YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 3

3
Աստված կանչում է Մովսեսին
1Մովսեսն արածեցնում էր իր աներոջ՝ Մադիամի քուրմ Հոթորի հոտը։ Նա, հոտը քշելով անապատի ետևը, եկավ Աստծու լեռը՝ Քորեբ։ 2Տիրոջ հրեշտակը երևաց նրան մորենու միջից կրակի բոցով։ Մովսեսը տեսավ, որ մորենին կրակով վառվում էր, բայց չէր սպառվում։ 3Մովսեսն ասաց. «Մի գնամ ու տեսնեմ այս մեծ երևույթը, թե ինչո՛ւ մորենին այրվելով չի սպառվում»։ 4Տերը տեսավ, որ նա դառնում է տեսնելու համար. և Աստված մորենու միջից կանչեց նրան և ասաց. «Մովսե՛ս, Մովսե՛ս»։ Նա ասաց. «Ահա ես այստեղ եմ»։ 5Աստված ասաց. «Մի՛ մոտեցիր այս տեղին. հանի՛ր կոշիկներդ քո ոտքերից, որովհետև այն տեղը, ուր դու կանգնած ես, սուրբ հող է»։ 6Նաև ասաց. «Ես եմ քո հոր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածը»։ Եվ Մովսեսը ծածկեց իր երեսը, որովհետև վախեցավ նայել Աստծուն։
7Տերն ասաց. «Ես տեսա Եգիպտոսում գտնվող իմ ժողովրդի չարչարանքը և լսեցի գործավարների պատճառով նրանց աղաղակը, որովհետև իմացա նրանց կրած նեղությունները։ 8Եվ իջա, որ նրանց ազատեմ եգիպտացիների ձեռքից, նրանց հանեմ այն երկրից ու տանեմ մի լավ ու լայնարձակ երկիր, ուր կաթ ու մեղր է բխում, որտեղ բնակվում են քանանացիները, քետացիները, ամորհացիները, փերեզացիները, խևացիները և հեբուսացիները։ 9Եվ հիմա Իսրայելի որդիների աղաղակը հասել է ինձ. ես տեսա նաև այն հարստահարությունները, որոնց ենթարկում են նրանց եգիպտացիները։ 10Ուստի արի՛ հիմա քեզ ուղարկեմ փարավոնի մոտ, և հանի՛ր Եգիպտոսից իմ ժողովրդին՝ Իսրայելի որդիներին»։ 11Մովսեսն ասաց Աստծուն. «Ես ո՞վ եմ, որ գնամ փարավոնի մոտ և Իսրայելի որդիներին հանեմ Եգիպտոսից»։ 12Աստված ասաց. «Ես քեզ հետ կլինեմ, և սա նշան կլինի քեզ համար, որ ես եմ ուղարկել քեզ. երբ ժողովրդին հանես Եգիպտոսից, այս լեռան վրա կպաշտեք Աստծուն»։
13Մովսեսն ասաց Աստծուն. «Ահա ես գնում եմ Իսրայելի որդիների մոտ և կասեմ նրանց. “Ձեր հայրերի Աստվածն ինձ ուղարկել է ձեզ մոտ”։ Եվ եթե նրանք ինձ հարցնեն, թե ի՛նչ է նրա անունը, ես ի՞նչ պատասխան տամ նրանց»։ 14Աստված ասաց Մովսեսին. «Ես այն եմ, ՈՐ ԵՄ»։ Եվ ասաց. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “ԵՄ-ը ուղարկեց ինձ ձեզ մոտ”»։ 15Աստված դարձյալ ասաց Մովսեսին. «Այսպես կասես Իսրայելի որդիներին. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի Աստվածը, Իսահակի Աստվածը և Հակոբի Աստվածն ուղարկեց ինձ ձեզ մոտ”։ Այս է իմ անունը հավիտյան, և այս է իմ հիշատակը սերնդից սերունդ։ 16Գնա հավաքի՛ր Իսրայելի ծերերին և ասա՛ նրանց. “Ձեր հայրերի Տեր Աստվածը՝ Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը, երևաց ինձ ու ասաց. "Արդարև, այցելեցի ձեզ և տեսա ձեր քաշածը Եգիպտոսում 17և ասացի. "Դուրս հանեմ ձեզ Եգիպտոսի չարչարանքից և տանեմ դեպի քանանացիների, քետացիների, ամորհացիների, փերեզացիների, խևացիների և հեբուսացիների երկիրը, ուր կաթ ու մեղր է բխում"”։ 18Նրանք կլսեն քո ձայնը. դու և Իսրայելի ծերերը կմտնեք Եգիպտոսի թագավորի մոտ և կասեք նրան. “Եբրայեցիների Աստվածը՝ Տերը, հանդիպեց մեզ. հիմա թո՛ւյլ տուր երեք օրվա ճանապարհ գնանք դեպի անապատ, որպեսզի զոհ մատուցենք մեր Տեր Աստծուն”։ 19Ես գիտեմ, որ Եգիպտոսի թագավորը թույլ չի տա ձեզ, որ գնաք, եթե մի հզոր ձեռք չստիպի նրան։ 20Ես կերկարեմ իմ ձեռքը և կհարվածեմ Եգիպտոսին իմ բոլոր հրաշքներով, որ պիտի գործեմ նրա մեջ. դրանից հետո ձեզ թույլ կտա գնալ։ 21Եգիպտացիների աչքին շնորհ գտնել կտամ այս ժողովրդին, և երբ դուրս գաք, դատարկաձեռն դուրս չեք գա. 22այլ ամեն կին իր հարևանուհուց և իր տանը բնակվող կնոջից կխնդրի արծաթե զարդեր և ոսկե զարդեր, զգեստներ. դրանք կդնեք ձեր որդիների և աղջիկների վրա և կկողոպտեք եգիպտացիներին»։

Currently Selected:

ԵԼՔ 3: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy