ Զեբեդեոսի որդի Հակոբոսին ու նրա եղբայր Հովհաննեսին, որոնք ևս նավի վրա ուռկաններ էին կարգի բերում. 20նրանց էլ իսկույն կանչեց։ Նրանք, իրենց հորը՝ Զեբեդեոսին, վարձու աշխատողների հետ նավի վրա թողնելով, նրան հետևեցին։
Դիվահարի բժշկումը
(Ղուկ. 4.31-37)
21Եվ մտան Կափառնաում։ Հենց շաբաթ օրը նա ժողովարան մտավ և ուսուցանում էր։ 22Եվ նրա ուսուցման վրա զարմանում էին, որովհետև իբրև իշխանություն ունեցող էր ուսուցանում նրանց, այլ ոչ թե դպիրների պես։
23Ժողովարանում պիղծ ոգով բռնված մի մարդ կար. նա աղաղակեց 24ու ասաց. «Ի՞նչ գործ ունես մեզ հետ, Հիսո՛ւս Նազովրեցի։ Մեզ կորստյան մատնելո՞ւ եկար։ Գիտեմ քեզ, թե ով ես. Աստծու Սուրբը»։ 25Հիսուսը նրան սաստեց ու ասաց. «Պապանձվի՛ր և դրա միջից դո՛ւրս արի»։ 26Պիղծ ոգին նրան սաստիկ թափահարեց ու բարձրաձայն գոչելով՝ նրա միջից դուրս եկավ։ 27Բոլորը զարմացան. իրար մեջ խոսում էին ու ասում. «Սա ի՞նչ է, ի՞նչ նոր ուսուցում է, որ իշխանությամբ պիղծ ոգիներին էլ է սաստում, ու հնազանդվում են նրան»։ 28Եվ նրա համբավն անմիջապես տարածվեց Գալիլեայի բոլոր կողմերում։
Հիսուսը շատերին է բժշկում
(Մտթ. 8.14-17, Ղուկ. 4.38-41)
29Ժողովարանից անմիջապես դուրս գալով՝ Հակոբոսի ու Հովհաննեսի հետ Սիմոնի ու Անդրեասի տուն եկան։ 30Սիմոնի զոքանչը տենդի մեջ պառկած էր։ Իսկույն նրա մասին ասացին Հիսուսին։ 31Նա մոտեցավ, ձեռքից բռնելով նրան ոտքի կանգնեցրեց, և տենդն իսկույն թողեց նրան։ Եվ ծառայում էր նրանց։
32Երբ երեկո եղավ, արեգակի մայր մտնելու ժամանակ բոլոր հիվանդներին և դիվահարներին նրա մոտ բերեցին։ 33Քաղաքի բոլոր բնակիչները դռան առաջ էին հավաքվել։ 34Տարբեր ցավերով տառապող շատ հիվանդների բժշկեց ու շատ դևեր հանեց։ Եվ դևերին թույլ չէր տալիս, որ խոսեին, որովհետև նրան գիտեին։
35Վաղ առավոտյան՝ լույսը դեռ չբացված, վեր կացավ, դուրս եկավ, մի ամայի տեղ գնաց ու այնտեղ աղոթում էր։ 36Սիմոնն ու նրա հետ եղողները նրա հետևից գնացին։ 37Եվ երբ նրան գտան, ասացին. «Բոլորը քեզ են փնտրում»։ 38Նրանց ասաց. «Մոտակա գյուղաքաղաքները գնանք, որ այնտեղ էլ քարոզեմ, որովհետև դրա համար եմ եկել»։ 39Եվ ամբողջ Գալիլեայով մեկ նրանց ժողովարաններում քարոզում էր ու դևերին հանում։
Բորոտի բժշկումը
(Մտթ. 8.1-4, Ղուկ. 5.12-16)
40Հիսուսի մոտ մի բորոտ եկավ. ծնկի իջած աղաչում էր և ասում. «Եթե ուզես, կարող ես ինձ մաքրել»։ 41Հիսուսը գթալով ձեռքը մեկնեց, նրան դիպավ ու ասաց. «Ուզում եմ, մաքրվի՛ր»։ 42Երբ ասաց նրան, բորոտությունն իսկույն վերացավ նրա վրայից, և նա մաքրվեց։ 43Եվ նրան անմիջապես դուրս հանելով՝ հորդորեց ու 44ասաց. «Զգո՛ւյշ կաց, ոչ ոքի ոչինչ չասես, այլ գնա՛, քեզ ցո՛ւյց տուր քահանային ու քո մաքրվելու համար մատուցի՛ր այն, ինչ Մովսեսն է հրամայել՝ որպես դրա վկայություն»։ 45Իսկ նա, դուրս գնալով, սկսեց այդ ամենը պատմել ու տարածել, այնպես որ Հիսուսն այլևս չէր կարողանում բացահայտ մտնել քաղաք, այլ դրսում՝ ամայի տեղերում էր լինում։ Եվ ժողովուրդը բոլոր կողմերից նրա մոտ էր գալիս։

Արդեն Ընտրված.

Մարկոս 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում