Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15

15
Պատերազմ ամաղեկացիների դեմ
1Սամուելն ասաց Սավուղին. «Տերն ուղարկեց ինձ՝ քեզ իր Իսրայել ժողովրդի վրա թագավոր օծելու, և հիմա լսի՛ր Տիրոջ խոսքերը։ 2Այսպես է ասում Զորությունների Տերը. “Ես հիշում եմ, թե ինչ արեց Ամաղեկը Իսրայելին, ինչպես ճանապարհին նրա դեմ ելավ, երբ նա դուրս էր եկել Եգիպտոսից։ 3Հիմա գնա՛ և ջարդի՛ր Ամաղեկին ու ոչնչացրո՛ւ նրա ամբողջ ունեցվածքը. չխնայես նրանց, կոտորի՛ր բոլորին՝ տղամարդ և կին, երեխա և կաթնակեր, արջառ և ոչխար, ուղտ և էշ”»։
4Սավուղը հավաքեց զորքին և հաշվառման հանդես կատարեց Տեղայիմում. հետևակ զորքը երկու հարյուր հազար մարդ էր, տասը հազար էլ Հուդայի մարդկանցից էին։ 5Եվ Սավուղը գնաց մինչև ամաղեկացիների մի քաղաքի մոտ և դարանամուտ եղավ հեղեղատում։ 6Սավուղը կենեցիներին ասաց. «Հեռացե՛ք, բաժանվե՛ք, դո՛ւրս եկեք ամաղեկացիների միջից, որ նրանց հետ ձեզ էլ չոչնչացնեմ, որովհետև դուք ողորմած եղաք Իսրայելի բոլոր որդիների նկատմամբ, երբ նրանք դուրս էին գալիս Եգիպտոսից»։ Ուստի կենեցիները բաժանվեցին ամաղեկացիների միջից։ 7Եվ Սավուղը ջարդեց Ամաղեկի որդիներին Եվիլայից մինչև Եգիպտոսի դիմացի Սուրը։ 8Եվ ողջ բռնեց Ամաղեկի թագավորին՝ Ագագին, և ամբողջ ժողովրդին սրի բերան քաշելով՝ բնաջնջեց։#15.8 Կամ նզովեց։ 9Բայց Սավուղը և ժողովուրդը խնայեցին Ագագին և ոչխարների ու արջառների լավերին ու գերերին ու գառներին և այն ամենը, ինչ ընտիր էր, չուզեցին ոչնչացնել, այլ ոչնչացրին բոլոր անարժեք ու անպիտան անասունները։
Սավուղը մերժվում է իբրև թագավոր
10Տիրոջ խոսքն ուղղվեց Սամուելին՝ ասելով. 11«Զղջացի, որ Սավուղին թագավոր դարձրի, որովհետև ինձնից հեռացավ և չկատարեց իմ խոսքերը»։ Սամուելը տրտմեց և ամբողջ գիշեր աղաղակեց Տիրոջը։ 12Սամուելն առավոտ կանուխ վեր կացավ, որ Սավուղին դիմավորի. և Սամուելին հաղորդեցին՝ ասելով. «Սավուղը եկել է Կարմեղոս և ահա իր պատվին կոթող է կանգնեցրել, ապա այնտեղից վերադարձել ու իջել է Գաղգաղա»։
13Սամուելը գնաց Սավուղի մոտ, և Սավուղը նրան ասաց. «Օրհնյա՜լ լինես Տիրոջից. Տիրոջ խոսքը կատարեցի»։ 14Եվ Սամուելն ասաց. «Հապա ի՞նչ է ոչխարների այս ձայնը, որ հասնում է ականջիս, և արջառների այս ձայնը, որ լսում եմ ես»։ 15Եվ Սավուղն ասաց. «Ամաղեկացիներից են բերել դրանց, որովհետև ժողովուրդը խնայեց լավագույն ոչխարներին ու արջառներին, որ նրանց զոհ մատուցեն քո Տեր Աստծուն, իսկ մյուսներին ոչնչացրինք»։ 16Այդ ժամանակ Սամուելն ասաց Սավուղին. «Սպասի՛ր, որ քեզ պատմեմ այն, ինչ Տերն այս գիշեր խոսեց ինձ հետ»։ Եվ Սավուղն ասաց նրան՝ խոսի՛ր։ 17Եվ Սամուելն ասաց. «Ահա դու, որ փոքր էիր թվում քո աչքերին, Իսրայելի ցեղերի գլուխ եղար, և Տերը քեզ թագավոր օծեց Իսրայելի վրա։ 18Եվ Տերը քեզ մեկ առաքելությամբ ուղարկեց ու ասաց. “Գնա՛ և նզովի՛ր այդ մեղավոր ամաղեկացիներին և պատերազմի՛ր նրանց դեմ, մինչև որ բնաջնջես նրանց”։ 19Եվ ինչո՞ւ չլսեցիր Տիրոջ ձայնին, այլ ավարի վրա հարձակվելով՝ չարիք գործեցիր Տիրոջ առաջ»։ 20Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Հնազանդվեցի Տիրոջ ձայնին և գնացի այն առաքելությամբ, ինչի որ Տերն ինձ ուղարկեց, և բերեցի Ագագին՝ Ամաղեկի թագավորին, և Ամաղեկը բնաջինջ արեցի։ 21Սակայն ժողովուրդն այդ ավարից ոչխարներ և արջառներ վերցրեց՝ նզովվածներից շատ լավերը, որ Գաղգաղայում քո Տեր Աստծուն զոհեն»։ 22Եվ Սամուելն ասաց. «Մի՞թե Տիրոջ համար ողջակեզներն ու զոհերը հաճելի են ավելի, քան Տիրոջ ձայնին լսելը։ Հնազանդությունը հաստատապես լավ է զոհից, և ականջ դնելը՝ խոյերի ճարպից։ 23Քանզի ապստամբությունը կախարդության մեղքի պես է, և անհնազանդությունը՝ կռապաշտության, և որովհետև դու Տիրոջ խոսքը մերժեցիր, նա էլ քեզ մերժեց, որ դու թագավոր չլինես»։
24Եվ Սավուղն ասաց Սամուելին. «Մեղք գործեցի, որ զանց արի Տիրոջ պատվերներն ու քո խոսքերը, որովհետև վախեցա ժողովրդից և լսեցի նրա խոսքը։ 25Եվ հիմա, աղաչում եմ, ների՛ր իմ հանցանքը և ինձ հետ վերադարձի՛ր, որ երկրպագեմ Տիրոջը»։ 26Եվ Սամուելն ասաց Սավուղին. «Ես չեմ վերադառնա քեզ հետ. քանի որ դու մերժեցիր Տիրոջ խոսքը, Տերն էլ քեզ է մերժել, որ Իսրայելի վրա թագավոր չլինես»։ 27Երբ Սամուելը ետ դարձավ, որ գնա, Սավուղը բռնեց նրա վերարկուի ծայրից, որը պատռվեց։ 28Այդ ժամանակ Սամուելն ասաց նրան. «Տերն այսօր Իսրայելի թագավորությունը պատռեց քո վրայից և այն տվեց քեզանից լավ ընկերոջդ։ 29Նաև Իսրայելի Ապավենը սուտ չի խոսելու և չի զղջալու, որովհետև նա մարդ չէ, որ զղջա»։ 30Եվ Սավուղն ասաց. «Մեղք գործեցի. աղաչում եմ, հիմա ժողովրդի ծերերի առաջ և Իսրայելի առաջ պատվի՛ր ինձ և ինձ հետ վերադարձի՛ր, որ երկրպագեմ քո Տեր Աստծուն»։ 31Եվ Սամուելը վերադարձավ Սավուղի հետ, և Սավուղը երկրպագություն արեց Տիրոջը։
32Ապա Սամուելն ասաց. «Ինձ մո՛տ բերեք Ամաղեկի թագավոր Ագագին»։ Եվ Ագագը քնքշությամբ մոտեցավ նրան. և Ագագն ասաց. «Անպատճառ անցել է մահվան դառնությունը»։ 33Բայց Սամուելն ասաց. «Ինչպես քո սուրը անզավակ թողեց կանանց, այնպես էլ քո մայրը կանանց մեջ անզավակ մնա»։ Եվ Սամուելը Գաղգաղայում, Տիրոջ առաջ կտոր-կտոր արեց Ագագին։
34Եվ Սամուելը գնաց Ռամա, իսկ Սավուղը վեր գնաց իր տուն՝ Սավուղի Գաբաա։ 35Սամուելը մինչև իր մահվան օրը այլևս չտեսավ Սավուղին, սակայն Սամուելը սուգ էր անում Սավուղի համար. և Տերը զղջաց, որ Սավուղին թագավոր էր դարձրել Իսրայելի վրա։

Արդեն Ընտրված.

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 15: ՆՎԱԱ

Ընդգծել

Կիսվել

Պատճենել

None

Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք

YouVersion-ն օգտագործում է թխուկներ՝ ձեր փորձը անհատականացնելու համար: Օգտագործելով մեր կայքը՝ դուք ընդունում եք մեր կողմից թխուկների օգտագործումը, ինչպես նկարագրված է մեր Գաղտնիության քաղաքականության-ում