Գործք Առաքելոց 28

28
Պողոսը Մելիտեում (Մալթա կղզում)
1Երբ փրկվեցինք, այն ժամանակ իմացանք, որ այդ կղզու անունը Մելիտե էր։ 2Տեղացիները մեր հանդեպ բացառիկ մարդասիրություն ցույց տվեցին. խարույկ վառեցին, մեզ բոլորիս ընդունեցին, քանի որ անձրև էր ու ցուրտ։ 3Երբ Պողոսը շատ չոր փայտեր էր հավաքել և կրակի վրա էր դնում, տաքությունից մի իժ դուրս եկավ ու նրա ձեռքից կախվեց։ 4Երբ տեղացիները տեսան նրա ձեռքից կախված սողունին, միմյանց ասացին. «Այս մարդը հաստատ մարդասպան է, որ ծովից փրկվեց, բայց արդարությունը նրան չթողեց, որ ապրի»։ 5Պողոսը սողունին կրակի մեջ թափ տվեց, և իրեն ոչ մի վատ բան չպատահեց։ 6Իսկ նրանք սպասում էին, որ նա կուռչի կամ հանկարծակի մեռած կընկնի։ Երբ շատ սպասեցին ու տեսան, որ նրան ոչ մի վնաս չեղավ, իրենց կարծիքը փոխեցին և ասացին. «Սա մի աստված է»։ 7Այդ տեղի շրջակայքում գտնվում էին կղզու Պոպլիոս անունով գլխավորի գյուղերը։ Նա մեզ երեք օրով սիրով իր մոտ ընդունեց։ 8Այնպես եղավ, որ Պոպլիոսի հայրը ջերմով ու արյունալուծից հիվանդացել, պառկել էր։ Պողոսը նրա մոտ մտավ, աղոթեց, ձեռքերը դրեց նրա վրա ու բժշկեց նրան։ 9Երբ այս պատահեց, կղզում ապրող ուրիշ հիվանդներ էլ գալիս էին և բժշկվում։ 10Նրանք մեծ հանդիսավորությամբ մեզ պատվեցին, և երբ մեկնում էինք, ինչ որ պետք էր, տվեցին։
Մալթայից Հռոմ
11Երեք ամիս հետո բարձրացանք մի նավ, որ ձմեռել էր այդ կղզում։ Այն ալեքսանդրիական էր և դիոսկուրյանների#28.11 Այսինքն՝ «երկվորյակ աստվածների»։ նշանն ուներ։ 12Սիրակուսա իջնելով՝ երեք օր այնտեղ մնացինք։ 13Այնտեղից պտույտ գործելով՝ հասանք Ռեգիոն։ Երբ մեկ օր հետո հարավի քամին փչեց, երկու օրում հասանք Պոտիոլոս, 14որտեղ և գտանք եղբայրների, որոնք խնդրեցին, որ յոթ օր իրենց մոտ մնանք։ Այնուհետև եկանք Հռոմ։ 15Եվ այնտեղից եղբայրները, մեր մասին լսած լինելով, մեզ ընդառաջ ելան մինչև Ապպիոսի առևտրի պալատն#28.15 Հռոմից 65 կմ դեպի հարավ գտնվող առևտրական փոքր քաղաք։ ու Երեք պանդոկները։ Երբ Պողոսը նրանց տեսավ, Աստծուն գոհություն հայտնեց ու քաջալերվեց։
Պողոսի քարոզչությունը Հռոմում
16Երբ Հռոմ մտանք, Պողոսին հրամայվեց իր պահապան զինվորի հետ առանձին մնալ։
17Երեք օր հետո Պողոսը հրավիրեց հրեաների գլխավորներին։ Երբ եկան, նրանց ասաց. «Եղբայրնե՛ր, ժողովրդին կամ նախնյաց ավանդույթներին հակառակ ոչինչ չգործած՝ Երուսաղեմից կալանավորված՝ հռոմեացիների ձեռքը մատնվեցի։ 18Նրանք ինձ դատելուց հետո կամեցան բաց թողնել, որովհետև իմ մեջ մահապատժի արժանի ոչ մի հանցանք չկար։ 19Բայց երբ հրեաներն առարկում էին, ստիպված եղա կայսրին դիմել. ոչ թե որ իմ ազգին ամբաստանելու բան ունեի։ 20Այս պատճառով է, որ այժմ խնդրեցի ձեզ տեսնել ու խոսել, որովհետև Իսրայելի հույսի համար եմ ես այս շղթայով կապված»։ 21Իսկ նրանք ասացին նրան. «Մենք քո վերաբերյալ Հրեաստանից ո՛չ նամակ ենք ստացել, ո՛չ էլ եղբայրներից որևէ մեկը եկել ու քո մասին վատ բան է պատմել կամ խոսել։ 22Բայց կցանկանայինք քեզանից լսել, թե ի՛նչ ես կարծում, որովհետև այդ աղանդի մասին մեզ հայտնի է, որ ամենուրեք դրա դեմ հակաճառություն կա»։
Հռոմում Պողոսի կոչը հրեաներին
23Նրա հետ որոշակի օր նշանակելուց հետո բազում մարդիկ եկան նրա օթևան, որոնց վկայում էր Աստծու արքայության մասին և առավոտից մինչև երեկո նրանց համոզում Հիսուսի մասին Մովսեսի օրենքով ու մարգարեներով։ 24Ոմանք հավատում էին նրա խոսքերին, իսկ ոմանք չէին հավատում։ 25Եվ իրար հետ համաձայնության չգալով՝ հեռանում էին, երբ Պողոսն այս խոսքն ասաց. «Սուրբ Հոգին Եսայի մարգարեի միջոցով մեր հայրերի հետ լավ խոսեց 26և ասաց.
"Գնա՛ այս ժողովրդի մոտ և ասա՛.
"Դուք կլսեք, բայց չեք հասկանա,
և կնայեք, բայց չեք տեսնի։
27 Որովհետև այս ժողովրդի սիրտը կարծրացել է,
և իրենց ականջներով ծանր են լսում
և իրենց աչքերը փակել են,
որպեսզի երբեք աչքերով չտեսնեն,
ականջներով չլսեն
ու սրտով չիմանան, դարձի չգան,
և ես չբժշկեմ նրանց" (Ես. 6.9-10)։
28Արդ թող ձեզ հայտնի լինի, որ Աստծու փրկությունը ուղարկվեց հեթանոսներին, և նրանք էլ կլսեն»։ #28.28 28.29 համարը հին հունարենում պակասում է։
Աստծու արքայության քարոզությունը
30Եվ Պողոսն ամբողջ երկու տարի ապրեց իր ծախսով և ընդունում էր բոլոր իր մոտ եկողներին։ 31Քարոզում էր Աստծու արքայությունը և ամենայն համարձակությամբ անխափան ուսուցանում էր Տեր Հիսուս Քրիստոսի մասին։

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում