YouVersion Logo
Search Icon

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 18

18
Միքիա մարգարեն զգուշացնում է Աքաաբին
(Գ Թագ. 22.1-28)
1Հոսափատը խիստ մեծ փառք ու հարստություն ունեցավ և խնամի դարձավ Աքաաբի հետ։ 2Մի քանի տարուց հետո նա իջավ Սամարիա՝ Աքաաբի մոտ, և Աքաաբը նրան ու նրա հետ եղող մարդկանց համար շատ ոչխարներ և արջառներ մորթեց և համոզեց նրան, որ բարձրանա Ռամոթ-Գաղաադ։ 3Իսրայելի Աքաաբ թագավորն ասաց Հուդայի թագավոր Հոսափատին. «Ինձ հետ կգնա՞ս Ռամոթ-Գաղաադ»։ Նա ասաց նրան. «Ինչպես դու, այնպես էլ ես, և ինչպես քո ժողովուրդը, այնպես էլ իմ ժողովուրդը. քեզ հետ կգնանք պատերազմի»։
4Ապա Հոսափատն ասաց Իսրայելի թագավորին. «Բայց հիմա եկ Տիրոջ խոսքը փնտրի»։ 5Իսրայելի թագավորը հավաքեց մարգարեներին՝ չորս հարյուր հոգի, և հարցրեց նրանց. «Ռամոթ-Գաղաադի դեմ պատերազմի գնա՞նք, թե՞ ետ կանգնեմ»։ Նրանք ասացին. «Գնա՛, և Տերն այն կմատնի թագավորի ձեռքը»։ 6Բայց Հոսափատն ասաց. «Այստեղ Տիրոջ ուրիշ մարգարե չկա՞, որ նրանից խորհուրդ հարցնենք»։ 7Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Դեռ մի ուրիշ մարդ էլ կա, որի միջոցով կարելի է Տիրոջը հարցնել, բայց ես ատում եմ նրան, որովհետև ինձ համար բարի բան չի մարգարեանում, այլ միշտ՝ չար բան։ Դա Հեմլայի որդի Միքիան է»։ Հոսափատն ասաց. «Թող թագավորն այդպես չխոսի»։
8Իսրայելի թագավորը մի ներքինի կանչեց և ասաց. «Շուտ այստե՛ղ բեր Հեմլայի որդի Միքիային»։ 9Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը նստել էին՝ յուրաքանչյուրն իր գահի վրա, արքայական զգեստներ հագած. նստել էին կալում՝ Սամարիայի դարպասի առաջ, և բոլոր մարգարեները մարգարեանում էին նրանց առաջ։ 10Քանանայի որդի Սեդեկիան իր համար երկաթե եղջյուրներ շինեց և ասաց. «Այսպես է ասում Տերը. “Սրանցով կհրես ասորիներին, մինչև որ բնաջնջվեն”»։ 11Բոլոր մարգարեներն էլ այդպես էին մարգարեանում՝ ասելով. «Գնա՛ Ռամոթ-Գաղաադ և հաջողություն կունենաս, և Տերն այն կհանձնի թագավորի ձեռքը»։
12Այն պատգամավորը, որ գնացել էր Միքիային կանչելու, նրան ասաց. «Ահա մարգարեները միաբերան բարի են խոսում թագավորի համար, ուրեմն թող քո խոսքն էլ նրանցից մեկի ասածի պես լինի. բարի՛ խոսիր»։ 13Բայց Միքիան ասաց. «Կենդանի է Տերը. ինչ որ Աստված ինձ ասի, այն եմ խոսելու»։
14Եվ երբ նա եկավ թագավորի մոտ, թագավորը նրան հարցրեց. «Միքիա՛, Ռամոթ-Գաղաադ գնա՞նք պատերազմելու, թե՞ ետ կանգնեմ»։ Նա պատասխանեց. «Գնացե՛ք և հաջողություն կունենաք. նրանք ձեր ձեռքը կհանձնվեն»։ 15Թագավորը նրան ասաց. «Քանի՞ անգամ ես քեզ երդում անել տամ, որ Տիրոջ անունով, բացի ճշմարտությունից, ոչինչ չասես»։ 16Այն ժամանակ Միքիան ասաց. «Ես տեսա ամբողջ Իսրայելը՝ ցրված լեռների վրա ոչխարների նման, որոնք հովիվ չունեն, և Տերն ասաց. “Սրանք տեր չունեն, թող ամեն մարդ իր տունը վերադառնա խաղաղությամբ”»։ 17Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Քեզ չասացի՞, որ նա ինձ համար բարի բան չի մարգարեանա, այլ՝ չար»։ 18Եվ Միքիան ասաց. «Ուրեմն լսեցե՛ք Տիրոջ խոսքը։ Ես տեսա Տիրոջը՝ նստած իր գահի վրա և երկնքի բոլոր զորքերը կանգնած նրա աջ և ձախ կողմերին։ 19Տերն ասաց. “Ո՞վ կխաբի Իսրայելի Աքաաբ թագավորին, որ բարձրանա գնա Ռամոթ-Գաղաադի դեմ և կորստյան մատնվի”։ Եվ մեկն այսպես էր ասում, մյուսն՝ այնպես։ 20Այն ժամանակ մի ոգի դուրս եկավ, կանգնեց Տիրոջ առջև և ասաց. “Ես կխաբեմ նրան”։ Տերն ասաց. “Ինչպե՞ս”։ 21Նա էլ պատասխանեց. “Ես դուրս կգնամ և սուտ ոգի կլինեմ նրա բոլոր մարգարեների բերանում”։ Տերն ասաց. “Դու կխաբես և կհաջողես. գնա՛ և արա՛ այդպես”։ 22Արդ, Տերը սուտ ոգի է դրել քո այդ մարգարեների բերանում, բայց Տերը քեզ համար չարիք է խոսել»։
23Այն ժամանակ Քանանայի որդի Սեդեկիան մոտեցավ, հարվածեց Միքիայի ծնոտին և ասաց. «Ո՞ր ճանապարհով է Տիրոջ հոգին ինձանից անցել, որ քեզ հետ խոսի»։ 24Միքիան պատասխանեց. «Դու այդ կտեսնես այն օրը, երբ սենյակից սենյակ կմտնես թաքնվելու համար»։
25Իսրայելի թագավորն ասաց. «Վերցրե՛ք Միքիային, տարե՛ք քաղաքապետ Ամոնի ու արքայորդի Հովասի մոտ 26և ասացե՛ք. “Այսպես է ասում թագավորը. սրան բա՛նտ դրեք և կերակրե՛ք քիչ հացով ու քիչ ջրով, մինչև որ ես վերադառնամ խաղաղությամբ”»։ 27Միքիան ասաց. «Եթե դու խաղաղությամբ վերադարձար ու եկար, ուրեմն Տերն իմ միջոցով չի խոսել»։ Հետո ասաց. «Ո՛վ ժողովուրդ, բոլորդ լսեցե՛ք»։
Աքաաբի մահը
(Գ Թագ. 22.29-35)
28Իսրայելի թագավորն ու Հուդայի Հոսափատ թագավորը գնացին Ռամոթ-Գաղաադի վրա։ 29Իսրայելի թագավորն ասաց Հոսափատին. «Պետք է կերպարանափոխվեմ և հետո պատերազմի գնամ. բայց դու հագի՛ր քո զգեստները»։ Եվ Իսրայելի թագավորը կերպարանափոխվեց, ու գնացին պատերազմի։ 30Ասորիների թագավորը իր մարտակառքերի պետերին, որոնք իր հետ էին, ասաց. «Չպատերազմեք ո՛չ փոքրի և ո՛չ մեծի դեմ, այլ միայն՝ Իսրայելի թագավորի դեմ»։ 31Եվ երբ մարտակառքերի պետերը տեսան Հոսափատին, ասացին. «Սա է Իսրայելի թագավորը», և դարձան դեպի նա, որ կռվեն նրա հետ։ Հոսափատն աղաղակեց, և Տերը օգնեց նրան. Աստված նրանց հեռացրեց նրանից։ 32Երբ մարտակառքերի պետերը տեսան, որ նա Իսրայելի թագավորը չէ, դադարեցրին հետապնդելը և վերադարձան։ 33Մի մարդ պատահաբար քաշեց աղեղը և խոցեց Իսրայելի թագավորին զրահի կցվածքների միջով։ Իսրայելի թագավորն ասաց կառավարին. «Ե՛տ դարձիր և ինձ դո՛ւրս տար բանակից, որովհետև վիրավորվել եմ»։ 34Այդ օրը պատերազմը սաստկացավ։ Իսրայելի թագավորն իրեն կանգնած պահեց մարտակառքում՝ ասորիների դիմաց, և մեռավ արեգակը մայր մտնելու ժամանակ։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy