YouVersion Logo
Search Icon

ՍԱՂՄՈՍՆԵՐ 109

109
Մարդու տրտունջը նեղության մեջ
Երգողների գլխավորին. Դավթի սաղմոս։
1Ո՛վ իմ փառքի Աստված, լուռ մի՛ մնա,
2Որովհետև ամբարիշտի բերանը և նենգավորի բերանը բացվեցին ինձ վրա. սուտ լեզվով խոսում են իմ դեմ։
3Ատելության լեզվով պաշարում են ինձ և իզուր տեղը կռվում են իմ դեմ։
4Իմ սիրո փոխարեն հակառակվում են ինձ, բայց ես աղոթում եմ։
5Բարու փոխարեն չար են հատուցում ինձ, իսկ իմ սիրո փոխարեն՝ ատելություն։
6Մի ամբարիշտի՛ դիր նրա դեմ, և թող սատանան կանգնի նրա աջ կողմում։
7Երբ նա դատվի, թող դատապարտված դուրս գա, և նրա աղոթքը թող մեղքի փոխվի։
8Թող պակասեն նրա օրերը, և նրա պաշտոնը ուրիշը թող առնի։
9Նրա որդիները թող որբ լինեն, իսկ նրա կինը՝ որբևայրի.
10Նրա որդիներն աստանդական թափառեն և մուրան, հաց ուզեն իրենց ավերակներից։
11Փոխ տվողը թող առնի նրա ամբողջ ունեցվածքը, և օտարները հափշտակեն նրա վաստակը։
12Թող չլինի մեկը, որ գթություն ցույց տա նրան, և ոչ ոք թող չողորմի նրա որբերին։
13Թող ոչնչանան նրա զավակները, նրանց անունը թող ջնջվի երկրորդ սերնդից։
14Թող նրա հայրերի անօրենությունը հիշվի Տիրոջ առջև, և թող չջնջվեն նրա մոր մեղքերը։
15Թող միշտ լինի Տիրոջ առջև, և նա երկրից ջնջի նրա հիշատակը.
16Որովհետև նա չհիշեց ողորմություն անելը, այլ հալածեց խեղճ, աղքատ ու սիրտը մաշված մարդուն, որ սպանի։
17Անեծք սիրեց, և թող այն հասնի իրեն. օրհնություն չկամեցավ, ուստի թող այն հեռու լինի նրանից։
18Անեծքը հագավ հանդերձանքի պես. այն ջրի պես թող մտնի նրա փորը և ձեթի նման՝ նրա ոսկորների մեջ։
19Թող նրա համար այնպես լինի, ինչպես իր հագնելու հանդերձանքը և ինչպես իր միշտ կապելու գոտին։
20Տիրոջ կողմից սա թող վարձ լինի իմ հակառակորդներին և իմ անձի մասին չար խոսողներին։
21Բայց դու, Տե՛ր, Տե՛ր, ինձ համար արա՛ քո անվան համեմատ, որովհետև քո ողորմությունը բարի է. փրկի՛ր ինձ,
22Որովհետև ես խեղճ եմ ու աղքատ, և սիրտս խոցված է իմ մեջ։
23Ես անց եմ կենում ինչպես երկարած ստվեր և ցած եմ թափվում մորեխի պես։
24Իմ ծնկները տկարացան ծոմից, և մարմինս մաշվեց իր պարարտությունից։
25Ես նախատինք դարձա նրանց առջև. երբ տեսնում են ինձ, շարժում են իրենց գլուխները։
26Օգնի՛ր ինձ, Տե՛ր իմ Աստված, փրկի՛ր ինձ քո ողորմության համեմատ,
27Որ իմանան, թե քո ձեռքն է այս, որ դու, ո՜վ Տեր, արեցիր այս։
28Նրանք անիծում են, բայց դու օրհնի՛ր. նրանք ելնում են իմ դեմ, թող ամաչեն, բայց քո ծառան ուրախ պիտի լինի։
29Թող ամոթ հագնեն իմ հակառակորդները և իրենց ամոթը վերարկուի պես կրեն իրենց վրա։
30Ես շատ պիտի գոհանամ Տիրոջից իմ բերանով և շատերի մեջ պիտի օրհնեմ նրան։
31Որովհետև նա կանգնում է աղքատի աջ կողմը, որպեսզի նրան փրկի նրանցից, ովքեր դատապարտում են նրա անձը։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy