ԴԱՆԻԵԼ 7

7
Դանիելը նկարագրում է իր տեսիլքները
(7.1–12.13)
Չորս գազանների տեսիլքը
1Բաբելոնի Բաղդասար թագավորի առաջին տարում Դանիելն իր անկողնում երազ տեսավ և իր գլխում՝ տեսիլքներ. հետո գրեց երազը և սկսելով խոսքը՝ ասաց։ 2Դանիելն ասաց. «Գիշերը տեսիլքի մեջ տեսնում էի, որ ահա երկնքի չորս հողմերը հարձակվում էին մեծ ծովի վրա։ 3Եվ չորս մեծ գազաններ ելան ծովից՝ մեկը մյուսից տարբեր։
4Առաջինն առյուծի պես էր և արծվի թևեր ուներ։ Մինչ նայում էի, նրա թևերը պոկվեցին, և նա վերցվեց երկրից և մարդու պես երկու ոտքերի վրա կանգնեց։ Եվ մարդու միտք տրվեց նրան։
5Եվ ահա մի ուրիշ գազան՝ երկրորդը՝ արջի նման։ Մի կողմի վրա կանգնեց և կողքի երեք ոսկոր ուներ բերանում՝ ատամների մեջ։ Եվ այսպես ասացին նրան. “Վե՛ր կաց, շատ մի՛ս լափիր”։
6Ապա նայում էի, և ահա մեկ ուրիշը՝ ինձ նման, որի մեջքին թռչնի չորս թևեր կային, և գազանը չորս գլուխ ուներ։ Եվ նրան իշխանություն տրվեց։
7Սրանից հետո գիշերվա տեսիլքներում տեսա ահա մի չորրորդ գազանի՝ ահեղ, սոսկալի և չափազանց հզոր. նա երկաթե մեծ ատամներ ուներ, ուտում էր և փշրում ու մնացածը ոտքերով տրորում։ Նա տարբեր էր իրեն նախորդող բոլոր գազաններից և տասը եղջյուր ուներ։ 8Ես ուշադրությամբ նայում էի այդ եղջյուրներին, և ահա մի ուրիշ՝ փոքր եղջյուր դուրս ելավ նրանց մեջ, և առաջվա այն եղջյուրներից երեքը խլվեցին նրա առաջից։ Ահա մարդու աչքերի պես աչքեր կային այդ եղջյուրի վրա և մեծախոս բերան։
Նրա տեսիլքը, ով հավիտյան կենդանի է
9Մինչ նայում էի, գահեր տեղադրվեցին, և Հինավուրցը բազմեց։ Նրա հագուստը ձյան պես սպիտակ էր, իսկ նրա գլխի մազը՝ մաքուր բրդի պես։ Նրա գահը կրակի բոց էր, նրա անիվները՝ վառված կրակ։ 10Կրակի մի գետ էր հոսում և գնում նրա առաջից. հազար հազարներն էին ծառայում նրան, և բյուր բյուրավորներ կանգնած էին նրա առաջ։ Դատարանը#7.10 Բռց. դատաստանը։ նստեց, և գրքերը բացվեցին։ 11Ես նայում էի եղջյուրի ասած մեծախոս ձայնի պատճառով. նայում էի, մինչև որ գազանը սպանվեց, կործանվեց նրա մարմինն ու տրվեց կրակի բոցին։ 12Իսկ մնացած գազաններից վերցվեց նրանց իշխանությունը. մի եղանակ ու մի ժամանակ նրանց կյանքերը երկարացվեցին։ 13Գիշերվա տեսիլքներում ես տեսա, որ ահա երկնքի ամպերով մեկը եկավ՝ մարդու որդու նման, եկավ դեպի Հինավուրցը և նրան ներկայացվեց։ 14Եվ նրան իշխանություն, պատիվ ու թագավորություն տրվեցին, որպեսզի բոլոր ժողովուրդները, ազգերը և լեզուները նրան ծառայեն. նրա իշխանությունը հավիտենական իշխանություն է, որ չի անցնելու, և նրա թագավորությունը չի կործանվելու։
Տեսիլքների մեկնությունը
15Ես՝ Դանիելս, ներքուստ հոգեպես անհանգստացա, և իմ գլխի տեսիլքներն ինձ վրդովեցին։ 16Ես մոտեցա կանգնածներից մեկին և հարցրի այս բոլոր բաների իսկությունը։ Նա խոսեց և այս բաների մեկնությունն իմացրեց ինձ. 17“Այս չորս մեծ գազանները չորս թագավորներ են, որ ելնելու են երկրից։ 18Իսկ թագավորությունը ստանալու են Ամենաբարձրյալի սրբերը և տիրանալու են թագավորությանը հավիտյան և հավիտյանս հավիտենից”։
19Հետո ուզեցի իմանալ չորրորդ գազանի իսկությունը, որ բոլորից տարբեր էր. խիստ ահեղ, երկաթե ատամներով և պղնձե եղունգներով, ուտում էր, փշրում էր և մնացածն իր ոտքերով տրորում էր։ 20Եվ նրա գլխի վրայի տասը եղջյուրների մասին և այն մյուսի մասին և մյուս եղջյուրի, որը դուրս եկավ, և որի առաջից երեքն ընկան. այն եղջյուրը, որ աչքեր ուներ և մեծախոս բերան, և նրա կերպարանքն ավելի մեծ էր մյուսներից։ 21Մինչ նայում էի, այն եղջյուրը պատերազմեց սրբերի հետ և հաղթեց նրանց, 22մինչև որ եկավ Հինավուրցը և իրավունք տվեց Ամենաբարձրյալի սրբերին, և ժամանակը հասավ, որ սրբերը վերցնեն թագավորությունը։ 23Այսպես ասաց. “Չորրորդ գազանը երկրի վրա չորրորդ թագավորություն է լինելու, որը տարբեր պիտի լինի բոլոր թագավորություններից և պիտի լափի ամբողջ երկիրը, պիտի ոտնահարի և փշրի այն։ 24Իսկ այդ տասը եղջյուրները տասը թագավորներ են, որ այդ թագավորությունից են ելնելու։ Նրանցից հետո մի ուրիշն է լինելու, որը տարբեր է լինելու առաջիններից և երեք թագավոր է տապալելու։ 25Եվ Բարձրյալի դեմ խոսքեր է խոսելու, հյուծելու#7.25 Նաև նշանակում է հարստահարել, կեղեքել։ է Ամենաբարձրյալի սրբերին և մտածելու է ժամանակներն ու օրենքները փոխելու մասին։ Եվ դրանք մի ժամանակ, երկու ժամանակ ու կես ժամանակ նրա ձեռքը պիտի մատնվեն։ 26Բայց դատարանը պիտի բազմի, և նրա իշխանությունը պիտի վերցվի, որպեսզի ոչնչացվի ու իսպառ կորչի։ 27Թագավորությունն ու իշխանությունը և ամբողջ երկնքի տակ եղող թագավորությունների մեծությունը Ամենաբարձրյալի սրբերի ժողովրդին պիտի տրվեն. նրա թագավորությունը հավիտենական թագավորություն է, և բոլոր իշխանությունները նրան պիտի ծառայեն և հնազանդվեն”։
28Այստեղ է խոսքի վերջը. ինձ՝ Դանիելիս, շատ էին խռովում իմ խորհուրդները. փոխվեց երեսիս գույնը, բայց խոսքն իմ մտքում պահեցի»։

Արդեն Ընտրված.

ԴԱՆԻԵԼ 7: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում