YouVersion Logo
Search Icon

Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19

19
Սավուղը հալածում է Դավթին
1Սավուղն իր որդի Հովնաթանին և իր բոլոր ծառաներին ասաց, որ Դավթին սպանեն։ Բայց Սավուղի Հովնաթան որդին շատ էր սիրում Դավթին։ 2Եվ Հովնաթանը հաղորդեց Դավթին՝ ասելով. «Իմ հայր Սավուղը ուզում է քեզ սպանել. հիմա զգո՛ւյշ եղիր մինչև առավոտ, թաքնվի՛ր ու նստի՛ր մի ծածուկ տեղ։ 3Ես դուրս կգամ ու կկանգնեմ իմ հոր մոտ այն դաշտում, որտեղ դու կլինես. և քո մասին կխոսեմ իմ հոր հետ և ինչ որ իմանամ, կհաղորդեմ քեզ»։ 4Եվ Հովնաթանը Դավթի մասին լավ խոսեց իր հայր Սավուղի հետ և նրան ասաց. «Թող թագավորը մեղք չգործի իր ծառա Դավթի դեմ, որովհետև նա մեղք չի գործել քո դեմ, և նրա գործերը շատ լավ են քեզ համար։ 5Նա, իր անձը վտանգի ենթարկելով, սպանեց փղշտացուն, և Տերը մեծ փրկություն շնորհեց ամբողջ Իսրայելին. դու էլ տեսար և ուրախացար. ինչո՞ւ ես մեղանչում անմեղ արյան դեմ՝ առանց պատճառի Դավթին սպանելով»։ 6Եվ Սավուղը լսեց Հովնաթանի խոսքին և Սավուղը երդվեց, թե՝ «Կենդանի է Տերը, նա չպիտի մեռնի»։ 7Եվ Հովնաթանը կանչեց Դավթին. և Հովնաթանը այս բոլոր խոսքերը հաղորդեց նրան. և Հովնաթանը Դավթին տարավ Սավուղի մոտ, և Դավիթն առաջվա պես ծառայում էր նրան։
8Եվ դարձյալ պատերազմ եղավ, և Դավիթը դուրս եկավ փղշտացիների դեմ պատերազմի ու մեծ կոտորած արեց նրանց մեջ, և նրանք փախան նրա առաջից։ 9Եվ Տիրոջ կողմից չար ոգի իջավ Սավուղի վրա, երբ նա, նիզակը ձեռքին, նստած էր իր տանը, Դավիթն էլ իր ձեռքով քնար էր նվագում։ 10Եվ Սավուղն ուզեց, որ նիզակով զարկի Դավթին, մեխի պատին, բայց նա Սավուղի դեմից շրջվեց մի կողմ, և նիզակը դիպավ պատին։ Եվ Դավիթը փախավ այդ գիշեր ու ազատվեց։ 11Բայց Սավուղը Դավթի տուն մարդիկ ուղարկեց, որ շրջապատեն նրան և առավոտյան սպանեն։ Սակայն Դավթի կին Մեղքողը նրան հաղորդեց այդ մասին և ասաց. «Եթե այս գիշեր դու քեզ չփրկես, վաղը քեզ պիտի սպանեն»։ 12Եվ Մեղքողը Դավթին ցած իջեցրեց պատուհանից, և նա գնաց, փախավ ու ազատվեց։ 13Եվ Մեղքողը մի արձան վերցրեց, դրեց նրա անկողնու մեջ ու նրա գլխի տակ այծի մազի բարձ դրեց և ծածկոցով ծածկեց այն։ 14Եվ երբ Սավուղը մարդիկ ուղարկեց Դավթին բռնելու համար, նա ասաց. «Հիվանդ է»։ 15Եվ Սավուղը մարդիկ ուղարկեց Դավթին տեսնելու համար և ասաց. «Նրան անկողնով բերե՛ք ինձ մոտ, որ սպանեմ»։ 16Այդ մարդիկ եկան. ահա անկողնու մեջ մի արձան էր դրված, իսկ գլխի տակ՝ այծի մազի բարձ։ 17Եվ Սավուղը Մեղքողին ասաց. «Ինչո՞ւ ինձ այսպես խաբեցիր և իմ թշնամուն բաց թողեցիր, և նա էլ ազատվեց»։ Եվ Մեղքողը Սավուղին ասաց. «Նա ինձ ասաց. “Բա՛ց թող ինձ, ինչո՞ւ քեզ սպանեմ”»։
18Այսպես փախավ Դավիթը և ազատվեց. գնաց Ռամա՝ Սամուելի մոտ, և նրան պատմեց այն ամենը, ինչ Սավուղն արել էր իրեն։ Հետո նա գնաց Սամուելի հետ, և բնակվեցին Նավաթում։ 19Եվ Սավուղին հաղորդեցին ու ասացին. «Ահա Դավիթը Նավաթում է՝ Ռամայում»։ 20Սավուղն այդ ժամանակ մարդիկ ուղարկեց, որ բռնեն Դավթին, բայց երբ նրանք տեսան մարգարեություն անող մարգարեների ժողովը և Սամուելին, որ վերակացու էր կանգնած նրանց վրա, Աստծու Հոգին իջավ Սավուղի ուղարկած մարդկանց վրա, և նրանք էլ մարգարեություն արեցին։ 21Եվ երբ հաղորդեցին Սավուղին, նա ուրիշ մարդիկ ուղարկեց, և նրանք էլ մարգարեություն արեցին։ Եվ Սավուղը երրորդ անգամ մարդիկ ուղարկեց, և նրանք էլ մարգարեություն արեցին։ 22Այդ ժամանակ ինքն էլ գնաց Ռամա և հասնելով մինչև Սոկքովի մեծ ջրհորը՝ հարցրեց ու ասաց. «Որտե՞ղ են Սամուելն ու Դավիթը»։ Եվ մեկն ասաց. «Ահա նրանք Ռամայում՝ Նավաթում են»։ 23Նա գնաց Ռամայի Նավաթ, և Աստծու Հոգին իջավ նրա վրա էլ. գնում էր ու մինչև Ռամայի Նավաթ հասնելը մարգարեություն էր անում։ 24Եվ նա էլ հանեց իր հանդերձները, և ինքն էլ էր մարգարեություն անում Սամուելի առջև. և այդ ամբողջ օրն ու ամբողջ գիշերը նա մերկ ընկած էր գետնին, դրա համար էլ ասում են, թե՝ «Սավո՞ւղն էլ է մարգարեների մեջ»։

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

YouVersion uses cookies to personalize your experience. By using our website, you accept our use of cookies as described in our Privacy Policy