ՀՈՎԵԼ 1

1
1Տիրոջ խոսքը, որը հասավ Փաթուելի որդի Հովելին.
Ժողովուրդը ողբում է բերքի ոչնչացման համար
2«Լսե՛ք այս, ո՛վ ծերեր, և ակա՛նջ դրեք, երկրի բոլո՛ր բնակիչներ, ձեր օրերում և կամ ձեր հայրերի օրերում այսպիսի բան եղե՞լ է։ 3Սրա մասին պատմե՛ք ձեր որդիներին, և ձեր որդիները՝ իրենց որդիներին, իսկ նրանց որդիները՝ հետագա սերնդին։ 4Խառնիճից մնացածը մորեխը կերավ, մորեխից մնացածը ջորյակը կերավ, ջորյակից մնացածը գրվիճը կերավ»։
5Զարթնե՛ք, ո՛վ հարբածներ, ու լացե՛ք և ողբացե՛ք, ո՛վ բոլոր գինի խմողներ, քաղցուի համար, որ կտրվել է ձեր բերանից։ 6Որովհետև իմ երկրի դեմ մի ազգ է եկել՝ զորավոր և անթիվ. նրա ատամներն առյուծի ատամներ են, և մատակ առյուծի ժանիքներ ունի։ 7Նա իմ որթատունկն ավերեց, թզենին կոտրատեց, ամբողջովին պլոկեց ու դեն նետեց. նրա ճյուղերը ճերմակեցին։
8Ողբա՛ կույսի պես, որ քուրձ է հագել՝ ողբալով իր երիտասարդության փեսային#1.8 Բռց. տիրոջը։։ 9Հացի ընծան և հեղման գինին կտրվել են Տիրոջ տնից, սուգ են անում Տիրոջ ծառաները՝ քահանաները։ 10Արտն ավերվել է, հողը սուգ է անում, որ ցորենն ավերվել է, գինին՝ ցամաքել, յուղը՝ նվազել։
11Ամաչե՛ք, ո՛վ հողագործներ, ողբացե՛ք, ո՛վ այգեգործներ, ցորենի համար և գարու համար, որովհետև արտերի բերքը փչացել է։ 12Որթը չորացել է, թզենին՝ թառամել, նռնենին, արմավենին և խնձորենին՝ դաշտի բոլոր ծառերը, չորացել են, որովհետև մարդկանց որդիներից հեռացել է ուրախությունը։
13 Քո՛ւրձ հագեք և սո՛ւգ արեք, ո՛վ քահանաներ, ողբացե՛ք, ո՛վ զոհասեղանի ծառաներ, եկե՛ք, գիշերը քուրձերով անցկացրե՛ք, ո՛վ իմ Աստծու ծառաներ, որովհետև ձեր Աստծու տնից վերացել են հացի ընծան և հեղման գինին։ 14Ծոմի օ՛ր նշանակեք, հանդիսավոր հավա՛ք հրավիրեք, երեցներին, երկրի բոլոր բնակիչներին հավաքե՛ք Տիրոջ՝ ձեր Աստծու տանը և աղաղակե՛ք Տիրոջը։
15Ափսո՜ս այդ օրվան, որովհետև մոտ է Տիրոջ օրը և Ամենակարողի կողմից որպես ավերում է գալիս։ 16Ահա մեր աչքի առաջ կտրվել է կերակուրը, մեր Աստծու տնից՝ ուրախությունն ու ցնծությունը։ 17Հողի կոշտերի տակ խորշոմել են սերմերը, ամայացել են շտեմարանները, քանդվել ամբարները, որովհետև ցորենը խորշակահար եղավ։ 18Ինչպե՜ս են հեծեծում անասունները, մոլորվել են արջառների հոտերը, որովհետև արոտ չկա նրանց համար, ոչխարների հոտերը ևս տառապում են։ 19Քե՛զ եմ աղաղակում, ո՛վ Տեր, քանզի կրակը լափել է անապատի արոտները, և բոցն այրել է դաշտի բոլոր ծառերը։ 20Դաշտի անասուններն էլ են քեզ կանչում, որովհետև ցամաքել են ջրերի վտակները, և կրակն այրել է անապատի արոտները։

Արդեն Ընտրված.

ՀՈՎԵԼ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում