Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8

8
Սողոմոնի շինությունները
(Գ Թագ. 9.10-28)
1Սողոմոնը քսան տարվա ընթացքում կառուցեց Տիրոջ տունն ու իր տունը. 2Սողոմոնը վերակառուցեց նաև այն քաղաքները, որ Քիրամն իրեն էր տվել էր, և այնտեղ բնակեցրեց Իսրայելի որդիներին։ 3Սողոմոնը գնաց Սուբայի Եմաթ և գրավեց այն։ 4Նա անապատում կառուցեց Թադմորը և Եմաթում՝ բոլոր շտեմարանների քաղաքները։ 5Նա կառուցեց նաև Վերին Բեթորոնն ու Ներքին Բեթորոնը՝ պարիսպներով, դռներով և նիգերով ամրացված քաղաքները, 6Բաաղեթն ու Սողոմոնի բոլոր շտեմարանների քաղաքները, մարտակառքերի բոլոր քաղաքները, ձիավորների քաղաքներն ու այն ամենը, ինչ կամեցավ կառուցել Սողոմոնը Երուսաղեմում, Լիբանանում և իր տերության ամբողջ երկրում։
7Այն բոլոր ժողովուրդներին, որոնք մնացել էին քետացիներից, ամորհացիներից, փերեզացիներից, խևացիներից, հեբուսացիներից, որոնք իսրայելացի չէին, 8այսինքն՝ նրանց որդիներին, որոնք մնացել էին նրանցից հետո այդ երկրում, և որոնց Իսրայելի որդիները չէին կոտորել, Սողոմոնը նրանց հարկատու դարձրեց մինչև այսօր։ 9Բայց նրանք, որոնք Իսրայելի որդիներից էին, Սողոմոնը նրանց ստրուկներ չդարձրեց իր աշխատանքների համար, որովհետև նրանք պատերազմող մարդիկ էին և իր զորավարների իշխանները, իր մարտակառքերի և իր հեծյալների իշխաններն էին։ 10Սրանք Սողոմոնի գլխավոր իշխաններն էին՝ երկու հարյուր հիսուն հոգի, որոնք իշխում էին ժողովրդի վրա։
11Սողոմոնը Դավթի քաղաքից հանեց փարավոնի աղջկան և բերեց այն տունը, որ կառուցել էր նրա համար, որովհետև ասում էր. «Իմ կինը չպետք է բնակվի Իսրայելի թագավոր Դավթի տանը, քանի որ սուրբ են այն տեղերը, ուր որ մտել է Տիրոջ տապանակը»։
12Այն ժամանակ Սողոմոնը Տիրոջը ողջակեզներ մատուցեց սրահի դիմաց իր կառուցած զոհասեղանի վրա, 13որպեսզի, Մովսեսի պատվիրածի համաձայն, յուրաքանչյուր օրվա համար ողջակեզ մատուցվի շաբաթ օրերին, ամսագլուխներին և հանդիսավոր տոներին տարին երեք անգամ՝ Բաղարջակերաց տոնին, Շաբաթների տոնին և Տաղավարահարաց տոնին։ 14Նա, իր հայր Դավթի հաստատած կանոնի համաձայն, քահանաների դասերը դրեց իրենց պաշտոնների վրա, ղևտացիներին՝ իրենց պահպանությունների վրա, որպեսզի օրհներգեն ու ծառայեն քահանաների առջև ըստ յուրաքանչյուր օրվա կարգի, և դռնապաններին՝ յուրաքանչյուր դռան վրա՝ ըստ իրենց դասերի, որովհետև այդպես էր Աստծու մարդ Դավթի հրամանը։ 15Եվ չշեղվեցին թագավորի հրամանից, որ տվել էր քահանաների, ղևտացիների վերաբերյալ, ոչ էլ որևէ բանի մասին, ոչ էլ գանձարանների մասին։ 16Այսպես իրագործվեց Սողոմոնի ամբողջ գործը՝ Տիրոջ տան հիմը դնելու օրվանից մինչև նրա ավարտը. Տիրոջ տան կառուցումն ավարտվեց։
17Այն ժամանակ Սողոմոնը գնաց Գասիոն-Գաբեր և Ելաթ, որ ծովեզերքին էր՝ Եդովմի երկրում։ 18Քիրամը նրա համար իր ծառաների միջոցով նավեր և ծովագետ ծառաներ ուղարկեց։ Նրանք Սողոմոնի ծառաների հետ գնացին Օփիր և այնտեղից չորս հարյուր հիսուն տաղանդ ոսկի առան ու բերեցին Սողոմոն թագավորի համար։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 8: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում