ՂԵՎՏԱԿԱՆ 7

7
Հանցանքի զոհ
1«Այս է հանցանքի զոհի օրենքը. դա ամենասուրբ է։ 2Ողջակեզի մորթված տեղում պիտի մորթվի հանցանքի զոհը, և դրա արյունը շուրջանակի շաղ տան զոհասեղանի վրա։ 3Եվ մատուցի դրա ամբողջ ճարպը, այսինքն՝ դմակը և փորոտիքը ծածկող ճարպը, 4երկու երիկամները և դրանց շուրջն ու մսերի վրա եղած ճարպը և լյարդի վրայի թաղանթը երիկամներով հանդերձ հանի։ 5Քահանան դրանք թող այրի զոհասեղանի վրա որպես այրված զոհաբերություն Տիրոջը. դա հանցանքի զոհ է։ 6Քահանաների բոլոր արու զավակները կարող են ուտել դրանից. սուրբ վայրում թող ուտեն. դա ամենասուրբ է։ 7Ինչպես մեղքի զոհն է, այնպես է նաև հանցանքի զոհը։ Դրանց օրենքը նույնն է։ Այն պատկանում է դրանով քավություն անող քահանային։ 8Որևէ մեկի ողջակեզը մատուցող քահանային թող պատկանի ողջակիզվող անասունի մորթը։ 9Հացի ամեն ընծա, որ եփվում է թոնրի մեջ, և ամենը, որ պատրաստվում է տապակի մեջ կամ կասկարայի վրա, պատկանում է այն մատուցող քահանային։ 10Հացի ամեն ընծա, յուղով հունցված լինի, թե չոր, հավասարապես թող պատկանի Ահարոնի բոլոր որդիներին։
Խաղաղության զոհ
11Այս է Տիրոջը մատուցվելիք խաղաղության զոհի օրենքը. 12եթե մեկն այն մատուցում է շնորհակալության համար, թող մատուցի շնորհակալության զոհի հետ. թող մատուցի յուղով հունցված բաղարջ շոթեր, յուղով օծված բաղարջ լավաշներ և ընտիր ալյուրից յուղով հունցված շոթեր։ 13Այս շոթերի հետ թող մատուցի թթխմորով հացի ընծա՝ շնորհակալության համար մատուցվող իր խաղաղության զոհի հետ։ 14Յուրաքանչյուր ընծայից մեկ հատ պիտի մատուցվի Տիրոջը՝ որպես բարձրացնելու ընծա. դա խաղաղության զոհի արյունը շաղ տվող քահանային թող պատկանի։ 15Շնորհակալության համար իր խաղաղության զոհի միսը պիտի ուտվի հենց մատուցվելու օրը։ Դրանից բան չպետք է մնա մինչև առավոտ։ 16Եթե մեկի զոհն ուխտի համար է կամ կամավոր զոհ է, թող ուտվի զոհի մատուցման օրը, իսկ մնացածը հետևյալ օրն ուտվի։ 17Զոհի մսից երրորդ օրը մնացածը պետք է այրվի կրակով։ 18Եթե իր խաղաղության զոհի մսից ուտվի երրորդ օրը, ընդունելի չի լինի. այն մատուցողին զոհ չի համարվի, դա պղծություն կլինի, և ով որ ուտի դրանից, իր անօրենությունը պիտի կրի։ 19Որևէ անմաքուր բանի կպած միսը չպետք է ուտվի, այլ պիտի այրվի կրակով։ Ամեն մաքուր մարդ կարող է այդ մսից#7.19 Այսինքն՝ խաղաղության զոհի միս։ ուտել։ 20Բայց այն մարդը, որ անմաքուր է, եթե Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից։ 21Ով որ դիպչի որևէ պիղծ բանի, դա լինի մարդու պղծության կամ պիղծ անասունի և կամ ամեն մի անմաքուր, պիղծ բանի,#7.21 Կամ սողունի։ եթե Տիրոջը մատուցված խաղաղության զոհի մսից ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից»։
22Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 23«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Բնավ չպիտի ուտեք արջառի, ոչխարի կամ այծի ճարպ։ 24Սատկած կամ հոշոտված անասունի ճարպը թող օգտագործվի որևէ բանի համար, բայց դրանից բնավ չպիտի ուտեք։ 25Որովհետև ով որ ուտի Տիրոջը զոհ մատուցված անասունի ճարպից, պիտի կորչի իր ժողովրդի միջից։ 26Ձեր ապրած բոլոր տեղերում արյուն բնավ չպիտի ուտեք, դա լինի թռչունի, թե անասունի։ 27Ամեն մարդ, որ որևէ տեսակի արյուն ուտի, պիտի կորչի իր ժողովրդի միջից”»։
28Տերը խոսեց Մովսեսի հետ՝ ասելով. 29«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Ով որ իր խաղաղության զոհը մատուցի Տիրոջը, թող իր խաղաղության զոհից մաս ընծայի Տիրոջը։ 30Եվ իր ձեռքով թող բերի Տիրոջ կրակով այրվող զոհերը. զոհի ճարպը թող բերի կրծքի հետ միասին, որպեսզի կուրծքը երերացնելու ընծայի համար երերացվի Տիրոջ առաջ։ 31Քահանան ճարպը թող այրի զոհասեղանի վրա, բայց կուրծքը պատկանում է Ահարոնին ու նրա որդիներին։ 32Ձեր խաղաղության զոհերի աջ զիստը քահանային պիտի տաք որպես բարձրացնելու ընծա։ 33Ահարոնի որդիներից ով որ խաղաղության զոհի արյունն ու ճարպը մատուցի, աջ զիստը նրա բաժինը թող լինի։ 34Որովհետև Իսրայելի որդիներից ես վերցրի խաղաղության զոհերից երերացնելու կուրծքը և բարձրացնելու զիստը և դրանք հավիտենական մի կանոնով տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին Իսրայելի որդիներից”»։ 35Այս է Տիրոջը մատուցվող զոհերից Ահարոնին ու նրա որդիներին հասանելիք բաժինը նրանց քահանա օծվելու օրվանից, 36որ Տերը պատվիրել է Իսրայելի որդիներից տալ նրանց՝ իրենց օծման օրվանից սկսած՝ որպես հավիտենական կանոն իրենց սերունդների մեջ։
37Այս է ողջակեզի, հացի ընծայի, մեղքի զոհի, հանցանքի զոհի, նվիրաբերման և խաղաղության զոհի օրենքը, 38որ Տերը պատվիրեց Մովսեսին Սինա լեռան վրա այն օրը, երբ նա Իսրայելի որդիներին պատվիրեց, որ իրենց զոհերը Տիրոջը մատուցեն Սինայի անապատում։

Արդեն Ընտրված.

ՂԵՎՏԱԿԱՆ 7: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում