ԵՍԱՅԻ 58

58
Ծոմապահություն
1Կոկորդալիր գոչի՛ր, մի՛ խնայիր, շեփորի պես բարձրացրո՛ւ ձայնդ, հայտարարի՛ր իմ ժողովրդին իր հանցանքը և Հակոբի տանը՝ իր մեղքերը։ 2Բայց նրանք ամեն օր փնտրում են ինձ և ուզում են գիտենալ իմ ճանապարհները՝ մի ազգի պես, որ արդարություն է գործում և իր Աստծու պատվիրանները չի լքել։ Նրանք ինձնից պահանջում են արդար իրավունք և փափագում են մոտենալ Աստծուն. 3«Ինչո՞ւ մենք ծոմ ենք պահել, և դու չես տեսել, ինչո՞ւ ենք խոնարհեցրել մեր անձերը, և դու չես իմանում»։ Ահա դուք ձեր ծոմապահության օրը ձեր ցանկություններն եք կատարում և ձեր բոլոր աշխատավորներին կեղեքում եք։ 4Ահա դուք կռվի և հակառակության համար եք ծոմ պահում, անզգամորեն բռնցքահարելու համար. այս օրվա նման ծոմ պահելով, որ ձեր ձայնը լսելի չլինի վերևում։ 5Այսպե՞ս կլինի այն ծոմապահությունը, որը ես նախընտրել եմ, իբրև մի օր, երբ մարդ իր անձը խոնարհեցնում է։ Գլուխը ծռել կնյունի պես, քուրձն ու մոխիրը փռել իր տակ. դու սա՞ ես ծոմապահություն կոչում և Տիրոջը ընդունելի օր։ 6Սա չէ այն ծոմը, որ ես ընտրել եմ. լուծի՛ր ամբարշտության կապանքները, արձակի՛ր լծի կապերը. կեղեքվածներին ազատի՛ր և կոտրի՛ր ամեն տեսակ լուծ։ 7Հացդ բաշխի՛ր քաղցածին, թափառական թշվառներին տո՛ւն բեր. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան և քո նմանից քեզ մի՛ ծածկիր։ 8Այն ժամանակ քո լույսը պիտի ծագի արշալույսի պես, քո ապաքինումը պիտի ծլարձակի շուտով, քո արդարությունը պիտի գնա քո առջևից, և Տիրոջ փառքը քեզ պիտի պահպանի թիկունքից։ 9Այն ժամանակ դու կկանչես, և Տերը կպատասխանի, դու կաղաղակես, և նա կասի. «Ահա ես»։ Եթե դու քո միջից հեռացնես լուծը, դեն գցես մատնացույց անելն ու չարախոսությունները, 10կերակրես#58.10 Բռց. քո անձը ընծայես քաղցածին։ քաղցածին և բավարարես կարոտյալի կարիքները, այն ժամանակ քո լույսը կծագի խավարի մեջ, և քո մթությունը կլինի կեսօրվա պես։ 11Տերը քեզ մշտապես կառաջնորդի, կկշտացնի քո անձը երաշտ վայրերում, կզորացնի քո ոսկորները, և դու կլինես ջրարբի պարտեզի նման, ջրի ակի նման, որից ջուրը չի պակասի։ 12Քո ազգակիցները#58.12 Բռց. քեզանից։ պիտի վերաշինեն հնամենի ավերակները, և դու պիտի վերականգնես շատ սերունդների հիմքերը։ Քեզ պիտի կոչեն պարսպաճեղքերը վերականգնող և բնակելի փողոցները վերանորոգող։
Շաբաթը պահելու վարձը
13«Եթե շաբաթ օրը՝ իմ սուրբ օրը, քո ոտքը հետ պահես քո ցանկությունը կատարելուց, եթե շաբաթը կոչես հաճելի և Տիրոջը նվիրված պատվական օր ու մեծարես այն՝ չհետևելով քո ճանապարհներին, չբավարարելով քո ցանկությունը և դատարկաբանություն չանելով, 14այն ժամանակ կհրճվես Տիրոջով, և ես քեզ կհանեմ երկրի բարձր տեղերը ու քեզ կուտեցնեմ քո հայր Հակոբի ժառանգությունը, քանզի Տիրոջ բերանը խոսեց այս»։

Արդեն Ընտրված.

ԵՍԱՅԻ 58: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում