YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 34

34
Քարե նոր տախտակները
(Բ Օր. 10.1-5)
1Տերն ասաց Մովսեսին. «Քեզ համար քարե երկու տախտակնե՛ր կոփիր նախկինների նման։ Ես այդ տախտակների վրա պիտի գրեմ այն խոսքերը, որ նախկին տախտակների վրա էին, որոնք դու կոտրատեցիր։ 2Առավոտվա համար պատրա՛ստ եղիր և առավոտյան բարձրացի՛ր Սինա լեռը և այնտեղ լեռան գլխին կանգնի՛ր իմ առաջ։ 3Ոչ ոք չբարձրանա քեզ հետ, և ոչ ոք չերևա ամբողջ լեռան վրա. ոչ էլ մի ոչխար կամ արջառ արածի այդ լեռան ստորոտին»։
4Մովսեսը երկու քարե տախտակներ կոփեց նախկինների նման։ Նա վաղ առավոտյան վեր կացավ, բարձրացավ Սինա լեռը, ինչպես որ Տերը պատվիրել էր իրեն, և իր ձեռքն առավ երկու քարե տախտակները։ 5Տերն ամպով իջավ#34.5 Տերը հայտնվեց հրեշտակի միջոցով։, կանգնեց այնտեղ՝ նրա մոտ, և կանչեց իր անունը։ 6Տերն անցավ Մովսեսի առջևից և կանչեց. «Ես եմ Տերը, Տեր Աստվածը՝ Տեր ողորմած և գթած, համբերատար, առատ ողորմությամբ և ճշմարտությամբ, 7որ ողորմածություն եմ անում հազարավորների, որ ներում եմ անօրենություն, հանցանք և մեղք, բայց բնավ անպարտ չեմ թողնում հանցավորին և հայրերի անօրենությունը հատուցում եմ՝ պատժելով որդիներին և որդիների որդիներին՝ մինչև երրորդ և չորրորդ սերունդը»։ 8Մովսեսն շտապելով մինչև գետին խոնարհվեց և երկրպագություն արեց։ 9Եվ ասաց. «Ո՛վ Տեր, աղաչում եմ, եթե քո առաջ շնորհ գտա, խնդրեմ, թող իմ Տերը մեզ հետ գնա, որովհետև սա խստապարանոց մի ազգ է, և ների՛ր մեր անօրենություններն ու մեր մեղքերը և մեզ քո ժառանգությունը դարձրու»։
Ուխտի նորոգումը
(Ելք 23.14-19, Բ Օր. 7.1-5, 16.1-17)
10Տերն ասաց. «Ահա ես ուխտ եմ դնում. քո ամբողջ ժողովրդի առաջ ես այնպիսի սքանչելիքներ պիտի անեմ, որ ամբողջ երկրի վրա և բոլոր ազգերի մեջ չեն եղել։ Ամբողջ ժողովուրդը, որոնց մեջ դու կաս, պիտի տեսնի Տիրոջ գործը. որովհետև հիանալի է այն բանը, որ քեզանով պիտի կատարեմ։ 11Մի՛տքդ պահիր, ինչ որ պատվիրում եմ քեզ այսօր։ Ահա պիտի քշեմ քո առաջից ամորհացիներին, քանանացիներին, քետացիներին, փերեզացիներին, խևացիներին և հեբուսացիներին։ 12Զգո՛ւյշ եղիր, որ ուխտ չկապես այն երկրի բնակիչների հետ, ուր գնալու ես, որպեսզի նրանք ձեր մեջ որոգայթ չդառնան։ 13Կործանե՛ք նրանց բագինները, փշրե՛ք նրանց կուռքերը և կոտրատե՛ք նրանց աստարովթները։ 14Որովհետև ուրիշ աստծու երկրպագություն չպիտի անեք, քանի որ Տիրոջ անունը Նախանձոտ է, նախանձոտ Աստված է նա։ 15Չլինի թե այդ երկրի բնակիչների հետ ուխտ կապես, և նրանք, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկանալիս և նրանց զոհեր մատուցելիս կանչեն քեզ, և դու ուտես նրանց զոհաբերածից. 16և քո որդիներին կին առնես նրանց աղջիկներից, ու նրանց աղջիկներն էլ, իրենց աստվածների ետևից գնալով, պոռնկանալիս պոռնկություն անել տան նաև քո որդիներին՝ իրենց աստվածների հետևից գնալ տալով։ 17Ձուլածո աստվածներ չկերտես քեզ համար։
18Կպահես Բաղարջակերաց տոնը. ինչպես պատվիրել եմ քեզ, յոթ օր բաղարջ հաց կուտես Աբիբ ամսվա որոշյալ ժամանակին, որովհետև Աբիբ ամսվա մեջ դուրս ելար Եգիպտոսից։ 19Ամեն առաջնածին#34.19 Արգանդ բացող։ ինձ է պատկանում, նաև քո անասունների մեջ ամեն արու առաջնեկ, արջառ լինի, թե ոչխար։ 20Բայց էշի առաջնածինը կփրկագնես գառով, իսկ եթե չփրկագնես, այն ժամանակ նրա վիզը կկտրես։ Քո որդիների բոլոր առաջնեկներին կփրկագնես, և ոչ մեկն իմ առաջ ձեռնունայն չերևա։
21Վեց օր պիտի աշխատես, իսկ յոթերորդ օրը հանգստանաս։ Պիտի հանգստանաս նաև ցանքի և հնձի ժամանակ։
22Կկատարես շաբաթների, այսինքն՝ ցորենի հնձի երախայրիքի տոնը, և բերքահավաքի տոնը՝ տարվա վերջին։
23Տարին երեք անգամ քո բոլոր արու զավակները թող ներկայանան Իսրայելի Ամենակալ Տեր Աստծու առաջ, 24որովհետև քո առաջից պիտի քշեմ ազգերին և պիտի ընդարձակեմ քո սահմանները. ոչ ոք չպիտի ցանկանա քո երկիրը, երբ դու տարին երեք անգամ վեր բարձրանաս՝ ներկայանալու քո Տեր Աստծուն։
25Իմ զոհի արյունը թթխմորով հացի վրա չթափես, և զատկի տոնի զոհը մինչև առավոտ չմնա։ 26Քո երկրի առաջին բերքը կբերես քո Տեր Աստծու տունը։
Ուլն իր մոր կաթի մեջ չեփես»։
27Տերն ասաց Մովսեսին. «Այս խոսքերը գրի՛ր քեզ համար, որովհետև այս խոսքերի համաձայն ուխտ եմ կապում քեզ հետ և Իսրայելի հետ»։
28Մովսեսն այնտեղ մնաց Տիրոջ հետ քառասուն օր և քառասուն գիշեր. հաց չկերավ և ջուր չխմեց ու տախտակների վրա գրեց ուխտի խոսքերը, այսինքն՝ տասը պատվիրանները։
Մովսեսն իջնում է Սինա լեռից
29Երբ Մովսեսն իջնում էր Սինա լեռից, վկայության երկու տախտակներն իր ձեռքին էին լեռից իջնելիս։ Մովսեսը չգիտեր, որ Տիրոջ հետ խոսելու պատճառով իր երեսը լուսափայլում էր։ 30Ահարոնն ու Իսրայելի բոլոր որդիները տեսան Մովսեսին, և ահա նրա երեսը լուսափայլում էր. վախեցան մոտենալ նրան։ 31Մովսեսը կանչեց նրանց. Ահարոնն ու ժողովրդի բոլոր իշխանավորները եկան նրա մոտ, և Մովսեսը խոսեց նրանց հետ։ 32Դրանից հետո Իսրայելի բոլոր որդիները մոտեցան։ Եվ Մովսեսը պատվիրեց նրանց այն ամենը, ինչ Տերը խոսել էր իր հետ Սինա լեռան վրա։ 33Եվ Մովսեսը վերջացրեց նրանց հետ խոսելը և իր երեսին քող էր դրել։ 34Երբ Մովսեսը ներկայանում էր Տիրոջը՝ նրա հետ խոսելու համար, հանում էր քողը մինչև դուրս գալը. և երբ դուրս էր գալիս, Իսրայելի որդիներին ասում էր, ինչ որ պատվիրվել էր իրեն։ 35Իսրայելի որդիները տեսնում էին, որ Մովսեսի երեսը լուսափայլում էր. Մովսեսն իր երեսը քողով ծածկում էր մինչ նրա հետ խոսելու մտնելը։

Currently Selected:

ԵԼՔ 34: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy