ԾՆՆԴՈՑ 40

40
Հովսեփը մեկնում է բանտարկյալների երազները
1Այս դեպքերից հետո այնպես պատահեց, որ Եգիպտոսի թագավորի մատռվակն ու հացագործը հանցանք գործեցին իրենց տիրոջ՝ Եգիպտոսի թագավորի դեմ։ 2Փարավոնը բարկացավ իր երկու ներքինիների՝ մատռվակապետի և հացագործապետի վրա։ 3Եվ նրանց բանտարկեց դահճապետի տան բանտում, այնտեղ, որտեղ Հովսեփն էր բանտարկված։ 4Դահճապետը Հովսեփին վերակացու նշանակեց նրանց վրա, և նա ծառայում էր նրանց։ Նրանք միառժամանակ մնացին բանտում։
5Միևնույն գիշերը երկուսն էլ՝ Եգիպտոսի թագավորի մատռվակն ու հացագործը, որոնք բանտում կալանավորված էին, երազ տեսան. ամեն մեկն իր երազը՝ առանձին նշանակությամբ։ 6Առավոտյան Հովսեփը եկավ նրանց մոտ և տեսավ, որ նրանք տրտմած էին։ 7Եվ հարցրեց փարավոնի ներքինիներին, որոնք բանտարկված էին իր հետ իր տիրոջ տան բանտում, և ասաց նրանց. «Ինչո՞ւ են ձեր դեմքերն այսօր տխուր»։ 8Նրանք պատասխանեցին նրան. «Երազ ենք տեսել, և այն մեկնող չկա»։ Հովսեփն ասաց նրանց. «Մեկնություններն Աստծուն են վերաբերում. խնդրեմ, պատմե՛ք ինձ»։
9Մատռվակապետը Հովսեփին պատմեց իր երազը և ասաց նրան. «Երազումս տեսա, որ իմ առաջ մի որթատունկ կար։ 10Այդ որթատունկի վրա կային երեք ոստեր. հենց որ բողբոջեց, ծաղիկ տվեց, և նրա ողկույզները խաղող հասունացրին։ 11Փարավոնի բաժակն իմ ձեռքում էր։ Խաղողներն առա, ճմլեցի փարավոնի բաժակի մեջ և բաժակը տվեցի փարավոնի ձեռքը»։ 12Հովսեփն ասաց նրան. «Սա է դրա մեկնությունը. երեք ոստերը երեք օրեր են։ 13Երեք օր հետո փարավոնը կբարձրացնի քո գլուխը և քեզ դարձյալ կհաստատի քո պաշտոնի վրա, և փարավոնի բաժակը կտաս նրա ձեռքը նախկինի պես, երբ նրա մատռվակն էիր։ 14Բայց դու հիշի՛ր ինձ, երբ քեզ համար լավ կլինի, և խնդրում եմ, ինձ բարեհաճությո՛ւն արա. հիշի՛ր ինձ փարավոնի առաջ և հանի՛ր ինձ այս տնից, 15որովհետև ինձ իրոք գողացան եբրայեցիների երկրից, և այստեղ էլ մի բան չեմ արել, որ ինձ այս բանտը նետեն»։
16Երբ հացագործապետը տեսավ, որ լավ մեկնաբանեց, ասաց Հովսեփին. «Ես էլ իմ երազում տեսա՝ գլխիս վրա ընտիր ալյուրի երեք զամբյուղ կար։ 17Ամենավերևի զամբյուղի մեջ կային այն բոլոր կերակուրներից, որ հացագործը պատրաստում է փարավոնի համար։ Թռչուններն ուտում էին դրանք իմ գլխի վերևում գտնվող զամբյուղից»։ 18Հովսեփը պատասխանեց և ասաց. «Սա է դրա մեկնությունը. երեք զամբյուղը երեք օրեր են։ 19Երեք օր հետո փարավոնը գլուխդ կհանի քո վրայից, քեզ մի ծառից կկախի, և թռչունները քո վրայից կուտեն քո մարմինը»։
20Երրորդ օրը փարավոնի ծննդյան օրն էր, և նա իր բոլոր ծառաների համար խնջույք արեց։ Իր ծառաների միջից մատռվակապետի և հացագործապետի գլուխները բարձրացրեց։ 21Նա մատռվակապետին վերականգնեց իր պաշտոնում, և նա բաժակը տվեց փարավոնի ձեռքը, 22իսկ հացագործապետին կախել տվեց, ինչպես Հովսեփը մեկնել էր նրանց։ 23Սակայն մատռվակապետը չհիշեց Հովսեփին և մոռացավ նրան։

Արդեն Ընտրված.

ԾՆՆԴՈՑ 40: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում