YouVersion Logo
Search Icon

ԱՌԱԿՆԵՐ 22

22
1Բարի անունը մեծ հարստությունից նախընտրելի է, շնորհքն արծաթից ու ոսկուց ավելի լավ է։
2Հարուստն ու աղքատը ընդհանուր բան ունեն. Տերն է նրանց բոլորի ստեղծողը։
3Խորագետը տեսնում է չարիքը և զգուշանում, բայց միամիտներն անտեսում են ու տուժում։
4Խոնարհության և Տիրոջ երկյուղի վարձատրությունն են հարստությունը, պատիվն ու կյանքը։
5Փշեր, որոգայթներ կան նենգ մարդու ճանապարհին. իր հոգին կպահպանի նա, ով նրանցից հեռանա։
6Երեխային կրթի՛ր իր ճանապարհին համապատասխան, որով ընթանալու է, և նա իր ծերության ժամանակ չի խոտորի դրանից։
7Հարուստը տիրում է աղքատներին, և փոխ առնողը ստրուկ է լինում փոխ տվողին։
8Անարդարություն ցանողը դժբախտություն կհնձի, և նրա բարկության գավազանը կկորչի#22.8 Կսպառվի։։
9Բարյացակամ աչք ունեցողն օրհնված կլինի, որովհետև իր հացից տալիս է աղքատին։
10Դո՛ւրս արա ծաղրողին, ու կռիվը դուրս կգնա, և վեճն ու անարգանքը կդադարեն։
11Սրտի մաքրություն սիրողին, որի խոսքերը շնորհալի են, թագավորը բարեկամ է։
12Տիրոջ աչքերը պահում են գիտությունը, և նա ավերում է անհավատարիմի խոսքերը։
13Ծույլն ասում է. «Դրսում առյուծ կա. հրապարակում ինձ կսպանեն»։
14Շնացող կանանց բերանը խոր փոս է. ում վրա որ բարկացած է Տերը, նա այնտեղ կընկնի։
15Հիմարությունը կապված է երեխայի սրտին, բայց խրատի գավազանը այն կհեռացնի նրանից։
16Ով որ զրկում է աղքատին՝ իր հարստությունը շատացնելու համար, և ով որ հարուստին է տալիս, միայն կարիքավոր կլինի։
Երեսուն իմաստուն խոսքեր
17Ականջդ թեքի՛ր ու լսի՛ր իմաստունների խոսքերը և սիրտդ տո՛ւր իմ գիտությանը։
18Որովհետև հաճելի է, եթե դրանք պահես քո հոգու խորքում, և դրանք բոլորն էլ հաստատվեն քո շրթունքների վրա։
19Որպեսզի դու քո վստահությունը Տիրոջ վրա դնես, հենց այսօր սովորեցրի քեզ։
20Չէ՞ որ երեսուն խորհուրդներով և գիտությամբ քեզ համար գրեցի,
21Որպեսզի քեզ սովորեցնեմ ճշմարիտ խոսքերի ստուգությունը, որպեսզի քեզ հարցնողներին#22.21 Ուղարկողներին։ ճշմարիտ խոսքերով պատասխանես։
- 1 -
22Աղքատին մի՛ կողոպտիր, որովհետև աղքատ է, և դատաստանում#22.22 Եբր. դռանը։ մի՛ տրորիր դժբախտին,
23Քանի որ Տերն է ստանձնում նրանց դատը, և նա կկողոպտի նրանց կողոպտողների անձը։
- 2 -
24Բարկացկոտ մարդու հետ մի՛ ընկերացիր և մի՛ գնա ցասկոտ մարդու հետ,
25Որպեսզի հանկարծ չսովորես նրա ուղիները, և անձդ որոգայթի մեջ չընկնի։
- 3 -
26Մի՛ եղիր այն գրավ տվողներից#22.26 Ափերը զարնողներից։, որոնք պարտքի համար երաշխավոր են լինում.
27Եթե վճարելու ոչինչ չունենաս, ինչո՞ւ անկողինդ տակիցդ հանեն։
- 4 -
28Մի՛ տեղաշարժիր վաղեմի սահմանանշանները, որ շինել են քո հայրերը։
- 5 -
29Իր գործի մեջ հմուտ մարդու տեսե՞լ ես. նա թագավորների առաջ է կանգնելու, անշուք մարդկանց առաջ չի կանգնելու։

Currently Selected:

ԱՌԱԿՆԵՐ 22: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy