Գաղատացիներին 6

6
1Եղբայրնե՛ր, եթե որևէ մեկը հանկարծ ինչ-որ հանցանքի մեջ բռնվի, դուք, որ հոգևոր եք, այդպիսի մեկին հեզության հոգով ուղղե՛ք։ Ինքներդ էլ զգուշացե՛ք, որ դուք էլ չփորձվեք։ 2Միմյանց բեռը կրե՛ք և այսպես Քրիստոսի օրենքը կատարե՛ք։ 3Եթե որևէ մեկը համարում է, թե ինքը մի բան է, բայց չէ, նա ինքն իրեն խաբում է։ 4Սակայն ամեն մեկը թող իր գործը քննի և ապա միայն ինքն իր նկատմամբ պարծանք ունենա, ոչ թե ուրիշի հետ համեմատվելով։ 5Որովհետև ամեն մեկն ի՛ր բեռը պետք է կրի։
6Խոսքին աշակերտողը թող ուսուցչին բոլոր բարի բաներին մասնակից անի։ 7Մի՛ խաբվեք. Աստված չի ծաղրվի։ Որովհետև մարդ ինչ որ սերմանի, այն էլ կհնձի։ 8Իր մարմնի համար սերմանողը մարմնից ապականություն կհնձի, իսկ Հոգու համար սերմանողը Հոգուց հավիտենական կյանք կհնձի։ 9Բարիք գործելուց չձանձրանանք, որովհետև իր ժամանակին կհնձենք, եթե չթուլանանք։ 10Ուրեմն քանի դեռ ժամանակ ունենք, բարի՛ք անենք բոլորին, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին։
Վերջին պատվերներ և ողջույններ
11Տեսե՛ք, թե ինչպիսի՛ գրերով գրեցի ձեզ իմ ձեռքով։ 12Ովքեր կամենում են մարդկանց հաճելի երևալ, նրանք ձեզ ստիպում են, որ թլփատվեք, միայն թե Քրիստոսի խաչի համար չհալածվեն։ 13Որովհետև այն թլփատվածներն իրենք էլ օրենքը չեն պահում, բայց կամենում են, որ դուք թլփատվեք, որպեսզի ձեր մարմնով պարծենան։ 14Սակայն քավ լիցի, որ ես պարծենամ, բացի մեր Տեր Հիսուս Քրիստոսի խաչով, որով աշխարհն ինձ համար խաչված է, ես էլ՝ աշխարհի համար։ 15Որովհետև ո՛չ թլփատությունն է կարևոր, ո՛չ էլ անթլփատությունը, այլ նոր արարած լինելը։ 16Եվ բոլոր նրանց, ովքեր այս կանոնի համաձայն են վարվում, խաղաղություն լինի նրանց վրա, և Աստծու ողորմությունը՝ Իսրայելի վրա։
17Սրանից հետո թող ոչ ոք ինձ չանհանգստացնի, որովհետև իմ մարմնի մեջ ես Տեր Հիսուսի վերքի նշաններն եմ կրում։
18Եղբայրնե՛ր, մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։

Արդեն Ընտրված.

Գաղատացիներին 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում