YouVersion Logo
Search Icon

Ղուկաս 9

9
Տասներկուսի առաքելությունը
(Մտթ. 10.5-15, Մրկ. 6.7-13)
1Եվ իր տասներկու աշակերտներին կանչեց, նրանց զորություն և իշխանություն տվեց բոլոր դևերի վրա և հիվանդություններ բժշկելու։ 2Եվ նրանց ուղարկեց Աստծու արքայությունը քարոզելու, հիվանդներին բժշկելու։ 3Եվ նրանց ասաց. «Ճանապարհի համար ոչինչ չվերցնեք, ո՛չ գավազան, ո՛չ մախաղ, ո՛չ հաց, ո՛չ արծաթ, ո՛չ էլ երկուական վերարկու ունեցեք։ 4Ո՛ր տունը մտնեք, այնտե՛ղ մնացեք ու այնտեղի՛ց գնացեք։ 5Իսկ ովքեր ձեզ չընդունեն, ի վկայություն նրանց դեմ՝ այդ քաղաքից դուրս գալիս ձեր ոտքերից փոշին թափ տվեք»։ 6Եվ նրանք ելան. շրջում էին գյուղից գյուղ՝ ավետարանելով ու ամեն տեղ բժշկություններ անելով։
Հերովդեսը և Հիսուսը
(Մտթ. 14.1-12, Մրկ. 6.14-29)
7Հերովդես չորրորդապետը լսեց կատարված ամեն ինչի մասին ու զարմանում էր, քանի որ ոմանք ասում էին. «Հովհաննեսը մեռելներից հարություն է առել», 8իսկ ոմանք էլ՝ «Եղիան է հայտնվել», ուրիշներն էլ՝ «Նախկին մարգարեներից մեկն է հարություն առել»։ 9Հերովդեսն ասաց. «Հովհաննեսին ես գլխատել եմ. իսկ սա ո՞վ է, որի մասին ես այսպիսի բաներ եմ լսում»։ Եվ ուզում էր նրան տեսնել։
Հացի բազմացումը և հինգ հազարի կերակրումը
(Մտթ. 14.13-21, Մրկ. 6.30-44, Հովհ. 6.1-14)
10Առաքյալները վերադարձան ու Հիսուսին պատմեցին, ինչ որ արել էին։ Նա, նրանց վերցնելով, առանձնացավ մի ամայի տեղ՝ մի քաղաքի մոտ, որ Բեթսայիդա էր կոչվում։ 11Ժողովուրդը, իմանալով, նրա հետևից գնաց։ Հիսուսը նրանց ընդունեց. նրանց հետ խոսում էր Աստծու արքայության մասին։ Իսկ ովքեր բժշկվելու կարիք ունեին, բժշկում էր։
12Օրն սկսեց տարաժամել. տասներկուսը մոտեցան ու նրան ասացին. «Այդ ժողովրդին արձակի՛ր, որպեսզի շրջակա գյուղերն ու ագարակները գնան, իջևանեն և ուտելիք գտնեն, որովհետև այստեղ ամայի վայրում ենք»։ 13Սակայն նրանց ասաց. «Դո՛ւք դրանց ուտելիք տվեք»։ Նրանք էլ ասացին. «Մենք հինգ հացից ու երկու ձկից ավելին չունենք, եթե չգնանք, այդ ամբողջ ժողովրդի համար ուտելիք չգնենք»։ 14Որովհետև հինգ հազարի չափ մարդ կար։ Եվ նա իր աշակերտներին ասաց. «Դրանց խումբ-խումբ, հիսուն-հիսուն նստեցրե՛ք»։ 15Այդպես էլ արեցին ու բոլորին նստեցրին։ 16Վերցնելով հինգ հացն ու երկու ձուկը՝ դեպի երկինք նայեց, դրանք օրհնեց ու մաս-մաս արեց և աշակերտներին տվեց, որպեսզի ժողովրդի առաջ դնեն։ 17Բոլորն էլ կերան ու հագեցան, և ավելացած կտորտանքներից տասներկու քթոց հավաքեցին։
Ո՞վ է Հիսուսը
(Մտթ. 16.13-20, Մրկ. 8.27-29)
18Երբ նա առանձին աղոթք էր անում, նրա հետ էին նաև աշակերտները։ Նրանց հարցրեց ու ասաց. «Ժողովուրդն իմ մասին ի՞նչ է ասում. ո՞վ եմ ես»։ 19Նրանք պատասխանեցին ու ասացին. «Հովհաննես Մկրտիչը, մյուսները՝ "Եղիան", ուրիշներն էլ՝ "Նախկին մարգարեներից մեկն է հարություն առել"»։ 20Եվ նրանց ասաց. «Իսկ դո՞ւք իմ մասին ինչ եք ասում. ո՞վ եմ ես»։ Պետրոսը պատասխանեց և ասաց. «Աստծու Քրիստոսը»։ 21Նա խիստ պատվիրեց նրանց, որ այդ ոչ ոքի չասեն։
Հիսուսը խոսում է իր մահվան և հարության մասին
(Մտթ. 16.21-28, Մրկ. 8.31–9.1)
22Եվ ասաց. «Մարդու Որդին պետք է շատ չարչարվի, մերժվի երեցներից, քահանայապետներից ու դպիրներից, սպանվի և երրորդ օրը հարություն առնի»։ 23Եվ բոլորին ասում էր. «Եթե մեկն ուզում է իմ հետևից գալ, թող իր անձն ուրանա, ամեն օր իր խաչն առնի ու իմ հետևից գա։ 24Որովհետև ով ցանկանա իր անձը փրկել, այն կկորցնի, իսկ ով ինձ համար իր անձը կորցնի, նա այն կփրկի։ 25Քանի որ մարդու համար ի՞նչ օգուտ է, որ այս ամբողջ աշխարհը շահի, բայց իր անձը կորցնի կամ վնասվի։ 26Որովհետև ով ինձ ու իմ խոսքերն ամոթ համարի, Մարդու Որդին էլ նրան կամաչեցնի, երբ գա իր, Հոր և սուրբ հրեշտակների փառքով։ 27Բայց ճշմարիտ եմ ասում ձեզ. այստեղ գտնվողների մեջ կան ոմանք, որոնք մահ չեն ճաշակի, մինչև որ Աստծու արքայությունը չտեսնեն»։
Հիսուսի պայծառակերպությունը
(Մտթ. 17.1-13, Մրկ. 9.2-13)
28Եվ այս խոսքերից մոտ ութ օր հետո, Պետրոսին, Հովհաննեսին ու Հակոբոսին վերցնելով, լեռը բարձրացավ աղոթք անելու։ 29Եվ երբ նա աղոթում էր, նրա դեմքի կերպարանքն այլակերպվեց, և նրա հագուստն սպիտակափայլ դարձավ։ 30Եվ ահա նրա հետ խոսում էին երկու մարդ, որ Մովսեսն ու Եղիան էին։ 31Նրանք, փառքով երևալով, նրա վախճանի մասին էին խոսում, որ կատարվելու էր Երուսաղեմում։ 32Բայց Պետրոսն ու նրա հետ եղողները խոր քնով էին անցել ու երբ զարթնեցին, տեսան նրա փառքը և այն երկու մարդկանց, որ կանգնած էին նրա մոտ։ 33Եվ երբ նրանք հեռանում էին նրանից, Պետրոսը Հիսուսին ասաց. «Վարդապե՛տ, մեզ համար լավ է, որ այստեղ մնանք և երեք տաղավար շինենք. մեկը քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»։ Եվ չգիտեր, թե ի՛նչ էր խոսում։ 34Ու երբ նա այս ասում էր, մի ամպ եկավ ու նրանց վրա հովանի արեց, ու վախեցան, երբ այդ ամպի մեջ մտան։ 35Եվ ամպից ձայն եղավ, որ ասաց. «Դա՛ է իմ ընտրյալ Որդին, դրա՛ն լսեք»։ 36Այդ ձայնը լինելու պահին միայն Հիսուսն էր, և նրանք լռեցին ու այդ օրերին ոչ ոքի ոչինչ չպատմեցին այն բաների մասին, ինչ տեսան։
Լուսնոտ երեխայի բժշկումը
(Մտթ. 17.14-21, Մրկ. 9.14-29)
37Հետևյալ օրը, երբ նրանք իջնում էին լեռից, շատ ժողովուրդ եկավ Հիսուսին ընդառաջ։ 38Եվ ահա ժողովրդի միջից մի մարդ աղաղակեց ու ասաց. «Վարդապե՛տ, աղաչում եմ քեզ, նայի՛ր իմ որդուն, որովհետև իմ միակն է։ 39Ահա ոգի է նրան բռնում, և նա հանկարծ գոռում է. նրան գետնով է տալիս՝ բերանից փրփուր հանելով, ու նրան ջախջախելուց հետո հազիվ հեռանում է նրանից։ 40Ես քո աշակերտներին աղաչեցի, որ դրան հանեն, բայց չկարողացան»։ 41Հիսուսն ասաց. «Ո՛վ անհավատ և մոլորված սերունդ, մինչև ե՞րբ պիտի ձեզ հետ լինեմ և հանդուրժեմ ձեզ։ Այստե՛ղ բեր քո որդուն»։ 42Եվ նրան մոտենալիս դևը նրան գետնով տվեց ու ցնցեց։ Հիսուսը պիղծ ոգուն սաստեց, երեխային բժշկեց և նրան իր հորը տվեց։ 43Եվ բոլորը զարմանում էին Աստծու մեծության վրա։
Եվ երբ ամենքը զարմանում էին այն բոլոր բաների վրա, ինչ Հիսուսը կատարում էր, իր աշակերտներին ասաց.
Հիսուսը կանխասում է իր չարչարանքը
(Մտթ. 17.22-23, Մրկ. 9.30-32)
44«Ակա՛նջ արեք այս խոսքերին, որովհետև Մարդու Որդին մարդկանց ձեռքն է մատնվելու»։ 45Բայց նրանք այդ խոսքը չէին հասկանում. դրա իմաստը նրանցից ծածկված էր, որ չհասկանան նրան, և դրա մասին նրան հարցնելուց վախենում էին։
Ճշմարիտ մեծությունը
(Մտթ. 18.1-5, Մրկ. 9.33-37)
46Նրանց մեջ մի վեճ սկսվեց, թե իրենցից ո՛վ է մեծը։ 47Հիսուսը, նրանց սրտի մտքերն իմանալով, վերցնելով մի մանկան, նրան իր մոտ կանգնեցրեց։ 48Եվ նրանց ասաց. «Ով այս մանկանն իմ անունով ընդունի, ի՛նձ ընդունած կլինի, իսկ ով ինձ ընդունի, ինձ ուղարկողի՛ն ընդունած կլինի, որովհետև ով ձեր մեջ ամենափոքրն է, նա՛ է մեծը»։
Ով մեզ դեմ չէ, մեզ հետ է
(Մրկ. 9.38-41)
49Հովհաննեսը պատասխանեց և ասաց. «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ քո անունով դևեր էր հանում, ու նրան արգելեցինք, որովհետև մեզ հետ չի շրջում»։ 50Հիսուսը նրանց ասաց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև ով մեզ դեմ չէ, մեր կողմն է»։
Վատ ընդունելություն Սամարիայի մի գյուղում
51Երբ լրանում էին նրա օրերը աշխարհից վերանալու, նա որոշեց Երուսաղեմ գնալ։ 52Եվ իրենից առաջ պատգամավորներ ուղարկեց. նրանք գնալով սամարացիների մի գյուղ մտան, որ նրա համար տեղ պատրաստեն։ 53Բայց նրան չընդունեցին, որովհետև նա Երուսաղեմ էր ուղղվում։ 54Նրա աշակերտները՝ Հակոբոսն ու Հովհաննեսը, այդ տեսնելով, ասացին. «Տե՛ր, ուզո՞ւմ ես, որ ասենք՝ երկնքից կրակ իջնի ու դրանց ոչնչացնի»։ 55Իսկ նա դարձավ, սաստեց նրանց։ 56Եվ ուրիշ գյուղ գնացին։
Առաքելական կոչման պարտավորությունները
(Մտթ. 8.19-22)
57Եվ մինչ նրանք գնում էին, ճանապարհին ոմն մեկը նրան ասաց. «Ես քո հետևից կգամ, ո՛ւր էլ որ գնաս»։ 58Հիսուսը նրան ասաց. «Աղվեսները որջեր ունեն, երկնքի թռչունները՝ բույներ, բայց Մարդու Որդին տեղ չունի, որ գլուխը դնի»։
59Մեկ ուրիշի էլ ասաց. «Արի՛ իմ հետևից»։ Սա ասաց. «Տե՛ր, թո՛ւյլ տուր, որ նախ գնամ, իմ հորը թաղեմ»։ 60Հիսուսը նրան ասաց. «Թող մեռելներն իրենց մեռելներին թաղեն, իսկ դու գնա՛, Աստծու արքայությո՛ւնը քարոզիր»։
61Մեկ ուրիշն էլ ասաց. «Տե՛ր, քո հետևից կգամ, միայն թե նախ թո՛ւյլ տուր ինձ, որ իմ տնեցիներին հրաժեշտ տամ»։ 62Հիսուսը նրան ասաց. «Ոչ ոք, ով ձեռքը մաճի վրա է դնում ու հետ նայում, հարմար չէ Աստծու արքայության համար»։

Currently Selected:

Ղուկաս 9: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy