YouVersion Logo
Search Icon

ՆԵԵՄԻԱ 6

6
Դավեր Նեեմիայի դեմ
1Եվ երբ Սանաբաղատը, Տուբիան և արաբացի Գեսամը և մեր մյուս թշնամիները լսեցին, որ ես շինեցի պարիսպը, և նրանում քանդված տեղ չի մնացել (թեև մինչ այն ժամանակը դռների փեղկերը չէի դրել), 2այդ ժամանակ Սանաբաղատը և Գեսամը մարդ ուղարկեցին ինձ մոտ և ասացին. «Եկ հանդիպենք Ովնովի դաշտի գյուղերից մեկում». բայց նրանք մտածում էին, որ ինձ մի չարություն անեն։ 3Եվ ես նրանց մոտ պատգամավորներ ուղարկեցի՝ ասելով. «Ես մեծ գործով եմ զբաղված և չեմ կարող իջնել. ինչո՞ւ գործը դադարի, երբ ես թողնեմ այն և իջնեմ ձեզ մոտ»։ 4Բայց նրանք այս հրավերով չորս անգամ ինձ մոտ ուղարկեցին, և ես նրանց նույն խոսքով պատասխանեցի։ 5Եվ Սանաբաղատն այս հրավերով հինգերորդ անգամ իր ծառային ինձ մոտ ուղարկեց՝ մի բաց նամակ նրա ձեռքին։ 6Նրա մեջ գրված էր. «Ազգերի մեջ լուր է տարածվել, և Գեսամն ասում է, որ դու և հրեաները խորհում եք ապստամբել, դու դրա համար ես պարիսպը շինում. դու նաև ուզում ես, որ նրանց թագավորը լինես, ըստ այդ խոսքերի։ 7Նաև մարգարեներ ես դրել, որ քո մասին քարոզեն Երուսաղեմում՝ ասելով. “Թագավո՜ր Հրեաստանի”. և արդ այսպիսի խոսքեր պիտի հասնեն թագավորին. ուրեմն եկ հանդիպենք»։ 8Եվ ես մարդ ուղարկեցի նրա մոտ և ասացի. «Այդպիսի բաներ չկան, որ դու ասում ես, այլ դու քեզանից ես հնարել դա»։ 9Որովհետև նրանք ամենքն էլ մեզ վախեցնում էին՝ ասելով. «Նրանց ձեռքերը կթուլանան այդ գործից, և չի կատարվի»։ Բայց դու, ո՛վ Աստված, զորացրո՛ւ իմ ձեռքերը։
10Եվ ես եկա Մետաբելի որդու՝ Դաղայիայի որդի Սեմայիայի տունը. նա մտել-փակվել էր և ասաց. «Գնանք միասին Աստծու տունը՝ տաճարը, և տաճարի դռները փակենք, որովհետև գալիս են, որ քեզ սպանեն, և գիշերով են գալու, որ քեզ սպանեն»։ 11Իսկ ես ասացի. «Մի՞թե ինձ նման մարդը կփախչի, և ինձ նման ո՞րը կգնա տաճարը, որ ողջ մնա. ես չեմ գնա»։ 12Ես գիտեի, որ Աստված չէր նրան ուղարկել, այլ մարգարեությունն ասաց ինձ նրա համար, որ Տուբիան և Սանաբաղատն էին վարձել նրան։ 13Նրա համար էր նա վարձվել, որպեսզի ես վախենամ և այնպես անեմ ու հանցավոր լինեմ, և դա նրանց համար առիթ լինի իմ անունը վատաբանելու, որ ինձ նախատեն։ 14Հիշի՛ր, ո՛վ իմ Աստված, Տուբիային և Սանաբաղատին իրենց այս գործերի համեմատ, նաև Նովադիա մարգարեուհուն և մյուս մարգարեներին, որ վախեցնում էին ինձ։
Աշխատանքի ավարտը
15Պարիսպն ամբողջացվեց իլուլ ամսի քսանհինգին՝ հիսուներկու օրվա մեջ։ 16Եվ երբ որ մեր բոլոր թշնամիները լսեցին, մեր շուրջը գտնվող բոլոր ազգերը վախեցան և շատ իջան իրենց աչքում և իմացան, որ մեր Աստծուց եղավ այս բանը։
17Այն օրերին Հուդայի ազնվականները նաև շատ նամակներ էին գրում, որ ուղարկվում էին Տուբիային. Տուբիայից էլ նրանց էին գալիս։ 18Որովհետև Հուդայում շատերը նրա հետ երդումով կապված էին, որովհետև նա Արահի որդի Սեքենիայի փեսան էր, իսկ նրա որդի Հոհանան առել էր Բարաքիայի որդի Մեսուղամի աղջկան։ 19Նաև նրա լավություններն էին ասում ինձ մոտ, և իմ խոսքերը նրան էին տանում. Տուբիան նամակներ էր ուղարկում ինձ վախեցնելու համար։

Currently Selected:

ՆԵԵՄԻԱ 6: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy