YouVersion Logo
Search Icon

ՄԻՔԻԱ 7

7
Իսրայելի բարոյական անկումը
1Վա՜յ ինձ, որ ամառային պտղաքաղի նման եմ և այգեկութի ճռաքաղի պես. ողկույզ չկա ուտելու, ոչ էլ մի վաղահաս թուզ, որ փափագում է սիրտս։ 2Բարեպաշտը կորչում է երկրից, և մարդկանց մեջ ուղղամիտը չկա. ամենքն արյան համար դարան են սարքում, ամեն մարդ իր եղբորը որսում է ցանցով։ 3Նրանց ձեռքերը չարություն անելու հմուտ են, իշխանավորը ավելի շատ հարկ է պահանջում, դատավորը՝ կաշառք, մեծամեծը իր սրտի ցանկացածն է խոսում, և միահյուսվում են։ 4Նրանց լավագույնը փշի նման է, ուղղամիտը՝ փշե ցանկապատի. հասնում է օրը քո պատժի. նրանց շփոթությունը հիմա պիտի լինի։ 5Մի՛ հավատացեք բարեկամին, ընկերոջը մի՛ վստահեք, ծոցդ պառկողից պահի՛ր բերանիդ դռները։ 6Որովհետև որդին անարգում է հորը, դուստրը մոր դեմ է ելնում, հարսը՝ իր սկեսուրի դեմ. մարդու թշնամին իր ընտանիքն է։
7Բայց ես, ես Տիրոջն եմ նայում, կսպասեմ իմ փրկության Աստծուն. ինձ պիտի լսի իմ Աստվածը։
Տերը փրկություն է բերում
8Մի՛ ուրախացիր իմ դեմ, ո՛վ իմ թշնամի. թեև ընկնեմ, վեր կկենամ, թեկուզ խավարի մեջ նստեմ, Տերն ինձ լույս կլինի։ 9Տիրոջ ցասումը պիտի կրեմ, որովհետև նրա դեմ մեղք եմ գործել, մինչև որ նա պաշտպանի իմ դատը և ինձ իրավունք տա, ինձ լույսին հանի, որ նրա արդարությունը տեսնեմ։ 10Այն ժամանակ իմ թշնամին կտեսնի, և ամոթը կպատի նրան, որ ասում էր ինձ, թե՝ «Ո՞ւր է Տերը՝ քո Աստվածը», իմ աչքերը կտեսնեն նրան. հիմա նա ոտնակոխ պիտի լինի, ինչպես փողոցի ցեխը։
11Այն օրը, երբ քո պարիսպները կշինվեն, նույն օրը սահմանները կընդարձակվեն։ 12Այդ օրը քեզ մոտ են գալու Ասորեստանից և Եգիպտոսի քաղաքներից, Եգիպտոսից մինչև Եփրատ, ծովից ծով ու սարից սար։ 13Եվ երկիրն ամայի պիտի լինի իր բնակիչների պատճառով՝ որպես նրանց արարքների պտուղ։
Աստված կարեկցում է Իսրայելին
14Քո գավազանով հովվի՛ր ժողովրդին՝ քո ժառանգության հոտը, անտառում՝ բերրի այգիներում, առանձին նստողներին. թող հին օրերի պես արածեն Բասանում և Գաղաադում։ 15Եգիպտոսի երկրից քո դուրս գալու օրերի պես սքանչելիքներ պիտի ցույց տամ նրանց։ 16Ազգերը պիտի տեսնեն ու ամաչեն իրենց ամբողջ զորությունից. ձեռքը բերանին պիտի դնեն, նրանց ականջները պիտի խլանան։ 17Հողը պիտի լիզեն օձի պես, երկրի սողունների պես. դողալով դուրս պիտի գան իրենց ամրություններից. Տիրոջից՝ մեր Աստծուց, պիտի դողան, այո՛, քեզանից պիտի վախենան։
18Քեզ նման Աստված ո՞վ կա, անօրենություն ներող և իր ժառանգության մնացորդի հանցանքն անտեսող, որ իր բարկությունը հավիտյան չի պահում, որովհետև նրան հաճելի է ողորմությունը։ 19Նա մեզ դարձյալ պիտի գթա, նա պիտի ոտնահարի մեր անօրենությունները։ Մեր բոլոր մեղքերը դու կգցես ծովի խորքերը։ 20Հավատարմություն պիտի անես Հակոբին և ողորմություն՝ Աբրահամին, ինչպես երդվել ես մեր հայրերին վաղեմի օրերից։

Currently Selected:

ՄԻՔԻԱ 7: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy