ԱՄՈՎՍ 1

1
1Խոսքերն Ամովսի, որ Թեկուեի հովիվներից էր, որ նա տեսավ Իսրայելի մասին Ոզիա թագավորի օրերին և Իսրայելի թագավոր Հովասի որդի Հերոբովամի օրերին, երկրաշարժից երկու տարի առաջ։
2Եվ ասաց. «Տերը մռնչում է Սիոնից և Երուսաղեմից տալիս իր ձայնը, և հովիվների արոտները պիտի սգան, և Կարմեղոսի գագաթը պիտի չորանա»։
Տերը դատում է Իսրայելի հարևաններին
ա. Դամասկոս
3Տերն այսպես է ասում. «Դամասկոսի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք երկաթե կռաններով կալսեցին Գաղաադին։ 4Այլ կրակ պիտի գցեմ Ազայելի տան վրա, որ լափի Բենադադի պալատները։ 5Եվ պիտի կոտրեմ Դամասկոսի դռների նիգը և բնակչին պիտի բնաջնջեմ Ավենի հովտից և իշխանական ցուպը բռնողին՝ Բեթ-Եդեմից, և արամեացի ժողովուրդը գերի պիտի գնա Կիր»,- ասում է Տերը։
բ. Գազա
6Տերն այսպես է ասում. «Գազայի երեք օրինազանցությունների համար ու չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք մի ամբողջ ժողովուրդ աքսորեցին, որ հանձնեն Եդովմին։ 7Այլ կրակ պիտի ուղարկեմ Գազայի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները։ 8Եվ Ազովտոսից պիտի բնաջնջեմ բնակչին, իշխանական ցուպ բռնողին՝ Ասկալոնից և իմ ձեռքը Ակկարոնի վրա պիտի դարձնեմ, և փղշտացիների մնացորդը պիտի կորչի»,- ասում է Տեր Աստված։
գ. Տյուրոս
9Տերն այսպես է ասում. «Տյուրոսի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք աքսորյալներին զանգվածաբար հանձնեցին Եդովմին և չհիշեցին եղբայրական ուխտը։ 10Այլ ես կրակ պիտի գցեմ Տյուրոսի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները»։
դ. Եդովմ
11Տերն այսպես է ասում. «Եդովմի երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև սրով հալածեց իր եղբորը և շարունակեց անողոք լինել և իր բարկությունը միշտ բորբոքեց և իր ցասումը հավիտյան պահեց։ 12Այլ ես կրակ պիտի գցեմ Թեմանի վրա՝ լափելու Բոսրայի պալատները»։
ե. Ամմոն
13Տերն այսպես է ասում. «Ամմոնի որդիների երեք օրինազանցությունների համար և չորրորդի համար պատիժը հետ չեմ կոչելու, որովհետև նրանք պատռեցին Գաղաադի հղիների որովայնը, որպեսզի ընդարձակեն իրենց սահմանը։ 14Այլ ես կրակ պիտի վառեմ Ռաբբայի վրա՝ լափելու նրա պատերը և պալատները պատերազմի աղաղակով՝ խռովության օրը, փոթորկի օրը՝ մրրիկով։ 15Եվ նրանց թագավորը պիտի աքսորվի՝ թե՛ ինքը, թե՛ իր իշխանները միասին»,- ասում է Տերը։

Արդեն Ընտրված.

ԱՄՈՎՍ 1: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում