YouVersion Logo
Search Icon

Գործք Առաքելոց 8

8
1Սողոսն էլ էր համագործակից նրա սպանությանը։
Այդ օրը Երուսաղեմի եկեղեցու դեմ մեծ հալածանք եղավ. բոլորը ցրվեցին Հրեաստանի ու Սամարիայի գավառները, բացի առաքյալներից։ 2Աստվածավախ մարդիկ թաղեցին Ստեփանոսին ու նրա վրա մեծ ողբ արեցին։
Սողոսը՝ եկեղեցու հալածիչ
3Իսկ Սողոսը ավերում էր եկեղեցին. տնից տուն էր մտնում և տղամարդկանց ու կանանց քարշ տալով՝ բանտ էր նետում։
Ավետարանի քարոզությունը Սամարիայում
4Իսկ ցրվածները շրջում էին՝ Աստծու խոսքն ավետարանելով։ 5Փիլիպպոսը, Սամարիայի մի քաղաք իջնելով, Քրիստոսին էր քարոզում նրանց։ 6Ժողովրդի բազմությունը համախմբված լսում էր Փիլիպպոսի խոսքերը և տեսնում նրա կատարած նշանները, 7քանի որ շատերի միջից պիղծ ոգիները բարձրաձայն աղաղակելով դուրս էին գալիս, և բազում անդամալույծներ ու կաղեր էին բժշկվում։ 8Եվ այդ քաղաքում մեծ ուրախություն եղավ։
Սիմոն մոգը
9Այդ քաղաքում Սիմոն անունով մի մարդ կար, որ վաղուց մոգություն էր անում և սամարացի ժողովրդին զարմացնում էր՝ ասելով, թե ինքը մեծ մեկն է։ 10Եվ բոլորը՝ փոքրից մեծ, նրան էին հետևում ու ասում. «Սա է Աստծու զորությունը, որ մեծ է կոչվում»։ 11Նրան հետևում էին, որովհետև երկար ժամանակ մոգություններով զարմացրել էր նրանց։ 12Բայց երբ հավատացին Փիլիպպոսին, որն Աստծու արքայության և Հիսուս Քրիստոսի անվան մասին էր ավետարանում, բոլորն էլ մկրտվում էին՝ թե՛ տղամարդ, թե՛ կին։ 13Սիմոնն ինքն էլ հավատաց ու երբ մկրտվեց, միշտ Փիլիպպոսին էր հետևում. տեսնելով այն նշաններն ու մեծամեծ հրաշքները, որ կատարվում էին, զարմանում էր։
14Երբ Երուսաղեմում գտնվող առաքյալները լսեցին, որ Սամարիան ընդունել է Աստծու խոսքը, նրանց մոտ ուղարկեցին Պետրոսին ու Հովհաննեսին, 15որոնք այնտեղ իջան ու նրանց համար աղոթեցին, որպեսզի Սուրբ Հոգին ստանան. 16քանի որ նրանցից ոչ մեկի վրա դեռ չէր իջել, այլ միայն Տեր Հիսուսի անունով էին մկրտվել։ 17Այդ ժամանակ ձեռքերը նրանց վրա դրեցին, և նրանք Սուրբ Հոգին ստացան։ 18Սիմոնը, տեսնելով, որ առաքյալների ձեռք դնելով Սուրբ Հոգին տրվում է, նրանց փող առաջարկեց 19և ասաց. «Ի՛նձ էլ այս իշխանությունը տվեք, որպեսզի ում վրա ձեռքս դնեմ, Սուրբ Հոգին ստանա»։ 20Պետրոսը նրան ասաց. «Կորի՛ր քո արծաթի հետ միասին, որովհետև կարծեցիր, թե Աստծու պարգևը կարելի է փողով առնել։ 21Դու դրանում ո՛չ մաս ունես, ո՛չ ժառանգություն, որովհետև քո սիրտն Աստծու առաջ ուղիղ չէ։ 22Արդ քո այդ չարության համար ապաշխարի՛ր և աղաչի՛ր Տիրոջը. թերևս քո սրտի չար խորհուրդը ներվի քեզ, 23որովհետև քեզ տեսնում եմ դառն մաղձի և անիրավության կապանքների մեջ»։ 24Սիմոնն ասաց. «Դո՛ւք Տիրոջն ինձ համար աղոթեք, որպեսզի ինձ վրա ձեր ասածներից ոչինչ չգա»։
25Եվ նրանք, վկայություն տալով ու Տիրոջ խոսքը քարոզելով, վերադարձան Երուսաղեմ և սամարացիների շատ գյուղերում էին ավետարանում։
Փիլիպպոսը և եթովպացի ներքինին
26Եվ Տիրոջ հրեշտակը Փիլիպպոսին ասաց. «Վե՛ր կաց և կեսօրին մոտ գնա՛ Երուսաղեմից Գազա իջնող ճանապարհով։ Այն անապատ է»։ 27Նա վեր կացավ գնաց։ Ահա եթովպացի մի մարդ, որ ներքինի էր և Եթովպիայի Կանդակի թագուհու պաշտոնյաներից, որը նաև թագուհու գանձապահն էր, երկրպագության համար եկել էր Երուսաղեմ. 28վերադառնալիս իր կառքում նստած՝ Եսայի մարգարեի գիրքն էր կարդում։ 29Հոգին Փիլիպպոսին ասաց. «Առաջացի՛ր և այդ կառքի՛ն մոտեցիր»։ 30Փիլիպպոսն առաջ վազելով լսեց, որ Եսայու մարգարեությունից է կարդում, և հարցրեց. «Արդյոք հասկանո՞ւմ ես, թե ինչ ես կարդում»։ 31Իսկ նա պատասխանեց. «Ինչպե՞ս կկարողանամ, եթե մեկն ինձ չուղղորդի»։ Նա խնդրեց Փիլիպպոսին, որ բարձրանա և նստի իր մոտ։ 32Եվ սա էր գրքի այն հատվածը, որ կարդում էր.
«Իբրև ոչխար մորթվելու տարվեց,
և իբրև գառ, որ լուռ կանգնում է իրեն խուզողի առաջ,
այդպես էլ նա իր բերանը չի բացում։
33 Նրա խոնարհության պատճառով նրա իրավունքը մերժվեց.
ո՞վ պիտի նրա ցեղի մասին պատմի,
քանի որ նրա կյանքը երկրից վերցվեց» (Ես. 53.7-8)։
34Եվ ներքինին Փիլիպպոսին ասաց. «Խնդրում եմ քեզ, ո՞ւմ մասին է մարգարեն այս ասում՝ ի՞ր, թե՞ մեկ ուրիշի»։ 35Փիլիպպոսը բաց արեց բերանը և սկսելով այս գրքից՝ նրան ավետարանեց Հիսուսի մասին։ 36Ճանապարհով ընթանալիս մի ջրի մոտ հասան, և ներքինին ասաց. «Ահա ջուր. ի՞նչն է ինձ արգելում, որ մկրտվեմ»։ 37#8.37 Հուն. հն. ձեռ. այս համարը չունեն։ Փիլիպպոսը նրան պատասխանեց. «Եթե ամբողջ սրտով հավատում ես, կարող ես մկրտվել»։ Նա ասաց. «Հավատում եմ, որ Հիսուս Քրիստոսն Աստծու Որդին է»։ 38Եվ հրամայեց կառքը կանգնեցնել. Փիլիպպոսն ու ներքինին իջան ջուրը, և նա մկրտեց ներքինուն։ 39Երբ ջրից դուրս եկան, Տիրոջ Հոգին Փիլիպպոսին հափշտակեց տարավ, ու ներքինին այլևս չտեսավ նրան. և նա ուրախությամբ գնաց իր ճանապարհով։ 40Փիլիպպոսը հայտնվեց Ազովտոսում և շրջելով ավետարանում էր բոլոր քաղաքներում, մինչև որ եկավ Կեսարիա։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy