YouVersion Logo
Search Icon

ԴԱՏԱՎՈՐՆԵՐ 7

7
Գեդեոնը հաղթում է մադիանացիներին
1Հերո-Բաաղը, այսինքն՝ Գեդեոնը, և նրա հետ եղած ամբողջ ժողովուրդը կանուխ վեր կացան և բանակեցին Հարոդի աղբյուրի մոտ, իսկ Մադիամի բանակը նրա հյուսիսային կողմում էր՝ դեպի Մորեի բլուրը, հովտում։ 2Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Քեզ հետ եղած ժողովուրդը շատ է, և եթե Մադիամը նրանց ձեռքը տամ, միգուցե Իսրայելն իմ դեմ պարծենա՝ ասելով, թե՝ “Իմ ձեռքն ինձ ազատեց”։ 3Եվ հիմա հաստատի՛ր, որ ժողովուրդը լսի, և ասա՛՝ ով որ վախկոտ է և վատասիրտ, թող ետ դառնա և Գաղաադ սարից գնա»։ Եվ ժողովրդից քսաներկու հազար հոգի ետ դառան, և մնացին տասը հազար։ 4Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Ժողովուրդը տակավին շատ է. ջրի մո՛տ իջեցրու նրանց, և այնտեղ քեզ համար կփորձեմ նրանց. և որի համար քեզ ասեմ, թե սա քեզ հետ գնա, նա թող գնա քեզ հետ, և որի համար քեզ ասեմ, թե դա քեզ հետ չգնա, թող նա չգնա»։ 5Նա ժողովրդին իջեցրեց ջրի մոտ. և Տերը Գեդեոնին ասաց. «Ով որ շան լակելու պես ջուրը լակի լեզվով, նրան կկանգնեցնես առանձին. և ով որ էլ խմելու համար կորանա իր ծնկների վրա»։ 6Եվ ձեռքը բերանը տանելով լակողների թիվը երեք հարյուր հոգի էր, և մնացած ամբողջ ժողովուրդը կորացան իրենց ծնկների վրա խմելու համար։ 7Եվ Տերն ասաց Գեդեոնին. «Այն երեք հարյուր մարդկանցով, որոնք լակեցին ջուրը, ձեզ պիտի ազատեմ և Մադիամը քո ձեռքը պիտի մատնեմ, իսկ ամբողջ ժողովուրդը՝ ամեն մարդ, թող իր տեղը գնա»։ 8Նա ժողովրդի ձեռքից առավ ուտելիքն ու նրանց փողերը, և Գեդեոնն Իսրայելի բոլոր մարդկանց՝ ամեն մեկին, ուղարկեց իր վրանը, բայց այն երեք հարյուր մարդկանցով ամուր կանգնեց, իսկ Մադիամի բանակը հովտում էր՝ նրանից ներքև։
9Այն գիշեր Տերը նրան ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր բանակը, որովհետև նրանց քո ձեռքն եմ մատնել։ 10Եթե դու վախենում ես իջնել, քո ծառա Փուրայի հետ իջի՛ր բանակը, 11այդ ժամանակ կլսես, թե նրանք ինչ են խոսում. և հետո քո ձեռքերը կզորանան, և կիջնես բանակը»։ Եվ Մադիամն իջավ, նա և իր ծառա Փուրան մտան բանակի առաջապահ գնդերի մոտ։ 12Մադիամն ու Ամաղեկը և բոլոր արևելցիները մորեխների պես բազմությամբ պառկել էին հովտում, և թիվ չկար նրանց ուղտերին. ծովի եզերքին եղած ավազի չափ շատ էին։ 13Երբ Գեդեոնը հասավ, ահա մի մարդ իր ընկերոջը երազ էր պատմում և ասում. «Ես երազ տեսա. ահա մի գարե հաց էր գլորվում դեպի Մադիամի բանակը և եկավ հասավ վրանին ու նրան այնպես զարկեց, որ վայր ընկավ ու գլխիվայր շրջվեց. և վրանը վայր ընկավ»։ 14Նրա ընկերը պատասխանեց և ասաց. «Դա ուրիշ բան չէ, այլ միայն իսրայելացի Հովասի որդի Գեդեոնի սուրը. Աստված Մադիամը և ամբողջ բանակը նրա ձեռքն է մատնել»։
15Երբ Գեդեոնը լսեց երազի պատմությունը և նրա մեկնությունը, երկրպագեց Տիրոջը և վերադարձավ Իսրայելի բանակն ու ասաց. «Վե՛ր կացեք, որովհետև Տերը Մադիամի բանակը ձեր ձեռքն է տվել»։ 16Եվ այն երեք հարյուր մարդկանց բաժանեց երեք գնդի և ամեն մեկի ձեռքը փողեր տվեց ու դատարկ սափորներ և սափորների մեջ էլ՝ ջահեր։ 17Եվ նրանց ասաց. «Ի՛նձ նայեք և այսպե՛ս արեք. երբ բանակի եզերքը հասնեմ, ես ինչպես որ անեմ, դո՛ւք էլ այնպես արեք։ 18Երբ ես և բոլոր ինձ հետ եղողները փող հնչեցնենք, այն ժամանակ դուք էլ ամբողջ բանակի չորս կողմում հնչեցրե՛ք փողերը և ասացե՛ք. “Տիրոջ և Գեդեոնի համար”»։ 19Եվ Գեդեոնն ու նրա հետ եղած հարյուր մարդիկ կեսգիշերվա պահի սկզբին հասան բանակի եզերքը, և հենց որ զարթնեցրին պահապաններին, իսկույն հնչեցրին իրենց ձեռքերին եղած փողերը և սափորները կոտրատեցին։ 20Այն երեք գնդերն էլ փողերը հնչեցրին և սափորները կոտրատեցին, և ձախ ձեռքով ջահերը բռնած, աջ ձեռքով՝ հնչեցնելու համար պատրաստ փողերը՝ աղաղակում էին. «Տիրոջ և Գեդեոնի սուրը»։ 21Եվ ամեն մարդ կանգնել էր իր տեղը բանակի շուրջը, և ամբողջ բանակը վազում էր, աղաղակում ու փախչում։ 22Երբ այն երեք հարյուր մարդիկ փողերը հնչեցրին, Տերն այնպես արեց, որ բանակի մեջ ամեն մարդ սուրն իր ընկերոջ վրա դարձրեց, և ամբողջ զորքը փախավ մինչև Բեթասետա, դեպի Սարերա, մինչև Աբել-Մաուլայի սահմանը՝ Տաբեթ։
23Եվ իսրայելացիները Նեփթաղիմից, Ասերից ու ամբողջ Մանասեից հավաքվեցին և մադիանացիներին հալածեցին։ 24Գեդեոնը պատգամավորներ ուղարկեց Եփրեմի բոլոր լեռնակողմերը՝ ասելով. «Իջե՛ք մադիանացիներին դիմավորելու և նրանց առաջից բռնե՛ք ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը»։ Եվ Եփրեմի բոլոր մարդիկ հավաքվեցին ու բռնեցին ջրերի անցումները՝ մինչև Բեթ-Բարա, նաև Հորդանանը։ 25Եվ բռնեցին Մադիամի երկու իշխաններին՝ Օրեբին և Զեբին. Օրեբին սպանեցին Օրեբի վեմի մոտ, իսկ Զեբին սպանեցին Զեբի հնձանի մոտ. և հալածեցին մադիանացիներին ու Օրեբի և Զեբի գլուխները Հորդանանի այն կողմից բերին Գեդեոնին։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy