YouVersion Logo
Search Icon

Մատթեոս 23

23
Հիսուսն զգուշացնում է դպիրներից և փարիսեցիներից
(Մրկ. 12.38-40, Ղուկ. 11.39-42,  44, 20.45-46)
1Այդ ժամանակ Հիսուսը խոսեց ժողովրդի ու իր աշակերտների հետ և ասաց. 2«Մովսեսի աթոռի վրա նստեցին դպիրներն ու փարիսեցիները։ 3Արդ, այն ամենը, ինչ ձեզ ասեն, որ պահեք, պահե՛ք ու արե՛ք, բայց նրանց գործերի պե՛ս մի արեք, որովհետև ասում են, բայց չեն անում։ 4Ծանր ու դժվարակիր բեռներ են կապում և մարդկանց ուսերին դնում, բայց իրենց մատով անգամ չեն ուզում շարժել դրանք։ 5Իրենց բոլոր գործերը մարդկանց ցույց տալու համար են կատարում. իրենց գրապանակներն#23.5 Գրապանակները փոքր տուփեր էին, որոնց մեջ մագաղաթի մի կտորի վրա գրված էին լինում հատվածներ Օրենքից։ են լայնացնում և իրենց հագուստների քղանցքները երկարացնում։ 6Սիրում են առաջին տեղերը ընթրիքների ժամանակ, ժողովարաններում՝ առաջին աթոռները, 7հրապարակներում՝ բարևները և մարդկանց կողմից "Ռա՛բբի#23.7 Այսինքն՝ «ուսուցիչ»։, Ռա՛բբի" կոչվելը։ 8Բայց դուք թույլ մի՛ տվեք, որ ձեզ "Ռաբբի" կոչեն, որովհետև ձեր ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը, իսկ դուք բոլորդ եղբայրներ եք։ 9Եվ երկրի վրա ոչ մեկին ձեզ "Հայր" մի՛ կոչեք, որովհետև ձեր Հայրը մեկն է՝ նա, որ երկնքում է։ 10Ոչ էլ "ուսուցիչներ" կոչվեք, որովհետև ձեր Ուսուցիչը մեկն է՝ Քրիստոսը։ 11Եվ ձեզանից ամենամեծը թող ձեր սպասավորը լինի։ 12Ով իր անձը բարձրացնի, կխոնարհեցվի, և ով իր անձը խոնարհեցնի, կբարձրացվի։
13Բայց վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ երկնքի արքայությունը փակում եք մարդկանց առաջ. դուք չեք մտնում և փափագողներին էլ թույլ չեք տալիս մտնել։
14Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ որբևայրիների ունեցածն եք ուտում և ցուցադրաբար երկար աղոթում. դրա համար խստորեն եք պատժվելու։
15Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ ծովով ու ցամաքով շրջում եք, որպեսզի մեկին նորահավատ դարձնեք, ու երբ ստացվում է, նրան ձեզանից կրկնապատիկ ավելի գեհենի որդի եք դարձնում։
16Վա՛յ ձեզ, կո՛ւյր առաջնորդներ, որ ասում եք, թե ով երդվում է տաճարով, հոգ չէ, բայց ով տաճարի ոսկով է երդվում, պարտական է։ 17Անմիտնե՛ր ու կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ոսկի՞ն, թե՞ տաճարը, որ սրբագործում է ոսկին։ 18Նաև ասում եք՝ ով երդվում է զոհասեղանով, հոգ չէ, բայց ով երդվում է ընծայով, որ զոհասեղանի վրա է, պարտական է։ 19Կույրե՛ր, ի՞նչն է ավելի մեծ՝ ընծա՞ն, թե՞ զոհասեղանը, որ սրբագործում է ընծան։ 20Արդ, ով երդվում է զոհասեղանով, երդվում է նրանով և այն բոլոր բաներով, որ նրա վրա են։ 21Տաճարով երդվողը երդվում է նրանով և նրա մեջ բնակվողով։ 22Երկնքով երդվողը երդվում է Աստծու աթոռով և նրա վրա նստողով։
23Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ անանուխի, սամիթի ու չամանի տասանորդը տալիս եք, բայց չեք պահում օրենքի ամենից ծանրակշիռ կետերը՝ արդարությունը, ողորմությունն ու հավատը. դրանք պետք էր կատարել, մյուսներն էլ՝ պահել։ 24Կո՛ւյր առաջնորդներ, որ մժեղը քամում եք, բայց ուղտը կուլ եք տալիս։
25Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ մաքրում եք բաժակի ու ափսեի դրսի կողմը, բայց ներսից լի են հափշտակությամբ ու անժուժկալությամբ։ 26Կո՛ւյր փարիսեցի, նախ բաժակի ու ափսեի նե՛րսը մաքրիր, որպեսզի դրսի կողմն էլ մաքուր լինի։
27Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ նման եք ծեփած գերեզմանների, որոնք արտաքուստ գեղեցիկ են երևում, բայց ներսից լի են մեռելների ոսկորներով ու ամեն տեսակ պղծությամբ։ 28Դուք նույնպես արտաքուստ արդար եք երևում մարդկանց, բայց ներքուստ լի եք կեղծավորությամբ ու անօրենությամբ։ 29Վա՛յ ձեզ՝ կեղծավորներիդ՝ դպիրներիդ և փարիսեցիներիդ, որ շինում եք մարգարեների գերեզմաններն ու արդարների շիրիմները զարդարում։ 30Եվ ասում եք. "Եթե մենք մեր հայրերի ժամանակ լինեինք, նրանց հետ մարգարեների սպանությանը մասնակից չէինք լինի"։ 31Ուրեմն ինքներդ ձեր մասին վկայում եք, որ որդիներն եք մարգարեներին սպանողների։ 32Արդ դուք էլ լրացրե՛ք ձեր հայրերի բաց թողածը։ 33Օձե՛ր, իժերի՛ ծնունդներ, ինչպե՞ս եք գեհենի դատաստանից փախչելու։ 34Դրա համար ահա ես ձեզ մոտ եմ ուղարկելու մարգարեների, իմաստունների ու դպիրների. նրանցից ոմանց սպանելու եք ու խաչը հանելու, ոմանց ձեր ժողովարաններում ծեծելու եք ու քաղաքից քաղաք հալածելու։ 35Այդպես ձեզ վրա է ընկնելու երկրի վրա թափված ամեն արդար արյան պատասխանատվությունը՝ արդար Աբելի արյունից մինչև Բարաքիայի որդի Զաքարիայի արյունը, որին տաճարի ու զոհասեղանի միջև սպանեցիք։ 36Ճշմարիտ եմ ասում ձեզ. այս ամենը գալու է այս սերնդի վրա։
Հիսուսի սերը Երուսաղեմի նկատմամբ
(Ղուկ. 13.34-35)
37Երուսաղե՜մ, Երուսաղե՜մ, որ կոտորում ես մարգարեներին, քարկոծում քեզ մոտ ուղարկվածներին։ Քանի՜ անգամ ցանկացա հավաքել քո երեխաներին, ինչպես հավն է իր ձագերին թևերի տակ հավաքում, բայց դուք չցանկացաք։ 38Ահա ձեր տունը ձեզ ավերակ կթողնվի։ 39Որովհետև ասում եմ ձեզ, որ այսուհետև ինձ չեք տեսնի, մինչև չասեք.
"Օրհնյա՜լ է Տիրոջ անունով եկողը" (Սաղ. 118.26, Մտթ. 21.9)»։

Currently Selected:

Մատթեոս 23: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy