ԴԱՆԻԵԼ 11

11
1Մարերի Դարեհ թագավորի առաջին տարում ես կանգնեցի նրան ուժեղացնելու և օգնելու։ 2Եվ հիմա քեզ ճշմարտությունը պիտի ասեմ. «Ահա Պարսկաստանում երեք թագավորներ են ելնելու, և չորրորդը մեծ հարստությամբ պիտի հարստանա բոլորից առավել։ Եվ երբ նա ուժեղանա իր հարստությամբ, այն ժամանակ նա բոլորին պիտի գրգռի հույների թագավորության դեմ։
Եգիպտական և ասորական թագավորությունները
3Ապա մի զորավոր թագավոր է ելնելու, որը տիրելու է մեծ իշխանությամբ և իր կամքի համաձայն է գործելու։ 4Եվ երբ բարձրանա, նրա թագավորությունը պիտի կործանվի և բաժանվի երկնքի չորս հողմերին. այլ ոչ թե իր հաջորդներին և նրա ունեցած իշխանության պես, որին տիրում էր։ Որովհետև նրա թագավորությունը արմատախիլ պիտի արվի և ուրիշներին տրվի, սրանցից բացի։
5Ապա պիտի հզորանա հարավի թագավորը, և նրա իշխաններից մեկը նրանից ավելի զորեղ պիտի լինի, և նրա տերությունը մեծ տերություն պիտի լինի։ 6Եվ տարիներ հետո պիտի դաշնակցեն իրար հետ, և հարավի թագավորի դուստրը համաձայնության համար հյուսիսի թագավորի մոտ պիտի գնա, բայց դուստրը բազկի ուժ չպիտի ունենա, և թագավորի բազուկը ևս չպիտի դիմանա, այլ նրա դուստրը և նրան բերողները, նրա ծնողները և նրան այն ժամանակներում օգնողները պիտի մատնվեն։
7Բայց նրա արմատների ընձյուղներից մեկը պիտի ելնի նրա փոխարեն, և նա կգա զորքի դեմ ու կմտնի հյուսիսի թագավորի ամրոցը, կպատերազմի նրանց դեմ ու կհաղթի։ 8Նույնիսկ նրանց աստվածները, ձուլածո կուռքերը ոսկե ու արծաթե ցանկալի անոթների հետ նա գերի պիտի տանի Եգիպտոս, որոշ տարիներ հեռու կմնա հյուսիսի թագավորից, 9որը պիտի մտնի հարավի թագավորի թագավորության մեջ և վերադառնա իր երկիրը։
10Եվ նրա որդիները պիտի պատերազմեն և շատ զորքերի բազմություն ժողովեն. նա պիտի գա, հեղեղի ու անցնի։ Եվ հետ դառնալիս էլ պիտի պատերազմը նորից տանի մինչև նրա ամրոցը։ 11Ապա հարավի թագավորը պիտի դառնանա, պիտի դուրս գա ու պատերազմի հյուսիսի թագավորի դեմ։ Նա էլ զորքի մեծ բազմություն է ոտքի հանելու, և այդ զորքի բազմությունը հարավի թագավորի ձեռքն է մատնվելու։ 12Եվ երբ հյուսիսի թագավորի զորքի բազմությունը պարտվի, հարավի թագավորի սիրտը պիտի հպարտանա, և նա բյուրավորների պիտի կործանի, բայց հաղթական մնա։ 13Եվ հյուսիսի թագավորը դարձյալ ու առաջվանից մեծ զորքի մի բազմություն ոտքի պիտի հանի։ Ու որոշ ժամանակ անց անպատճառ պիտի գա մեծ զորքով ու մեծ պատրաստությամբ#11.13 Բռց. ինչքով։։ 14Եվ այն ժամանակներում շատերն են ընդդիմանալու հարավի թագավորին. քո ժողովրդի անօրենները#11.14 Բռց. բռնացողների որդիները։ պիտի ըմբոստանան, որպեսզի գործադրեն տեսիլքը, բայց պիտի տապալվեն։ 15Եվ հյուսիսի թագավորը պիտի գա, պաշարման հողաբլուրներ պիտի բարձրացնի և գրավի լավ ամրացված մի քաղաք։ Եվ հարավի զորքերը չպիտի դիմանան, նրա ընտրյալ զորքերի բազմությունը ևս, որովհետև դիմանալու ուժ չի լինելու։ 16Եվ նրա դեմ եկողն իր կամքի համաձայն պիտի վարվի, և նրա առաջ կանգնող չի լինելու։ Նա փառավոր երկրում պիտի կանգ առնի, և դրա ոչնչացումը նրա ձեռքում պիտի լինի։ 17Եվ իր դեմքը հարավ պիտի ուղղի, իր թագավորության ամբողջ ուժով պիտի գա, համաձայնության գա հարավի թագավորի հետ և այդպես անի. դուստր կնության պիտի տա նրան, որպեսզի կործանի թագավորությունը, բայց չպիտի հաջողվի ու չպիտի լինի։ 18Հետո նա իր դեմքը պիտի դարձնի դեպի ծովեզրյա շրջանները և շատերին պիտի տիրի, բայց մի մեծավոր պիտի դադարեցնի նրա նախատինքը և դրանով նրա նախատինքը նրա վրա պիտի դարձնի։ 19Եվ նա իր դեմքը կրկին դեպի իր երկրի ամրոցները պիտի դարձնի, բայց պիտի սայթաքի և վայր ընկնի և չգտնվի։
20Եվ նրա փոխարեն մեկը պիտի ելնի, որը հարկապահանջին կուղարկի թագավորության փառքի համար, բայց նա մի քանի օրից հետո կկործանվի, ո՛չ բարկությամբ և ո՛չ պատերազմով։
Ասորիքի չար թագավորը
21Եվ նրա փոխարեն անարգ մեկը կելնի, որին թագավորական մեծափառություն տրված չի լինի, բայց նա անսպասելիորեն կգա և շողոքորթություններով կհափշտակի թագավորությունը։ 22Եվ նրա առջևից զորքերը հեղեղի նման պիտի քշվեն ու կոտորվեն, նաև՝ ուխտի իշխանը։ 23Եվ նրա հետ դաշնակցելուց հետո նա նենգություն պիտի անի և փոքրաթիվ ազգով պիտի զորանա։ 24Անսպասելիորեն բարեբեր գավառը պիտի մտնի և պիտի անի այն, ինչ չէին արել նրա հայրերը և նրա հայրերի հայրերը. կողոպուտ, ավար և ունեցվածք պիտի բաժանի յուրայիններին#11.24 Բռց. նրանց։, ամրությունների դեմ պիտի դավադրի, բայց միայն մի ժամանակ։ 25Եվ իր զորությունն ու իր հաստատամտությունը մի մեծ զորքով պիտի գրգռի հարավային թագավորի դեմ, և հարավային թագավորը պատերազմի պիտի հրահրվի մեծ և խիստ զորավոր զորքով, բայց չպիտի դիմանա, որովհետև նրա դեմ դավեր պիտի նյութեն։ 26Եվ նրա կերակուրներն ուտողները պիտի կործանեն նրան, և նրա զորքը պիտի ջախջախվի, ու շատ սպանվածներ պիտի ընկնեն։ 27Եվ այս երկու թագավորների մտքերն էլ չարության են հակված. նույն սեղանի վրա սուտ են խոսելու, բայց չեն հաջողելու, որովհետև որոշված ժամանակին վախճանը դեռևս պիտի լինի։ 28Եվ նա իր երկիրը պիտի վերադառնա մեծ հարստությամբ, և նրա սիրտը սուրբ ուխտի դեմ պիտի լինի. իր ուզածը պիտի անի և իր երկիրը վերադառնա։
29 Սահմանված ժամանակին պիտի վերադառնա և հարձակվի հարավի վրա, բայց այս անգամ նախկինի նման չի լինելու։ 30Որովհետև Կիտտիմի նավերը նրա դեմ պիտի գնան, և նա պիտի հուսալքվի։ Նա պիտի հետ դառնա ու ցասումով գործի սուրբ ուխտի դեմ։ Ետ պիտի դառնա և ուշադրություն դարձնի սուրբ ուխտը լքողներին։ 31Եվ նրանից զորքեր են ելնելու, նրանք պիտի սրբապղծեն սրբարանը՝ ամրոցը, և դադարեցնեն մշտնջենական զոհը, փոխարենը ավերող գարշելի քանդակը պիտի դնեն։ 32Եվ ուխտի դեմ ամբարշտություն անողներին պիտի հրապուրի շողոքորթությամբ, բայց իր Աստծուն ճանաչողների ժողովուրդը ուժգնորեն պիտի ընդդիմանա։ 33Եվ ժողովրդի իմաստունները շատերին պիտի հասկացնեն, բայց մի որոշ ժամանակ պիտի ընկնեն սրով ու բոցով, գերությամբ ու հափշտակությամբ։ 34Եվ ընկնելիս նրանք մի փոքր օգնություն պիտի ստանան, և շատերը շողոքորթություններով պիտի հարեն նրանց։ 35Եվ իմաստուններից ոմանք պիտի ընկնեն, որպեսզի նրանց զտի և մաքրի ու սպիտակեցնի մինչև վախճանի ժամանակը, որովհետև այն գալու է սահմանված ժամանակին։ 36Եվ թագավորն ըստ իր կամքի պիտի վարվի և իրեն ամեն աստվածությունից վեր է բարձրացնելու և մեծացնելու և աստվածների Աստծու դեմ անհավատալի բաներ է խոսելու։ Եվ պիտի հաջողի, մինչև ցասման ժամանակ սպառվի, որովհետև նախասահմանվածը#11.36 Բռց. վճռվածը։ պիտի գործադրվի։ 37Եվ իր հայրերի աստվածներին ուշադրություն չպիտի դարձնի, ոչ էլ՝ կանանց ցանկալի եղող աստծուն. ոչ մի աստծու ուշադրություն չի դարձնելու, որովհետև իրեն բոլորից ավելի է բարձրացնելու։ 38Սակայն իր տեղում կպատվի ամրոցների աստծուն և իր հայրերի չճանաչած աստծուն կպատվի ոսկով, արծաթով և պատվական քարերով ու ցանկալի բաներով։ 39Եվ օտար աստծու հետ պիտի պայքարի ամրոցների ամրության դեմ. ովքեր ճանաչում տան նրան, նրանց պատիվը պիտի բազմապատկի և նրանց շատերի վրա տիրել պիտի տա և երկիրն իբրև վարձ է բաժանելու։
40Վախճանի ժամանակ նրա հետ պիտի բախվի հարավի թագավորը։ Կառքերով ու ձիավորներով և բազում նավերով մրրիկի պես նրա վրա է հարձակվելու հյուսիսի թագավորը, երկրները պիտի մտնի, պիտի ողողի և անցնի։ 41Եվ պիտի գա փառավոր երկիրը, և շատերը պիտի կործանվեն։ Բայց սրանք պիտի ազատվեն նրա ձեռքից՝ Եդովմը և Մովաբը և Ամմոնի որդիների գլխավոր մասը։ 42Եվ նա իր ձեռքը պիտի մեկնի դեպի երկրները. Եգիպտոսի երկիրը ևս չի ազատվելու։ 43Եվ պիտի տիրի Եգիպտոսի ոսկու և արծաթի գանձերին և բոլոր մեծարժեք բաներին. լիբեացիներն ու եթովպացիները նրան պիտի հետևեն։ 44Բայց արևելքից և հյուսիսից եկող լուրերը պիտի խռովեն նրան, և նա պիտի ելնի մեծ զայրույթով, որպեսզի շատերին կործանի ու բնաջնջի։ 45Եվ նա իր պալատի պես վրանները տարածելու է ծովերի և փառավոր սուրբ լեռան մեջտեղում։ Բայց պիտի հասնի իր վախճանին, և նրան օգնող չի լինելու»։

Արդեն Ընտրված.

ԴԱՆԻԵԼ 11: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում