Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6

6
Սողոմոնը խոսում է ժողովրդի հետ
(Գ Թագ. 8.12-21)
1Այն ժամանակ Սողոմոնն ասաց. «Տերն ասաց, որ ինքը մառախուղի մեջ է բնակվում. 2բայց ես քեզ համար բնակվելու վեհաշուք տուն կառուցեցի, մի տեղ, որ դու հավիտյան բնակվես»։ 3Թագավորն իր երեսը դարձրեց և օրհնեց Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդին։ Իսրայելի հավաքված ամբողջ ժողովուրդը կանգնած էր։ 4Նա ասաց. «Օրհնյալ լինի Իսրայելի Տեր Աստվածը, որն ինչ որ ասաց իր բերանով իմ հայր Դավթին, այն էլ կատարեց իր ձեռքով՝ ասելով. 5“Այն օրվանից, երբ իմ ժողովրդին հանեցի Եգիպտոսից, Իսրայելի բոլոր ցեղերից որևէ քաղաք չընտրեցի տուն կառուցելու համար, որպեսզի իմ անունն այնտեղ լինի, և որևէ մարդու չընտրեցի, որպեսզի առաջնորդ լինի Իսրայելի իմ ժողովրդի վրա, 6այլ Երուսաղեմն ընտրեցի, որ իմ անունն այնտեղ լինի, և Դավթին ընտրեցի, որ Իսրայելի իմ ժողովրդի իշխան լինի”։ 7Իմ հայր Դավիթը մտադրվել էր, որ Իսրայելի Տեր Աստծու անվան համար մի տուն կառուցի։ 8Բայց Տերն ասաց իմ հայր Դավթին. “Քանի որ դու մտադրվել էիր, որ իմ անվան համար տուն կառուցես, լավ ես արել, որ այդ բանը դրել ես քո սրտում։ 9Միայն թե դու չէ, որ պիտի կառուցես տունը, այլ՝ քեզնից ծնված քո որդին. նա՛ պիտի կառուցի իմ անվան համար տունը”։ 10Տերը կատարեց իր ասած խոսքը, և ես բարձրացա իմ հայր Դավթի տեղն ու նստեցի Իսրայելի գահին, ինչպես որ ասել էր Տերը, և ես կառուցեցի Իսրայելի Տեր Աստծու անվան համար տունը։ 11Ես տապանակը դրեցի այնտեղ, որի մեջ է գտնվում Տիրոջ ուխտը, որ նա կնքեց Իսրայելի որդիների հետ»։
Սողոմոնի աղոթքը
(Գ Թագ. 8.22-53)
12Ապա Սողոմոնը կանգնեց Տիրոջ սեղանի առջև, Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդի դիմաց և տարածեց իր ձեռքերը։ 13(Որովհետև Սողոմոնը պղնձե մի ամբիոն էր պատրաստել և այն դրել գավթի մեջտեղում. դրա երկարությունը հինգ կանգուն էր, լայնությունը՝ հինգ կանգուն, բարձրությունը՝ երեք կանգուն)։ Նա կանգնեց դրա վրա, ծնկի եկավ Իսրայելի հավաքված ամբողջ ժողովրդի առաջ և իր ձեռքերը մեկնեց դեպի երկինք։
14Նա ասաց. «Ո՛վ տեր Աստված Իսրայելի, քեզ նման Աստված չկա երկնքում և երկրի վրա. ուխտ ու ողորմություն ես դու պահում քո առաջ ամբողջ սրտով ընթացող ծառաներիդ համար։ 15Դու պահեցիր քո ծառային՝ իմ հայր Դավթին տված քո այն խոսքը, որ նրան ասացիր. ինչ որ ասել էիր քո բերանով, այսօր կատարեցիր քո ձեռքով։ 16Եվ հիմա, ո՛վ Տեր Աստված Իսրայելի, պահի՛ր այն, ինչ որ խոստացար քո ծառա Դավթին՝ իմ հորը՝ ասելով. “Իմ առաջ Իսրայելի գահի վրա նստող մարդ չի պակասի քեզանից, միայն թե քո որդիները պահեն իրենց ճանապարհը, որ ընթանան իմ օրենքի համաձայն, ինչպես որ դու ընթացար իմ առաջ”։ 17Արդ, ո՛վ Տեր Աստված Իսրայելի, թող հաստատվի քո խոսքը, որ ասացիր քո ծառա՝ իմ հայր Դավթին։
18Բայց իրոք Աստված կբնակվի՞ մարդկանց հետ երկրի վրա։ Ահա երկինքն ու երկինքների երկինքը չեն կարող պարփակել քեզ, էլ ո՜ւր մնաց իմ կառուցած այս տունը։ 19Սակայն, ո՛վ իմ Տեր Աստված, նայի՛ր քո ծառայի աղոթքին ու նրա աղերսանքին, լսի՛ր այն պաղատանքն ու աղոթքը, որ քո ծառան աղոթում է քո առաջ, 20որպեսզի քո աչքերը գիշեր ու ցերեկ բաց լինեն այս տան վրա, այն տեղի վրա, որի համար ասացիր, թե այնտե՛ղ պիտի լինի քո անունը, որպեսզի լսես այն աղոթքը, որ ծառադ աղոթում է այստեղ։ 21Լսի՛ր քո ծառայի ու Իսրայելի քո ժողովրդի աղերսանքը, որ նրանք մատուցում են այս տեղում։ Լսի՛ր դու քո բնակության տեղից՝ երկնքից, և երբ լսես, ների՛ր։
22Եթե մեկը մեղանչի իր ընկերոջ դեմ և նրան առաջարկի երդում անել, որպեսզի երդվեցնի նրան, և գա ու երդում անի քո սեղանի առաջ այս տանը, 23այն ժամանակ դու լսի՛ր նրան երկնքից, կատարի՛ր քո ծառաների դատը, որպեսզի հանցավորին իր հատուցումը տաս և նրա արարքը իր գլխին թափես, իսկ արդարին արդարացնես և հատուցես իր արդարության համեմատ։
24Եթե Իսրայելի քո ժողովուրդը քո դեմ մեղանչելու պատճառով պարտվի իր թշնամու առաջ և ապա դառնա դեպի քեզ, փառք տա քո անվանը և աղոթի ու աղերսի քո առջև այս տանը, 25այն ժամանակ դու լսի՛ր երկնքից ու ների՛ր Իսրայելի քո ժողովրդի մեղքը և վերադարձրո՛ւ նրանց այն երկիրը, որ տվել ես նրանց ու նրանց հայրերին։
26Երբ երկինքը փակվի, ու անձրև չգա քո դեմ նրանց գործած մեղքերի պատճառով, և նրանք աղոթք անեն՝ դեպի այս տեղը դարձած, և փառք տան քո անվանն ու դառնան իրենց մեղքերից, քանի որ դու նեղել ես նրանց, 27այն ժամանակ դու լսի՛ր երկնքում և ների՛ր քո ծառաների և Իսրայելի քո ժողովրդի մեղքը, սովորեցրո՛ւ նրանց բարի ճանապարհը, որով պետք է գնան, և անձրև՛ պարգևիր քո երկրին, որ տվել ես քո ժողովրդին իբրև ժառանգություն։
28Երբ սով լինի երկրի վրա, ժանտախտ, երաշտ, դեղնախտ, մորեխ կամ թրթուր, կամ երբ նրանց թշնամիները նեղեն իրենց բնակած քաղաքներում, կամ որևէ հարված լինի կամ հիվանդություն, 29երբ Իսրայելի քո ամբողջ ժողովրդից որևէ մեկը որևիցե աղոթք և աղերսանք մատուցի, և ամեն մարդ, իմանալով իր ցավն ու իր հիվանդությունը, իր ձեռքերը տարածի դեպի այս տունը, 30այն ժամանակ դու երկնքից՝ քո բնակության տեղից, լսի՛ր ու ների՛ր և տո՛ւր այդ մարդուն իր բոլոր ճանապարհների համեմատ, որ ճանաչել ես նրա սիրտը (որովհետև դո՛ւ միայն գիտես մարդկանց որդիների սիրտը), 31որպեսզի վախենան քեզանից և գնան քո ճանապարհներով բոլոր այն օրերին, որ կապրեն այս երկրում, որ դու տվել ես մեր հայրերին։
32Նաև այն օտարականն էլ, որ Իսրայելի քո ժողովրդից չէ, հեռու երկրից գա քո մեծ անվան, քո զորեղ ձեռքի և քո մեկնած բազկի պատճառով, երբ գա և աղոթք անի այս տանը, 33այն ժամանակ դու լսի՛ր երկնքից՝ քո բնակության տեղից, և արա՛ այն օտարականին այն ամենը, ինչ նա կխնդրի քեզնից, որպեսզի երկրի բոլոր ազգերն իմանան քո անունը, վախենան քեզանից, ինչպես Իսրայելի քո ժողովուրդը, և գիտենան, որ քո անունով է կոչված իմ կառուցած այս տունը։
34Երբ քո ժողովուրդը պատերազմի գնա իր թշնամիների դեմ այն ճանապարհով, որով դու նրանց կուղարկես, և երբ նրանք աղոթք անեն քեզ՝ դառնալով դեպի քո այս ընտրած քաղաքն ու այս տունը, որ ես կառուցել եմ քո անվան համար, 35այն ժամանակ լսի՛ր երկնքից նրանց աղոթքն ու նրանց աղերսանքը և պաշտպանի՛ր նրանց իրավունքը։
36Երբ նրանք մեղանչեն քո դեմ (որովհետև չկա մարդ, որ չմեղանչի), և դու բարկանաս նրանց վրա ու նրանց մատնես թշնամու ձեռքը, և նրանց գերեվարողները նրանց գերի տանեն հեռավոր կամ մոտիկ երկիր, 37և սրտանց զղջան այն երկրում, ուր գերի են տարվել, դարձի գան ու քեզ աղերսեն իրենց գերության երկրում՝ ասելով՝ “Մեղք գործեցինք, անօրենություն և անիրավություն արեցինք”, 38և իրենց ամբողջ սրտով ու ամբողջ հոգով դառնան դեպի քեզ իրենց գերության երկրում, ուր նրանց գերի են տարել, և նրանք աղոթեն՝ նայելով դեպի այն երկիրը, որ դու տվել ես նրանց հայրերին, դեպի այն քաղաքը, որ դու ընտրեցիր, և դեպի այս տունը, որ ես կառուցեցի քո անվան համար, 39այն ժամանակ լսի՛ր երկնքից՝ քո բնակության տեղից, նրանց աղոթքն ու նրանց աղերսանքը, պաշտպանի՛ր նրանց իրավունքը և ների՛ր քո ժողովրդին, որ մեղանչել է քո դեմ։ 40Այժմ, ո՛վ իմ Աստված, թող քո աչքերը բաց լինեն, և քո ականջները լսեն այստեղ արված աղոթքը։ 41Արդ, Տե՛ր Աստված, վե՛ր գնա քո հանգստության տեղը, դու և քո զորության տապանակը ելե՛ք և եկե՛ք ձեր հանգստյան տեղը։ Քո քահանաները, ո՛վ Տեր Աստված, փրկություն թող հագնեն, և քո սրբերն ուրախանան քո բարությամբ։ 42Ո՛վ Տեր Աստված, մի՛ մերժիր քո օծյալին, հիշի՛ր քո ծառա Դավթին խոստացած քո ողորմությունները»։

Արդեն Ընտրված.

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 6: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում