YouVersion Logo
Search Icon

Եփեսացիներին 5

5
Ապրել որպես լույսի որդիներ
1Արդ Աստծուն նմանվե՛ք որպես սիրելի որդիներ։ 2Եվ սիրո՛վ վարվեք, ինչպես որ Քրիստոսն էլ մեզ սիրեց ու իրեն մեզ համար ընծա և զոհ մատուցեց Աստծուն՝ որպես անուշահոտություն։ 3Պոռնկության, ամեն պղծության կամ ագահության անունն անգամ թող չտրվի ձեր մեջ, ինչպես վայել է սրբերին, 4ինչպես նաև գռեհիկ կամ հիմար խոսքերը, կամ խեղկատակությունը, այլ հատկապես գոհություն թող մատուցվի Աստծուն։ 5Որովհետև մի բան իմացե՛ք, որ ոչ մի պոռնիկ կամ պիղծ կամ ագահ, որ կռապաշտ է, Քրիստոսի և Աստծու արքայության մեջ ժառանգություն չունի։
6Ոչ ոք թող ձեզ դատարկ խոսքերով չխաբի, որովհետև այս պատճառով է Աստծու բարկությունը գալիս անհնազանդ զավակների վրա։ 7Ուրեմն դրանց հաղորդակից մի՛ եղեք։ 8Քանի որ թեպետ մի ժամանակ խավար էիք, իսկ հիմա լույս եք Տիրոջով, լույսի որդիների պե՛ս ընթացեք, 9որովհետև Հոգու պտուղը ամեն բարության, արդարության և ճշմարտության մեջ է։ 10Փորձե՛ք այն, ինչ Տիրոջը հաճելի է։ 11Եվ խավարի անպտուղ գործերին մասնակից մի՛ եղեք, ավելին՝ քննե՛ք դրանք, 12որովհետև նրանց մեջ ծածուկ կատարվածների մասին խոսելն անգամ ամոթ է։ 13Բայց քննության ենթարկված ամեն ծածուկ բան հայտնի է դառնում, 14քանի որ ամեն բան, որ հայտնի է, լույս է։ Դրա համար էլ ասում է.
«Արթնացի՛ր, ո՛վ քնած,
վե՛ր կաց մեռելների միջից,
և Քրիստոսը քեզ կլուսավորի»։
15Արդ ուշադրությո՛ւն դարձրեք ձեր վարքին. վարվե՛ք ոչ թե անխելքների պես, այլ իմաստունների. 16ճի՛շտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ 17Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե որն է Տիրոջ կամքը։ 18Գինով մի՛ հարբեք, որ անառակության է տանում, այլ Հոգո՛վ լցվեք։ 19Միմյանց հետ սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերո՛վ խոսեք, ձեր սրտերում Տիրո՛ջը երգեք ու սաղմո՛ս ասեք։ 20Ամեն ժամ ու ամեն բանում մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով գոհությո՛ւն հայտնեք Աստծուն և Հորը։
Հորդոր տղամարդկանց և կանանց
21Քրիստոսի երկյուղով միմյանց հնազա՛նդ եղեք։ 22Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազանդվե՛ք, ինչպես Տիրոջը, 23որովհետև ամուսինը կնոջ գլուխն է, ինչպես Քրիստոսն էլ եկեղեցու գլուխն է, և ինքն է մարմնի Փրկիչը։ 24Եվ ինչպես եկեղեցին հնազանդ է լինում Քրիստոսին, այնպես էլ կանայք իրենց ամուսիններին ամեն ինչում թող հնազանդ լինեն։ 25Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոսն էլ եկեղեցուն սիրեց ու իր անձը նրա համար մատնեց, 26որպեսզի նրան սրբացնի՝ մաքրելով ջրի ավազանով՝ խոսքով, 27որպեսզի եկեղեցին իր առաջ փառավոր կանգնեցնի, որպեսզի որևէ արատ կամ բիծ կամ որևէ նման բան չունենա, որ սուրբ ու անարատ լինի։ 28Ամուսիններն իրենց կանանց այնպես պետք է սիրեն, ինչպես իրենց մարմինները. ով իր կնոջը սիրում է, ինքն իրեն է սիրում։ 29Որովհետև ոչ ոք իր անձը երբեք չի ատել, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոսը՝ եկեղեցուն, 30որովհետև նրա մարմնի անդամներն ենք, նրա մարմնից ու ոսկորներից։ 31Դրա համար ամուսինն իր հորն ու մորը պետք է թողնի և իր կնոջը հետևի, ու երկուսը մեկ մարմին պիտի լինեն (Ծնն. 2.24)։ 32Այս խորհուրդը մեծ է, բայց ես Քրիստոսի և եկեղեցու մասին եմ ասում։ 33Սակայն դուք էլ, ձեզնից յուրաքանչյուրը թող իր կնոջն այնպես սիրի, ինչպես ինքն իրեն, և կինն էլ ակնածի իր ամուսնուց։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy