YouVersion Logo
Search Icon

Փիլիպպեցիներին 4

4
Վերջին հորդորներ
1Ուրեմն, իմ սիրելի՛ և բաղձալի՛ եղբայրներ, որ իմ ուրախությունն ու իմ պսակն եք, այսպես Տիրոջով հաստատո՛ւն մնացեք, սիրելինե՛ր։
2Աղաչում եմ Եվոդիային, աղաչում եմ Սյունտիքիին, որ հաշտվեն Տիրոջով։ 3Այո՛, քեզ էլ եմ աղաչում, իմ հարազա՛տ լծակից, դո՛ւ էլ օգնիր նրանց, որ ջանացին ինձ հետ Կղեմեսի և իմ ուրիշ գործակիցների հետ ավետարանելու մեջ, որոնց անունները կյանքի գրքում են։ 4Միշտ Տիրոջով ուրա՛խ եղեք. դարձյալ ասում եմ՝ ուրա՛խ եղեք։ 5Ձեր հեզությունը թող բոլոր մարդկանց հայտնի լինի. Տերը մոտ է։ 6Ոչնչի համար մի՛ մտահոգվեք, այլ ամեն բանում աղոթքով, աղաչանքով և գոհությամբ՝ ձեր խնդրանքները թող հայտնի լինեն Աստծուն։ 7Եվ Աստծու խաղաղությունը, որ ամեն մտքից վեր է, ձեր սրտերն ու մտքերը Քրիստոս Հիսուսով կպահպանի։
8Այսուհետև, եղբայրնե՛ր, ինչ որ ճշմարիտ է, ինչ որ պարկեշտ, ինչ որ արդար, ինչ որ անարատ, ինչ որ սիրելի, ինչ որ բարեհամբավ, առաքինի և գովելի, ա՛յն մտածեք։ 9Հենց այն, ինչ սովորեցիք, ընդունեցիք, լսեցիք ու իմ մեջ տեսաք, ա՛յն արեք, և խաղաղության Աստվածը ձեզ հետ կլինի։
Շնորհակալություններ ուղարկված նվերների համար
10Ես Տիրոջով մեծապես ուրախացա, որ դուք էլ արդեն խորհեցիք իմ մասին հոգալ, ինչպես որ հոգում էիք, բայց հարմար առիթ չէիք գտնում։ 11Կարիքի մեջ լինելուս համար չեմ ասում, որովհետև ես սովորել եմ բավարարվել նրանով, ինչի մեջ որ կամ. 12գիտեմ կարիքի մեջ ապրելն էլ, առատության մեջ լինելն էլ. ամեն բանում ամեն ինչի տեղյակ եմ՝ թե՛ կշտանալուն, թե՛ քաղցելուն, թե՛ առատությանը, թե՛ կարիքին։ 13Ամեն բան կարող եմ ինձ զորացնող Քրիստոսով։ 14Սակայն լավ արեցիք, որ իմ նեղության մեջ ինձ հաղորդակից եղաք։
15Դուք ինքներդ էլ, փիլիպպեցինե՛ր, գիտեք, որ Ավետարանի քարոզության սկզբում, երբ Մակեդոնիայից ելա, ոչ մի եկեղեցի մասնակից չեղավ ինձ հետ՝ տալու և ստանալու մեջ, բացի ձեզանից, 16որովհետև Թեսաղոնիկեում էլ մեկ-երկու անգամ ինձ պետք եղած բաներն ուղարկեցիք։ 17Նվերներ չեմ ուզում, այլ այն պտուղը, որ ձեր հաշվին է ավելանալու։ 18Իսկ ես ամեն բան ստացել եմ և առատ ունեմ. լիացած եմ, որովհետև Եպափրոդիտոսի ձեռքով ստացա ձեզանից այն, ինչ անուշահոտություն էր, զոհ՝ ընդունելի և Աստծուն հաճելի։ 19Եվ իմ Աստվածը թող համաձայն իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով։ 20Աստծուն՝ մեր Հորը, փա՜ռք հավիտյանս հավիտենից։ Ամեն։
Վերջին ողջույններ
21Ողջունե՛ք Քրիստոս Հիսուսով բոլոր սրբերին։ Ձեզ ողջունում են ինձ հետ եղող եղբայրները։ 22Ձեզ ողջունում են բոլոր սրբերը, մանավանդ նրանք, ովքեր կայսեր ծառայության մեջ են։ 23Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեր հոգու հետ լինի։ Ամեն։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy